Բրյուսելյան խրոնիկա. կյանքի եւ էկրանի տարբերությունը

Բրյուսելյան խրոնիկա. կյանքի եւ էկրանի տարբերությունը

Անցյալ շաբաթ, նոյեմբերի 17-18-ին, Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական խորհրդարանը համատեղ երկօրյա սեմինար էին կազմակերպել “Իրադրությունը Արեւելյան գործընկերության երկրների եւ Ռուսաստանի լրատվամիջոցներում” խորագրով:



Հայաստանից միջոցառման մասնակցության հրավեր էին ստացել չորս անձինք, այդ թվում` ես, ինչի կապակցությամբ էլ անցյալ համարյա ամբողջ շաբաթը, երբ միջազգային հետռուստալիքներով պտտվում էին Բրյուսելում ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով սյուժեները, ինքս Բրյուսելում էի: Կարող եմ վկայել, որ ի հակադրություն հեռուստատեսային ռեպորտաժների Բրյուսելում անցուդարձը նույնքան առօրեական էր, ծանոթ ու հանգիստ, որքան միշտ:



Ինչպես միշտ, տարվա այս եղանակին, երկինքը մոխրագույն էր եւ օրվա կեսը անձրեւում էր, երեկոյան հինգին արդեն կատարելապես մութ էր, մինչեւ կեսգիշեր down-town-ը, հատկապես Grand Place-ի շրջակայքը լեցուն էր այցելուներով, մարդիկ զբոսնում էին, պալատների ու տաճարների ֆոնին սելֆիներ անում, նստում սրճարաններում, չորս կողմը վաֆլու բուրմունք, շոկոլադի կրպակներ, հնչող երաժշտություն… այսինքն Բրյուսելի հին հատվածն այնպիսին էր, ինչպես միշտ:



Սովորական պատկեր էր նաեւ քաղաքի Եվրոպական թաղամասում, որտեղ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կենտրոնական մարմինների նստավայրերն են: Միակ ուշագրավ տարբերությունն այն էր, որ Եվրոպական խորհրդարանի տարբեր մասնաշենքերի դիմաց եւ Շումանի հրապարակում` Եվրոպական հանձնաժողովի, Խորհրդի, EEAS-ի շենքերի մոտակայքում, կանգնած էին կամ ճեմում էին սպառազեն զինվորներ: Զինվորներ էին հերթապահում նաեւ մետրոյի եւ երկաթուղային կայարաններում. ընդամենն այդքանը, դրանից այնկողմ հնարավոր չէր նկատել ոչ մի փոփոխություն, տագնապ կամ լարում` ոչ մարդկանց վարքում, ոչ քաղաքի անցուդարձում:



Բնականաբար, այդպես էլ պետք է լիներ, քանի որ ժամանակակից աշխարհը, մարդուն, քաղաքները այնքան էլ դյուրին չէ իրարանցման մատնել, որքան ահաբեկիչներին է թվում: Բրյուսելում չկար ոչ մի իրարանցում` չնայած հեռուսաէկրաններին պտտվող սյուժեներին եւ ահաբեկչության վտանգի բարձրագույն աստիճանի մասին հայտարարություններին:



Եվրոպական խորհրդարանում նույնպես առօրեական մթնոլորտ էր, պատգամավորները պատրաստվում էին հաջորդ շաբաթ Ստրասբուրգում անցկացվող լիագումար նիստին: Վերջնահաշվում դա էլ պատճառ դարձավ, որ պրն. Էլմար Բրոքի` Եվրոպայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ պայմանավորված հարցազրույցը այդպես էլ չկարողացա վերցնել: Իհարկե, Բրոքի գրասենյակից հավատացրեցին, որ հարցազրույցը միայն հետաձգվում է, կարող ենք այն հեռախոսով անցկացնել կամ հանդիպենք, երբ հաջորդ անգամ Բրյուսելում լինեմ:



Փոխարենը, որքան էլ հավանականությունը փոքր էր, հնարավոր եղավ հանդիպել Գունար Վիգանդին, ով իմ համոզմամբ Եվրամիությունից արեւելք ընկած երկրների հարցերով ամենաազդեցիկ ֆիգուրն է Բրյուսելում: Ոչ միայն ի պաշտոնե, իբրեւ EEAS-ի (Եվրոպայի արտաքին գործառնությունների ծառայության) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն, նաեւ Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի եւ ԵԱՀԿ-ի դիրեկտորիատի երկարամյա եւ անփոփոխ տնօրեն, այլեւ իր ռեալ ներգրավվածությամբ, հեղինակությամբ ու գործընթացների հանդեպ վերահսկողությամբ: Պրն. Վիգանդի հետ հարցազրույցը հաջորդ շաբաթ կտպագրենք:



Վերջապես բուն սեմինարում, քննարկումները Կրեմլի պրոպագանդայի, ԱլԳ երկրների մեդիա միջավայրում առկա միտումերի մասին էին, որոնք մի երկրից մյուսը ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություներ ունեն: Իմ տպավորությամբ ամենից շատ խոսեցին վրացիները, ուկրաինացիները, հայերը, այնպես որ համարյա սեմինարի ավարտին, երբ Կիպրոսից մասնակիցների հետ ծանոթացա, զարմացել էի, թե որքան համեստ մարդիկ ու երկրներ են լինում սեմինարներում, որոնց անգամ ներկայության մասին չես կռահի: Տա աստված, մոտ ապագայում ԱլԳ երկրներում էլ այնքան քիչ խնդիրներ մնան, որ նրանց ներկայացուցիչներն էլ այդքան ելույթների ու հարցադրումների անհրաժեշտություն չտեսնեն:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ