Հրանուշ Հակոբյանը հովանավորում է «Կույս կանանց»

Հրանուշ Հակոբյանը հովանավորում է «Կույս կանանց»

Բանից պարզվում է՝ Հայաստանում իսկապես գոյություն ունի «Կույս կանանց միավորում» ՀԿ։ Մեզ էլ թվում էր՝ կատակ է կամ էլ ՕԵԿ-ի նորաստեղծ «Հայկական վերածնունդի» անդամ հերթական ՀԿ-ներից մեկը։ Նրանք քիչ է՝ գոյություն ունեն, մի հատ էլ ֆեյսբուքյան էջ ունեն եւ ակտիվ գործունեություն են ծավալում, այն էլ ում հովանու ներքո՝ ՀՀ կին նախարարներից մեկի։ Նրանց ֆեյսբուքյան էջում երեկ մի հաղորդագրություն տեսանք, որում բառացիորեն նշված է հետեւյալը.««Կույս կանանց միավորում» ՀԿ-ն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բարձր հովանու ներքո հայտարարում է հայու տեսակին նվիրված բանաստեղծությունների մրցույթ։ Ողջունվում են գենի հարատեւությունը խրախուսող եւ հոգու մաքրությանը նպաստող ստեղծագործությունները։ Կառանձնացվեն ոգեղեն մոտեցումները, որոնք կառաջացնեն միտումներ։ Բանաստեղծությունները կարող եք ուղարկել մեր էջին կամ գրել այս գրառման տակ։ Լավագույնը կարժանանա հատուկ շնորհակալագրի, ինչպես նաեւ յուրահատուկ խրախուսանքի։ Հաղթողին կընտրի «Հայ գենի հաղթանակ» մշակութային կենտրոնի մասնագետների հատուկ հանձնաժողովը։ Արդյունքները կամփոփվեն ս.թ. հոկտեմբերի 16-ին»։



Ի դեպ, գրառման տակ շատերը ծաղրական մեկնաբանություններ էին թողել։ Օրինակ՝ Շուշան Ղազարյան օգտատերը գրել էր. «Վերջնականապես խեղված ազգ․ եթե ապագա մայրերն են արդեն խելքից զրկվել, ուրեմն անդառնալի է փրկությունը... Էս ի՞նչ հիմարություն էր, մեղմ ասած»։ Սրան «Կույս կանանց միավորում» ՀԿ-ն արձագանքել էր միանգամայն լուրջ եւ օպտիմիստական տոնայնությամբ. «Պետք չէ հուսահատվել։



Համատեղ ջանքերով մենք կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ։ Տեսնենք լավը, գնահատենք արժեքները»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ