«Այո» և «Ոչ». Չարենցավանում հարցերը խելացի էին, «սահմանադրական» և «այո»-ին դուրեկան

«Այո» և «Ոչ». Չարենցավանում հարցերը խելացի էին, «սահմանադրական» և «այո»-ին դուրեկան

«Այո»-ն և «Ոչ»-ը այսօր Կոտայքի մարզում էին։ Հարավային խումբը այսօր տեղափոխվել էր հյուսիս-արևելք։ Մենք կարողացանք նրանց հանդիպումներին հետևել Չարենցավանում։ Այստեղ «այո»-էին եկել քարոզելու Չարենցավանի նախկին քաղաքապետ, ներկայում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովասյանը, նախագահի նախկին մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, խմբին վերջերս միացած ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը և խմբի հիմնական անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Վերջինս Չարենցավան ժամանեց ավելի ուշ՝ փոխարինելով Արծվիկ Մինասյանին, ով դրսում տեղի ունեցած հանդիպումից հետո մեկնեց քաղաքից։



Քարոզարշավի մասնակիցները չարենցավանցիների հետ հանդիպեցին երկու ձևաչափով՝ դրսում, քաղաքի մշակույթի տան բակում, ապա տեղափոխվեցին ներս՝ մշակույթի տան դահլիճ, որտեղ տեղի ունեցավ արդեն դահլիճային քննարկում։ Ընդհանուր առմամբ՝ երկու հանդիպումն էլ անցավ զուսպ մթնոլորտում, քանզի այնքան էլ շատ մարդ չկար հավաքված, եղածներն էլ հիմնականում «այո»-ի կողմնակիցներ էին՝ իրենց «այո»-ական հարցերով։ Այստեղ էր քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ, ՀՀԿ-ականներ և դաշնակցականներ։ Բնակչության չեզոք կամ ընդգծված «ոչ»-ական մասը գրեթե բացակայում էր կամ շատ աննշան էր։ Սա նկատեցին նաև «Ոչ»-ի կողմնակիցները՝ Հրանտ Բագրատյանը, Վաղինակ Շուշանյանը, նրանց հետ «ոչ» էին քարոզում նաև Ազատ Արշակյանն ու Թամարա Գևորգյանը։ Եթե դրսի հանդիպման ժամանակ հիմնականում բանավեճ ծավալվեց ՀՅԴ անդամ մի չարենցավանցու՝ Վարդան Մակինյանի և «ոչ»-ական Հրանտ Բագրատյանի միջև, ապա դահլիճում հարցեր ուղղողները հիմնականում «այո»-ականներ էին, որոնց մի մասը քաղաքապետարանի աշխատակիցներ էին կամ ակնհայտ պրոիշխանական դեմքեր, «այո»-ի շտաբի անդամներ։
Սա փաստեց նաև Հրանտ Բագրատյանը, թե «չտեսա՞ք՝ իրենց մարդկանց բերել նստեցրել էին, որ իրենց ուզած հարցերը տային»։



«Այո»-ի ճամբարից Վարդան Այվազյանն այս առումով Hraparak.am-ի հարցին, թե ընդդդիմախոսները դժգոհում են, որ «այո»-ի կողմնակիցներն են հիմնականում այստեղ հավաքված և «այո»-ին միտված հարցեր էին հնչում, ասաց, որ ինքը նման տպավարություն չի ստացել։



«Պարզապես Չարենցավանի հարցադրումները՝ իրենց խորությամբ ցույց տվեցին, որ շատ ավելի քաջատեղյակ են Սահմանադրությունից և շատ ավելի լրջագույն հարցադրումներ են անում։ Եթե ուրիշ տեղերում շատ անգամ սոցիալական բնույթի հարցադրումներն էին շատ լինում, էստեղ քաղաքական համակարգերի իրական դերն ու գաափարական պայքարին միտված հարցեր էին հնչում»,-ասաց նա, ապա հակառակ հարց ուղղեց մեզ. «Ձեր կարծիքով՝ ո՞րն էր, օրինակ, «այո»-ի կողմի հարց, որը՝ «ոչ»-ի։ Հիմա ընկել եք պետական կամ ոչ պետական աշխատող են, ի՞նչ կապ ունի։ Մարդիկ հարց են տալիս քաղաքական համակարգերի կողմ և դեմ արտահայտման ձևերի վերաբերյալ»։
Այվազյանի կարծիքով՝ Չարենցավանը ինտելեկտուալ քաղաք է, բնակչության 38 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, և չարենցավանցին ավելի լավ է պատկերացնում՝ ինչ բան է Սահամանդրությունը։



Հարցին՝ Սահմաանդրության փոփխոության այս նախագիծը նախկին հզոր արդյունաբերական քաղաք համարվող Չարենցավանի համար որևէ խնդիր կլուծի՞, պարոն Այվազյանն ասաց. «Գիտե՞ք ինչ կա, ասել, որ ուղղակիորեն Սահմանադրության ընդունումը էական ազդեցույթւոն կարող է ունենալ էս առումով... սա տնտեսական դոկտրինա չէ, սա, ընդհանրապես, հիմնական օրենք է։ Բայց ես նորից եմ ասում՝ կառավարման համակարգի արդյունավետ կառավարումը և միասնական աշխատելու, հակակշիռների ստեղծումը հնարավորություն է տալու տնտեսական աճի լուրջ ապահովման»։
Իսկ ըստ իրեն՝չարենցավանցիներն ինչպե՞ս են տրամադրված, ավելի շատ «այո՞»-ի, թե՞ «ոչ»-ի կոմղն են, Վարդան Այվազյանն ասաց, որ իր համար դա պարզ կլինի դեկետմբերի 6-ի երեկոյան կողմ, երբ կբացեն քվեատուփերը։



Նշենք, որ դահլիճային հանդիպումը մեկնարկեց պարային կատարումով, ելույթ ունեցան Չարենցավանի Արվեստի դպրոցի պարի խմբի սաները։ Հանդիպման ավարտն էլ հայրենասիրական գեղեցիկ կատարումով «ծաղկացրեց» դպրոցի աշակերտներցի մեկը, որին միացավ նաև «Ոչ»-ի ճամբարից Վաղինակ Շուշանյանը՝ ձայնակցելով երիտասարդին։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ