Ամբողջ էֆեկտն այն է, որ ՀՀԿ-ի ակտիվիստներն են ասում՝ անհանգստացած ենք. Ազատ Արշակյանը՝ Չարենցավանում

Ամբողջ էֆեկտն այն է, որ ՀՀԿ-ի ակտիվիստներն են ասում՝ անհանգստացած ենք. Ազատ Արշակյանը՝ Չարենցավանում

«Այո» և «Ոչ» ռեալիթի շոուի հյուսիսային թևն այսօր Չարենցավանում էր։ «Այո»-ի թևը ներկայացնում էին Չարենցավանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ՀՀԿ-ական կին պատգամավորներից Կարինե Աճեմյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, վերջին երկուսը իրար փոխարինելով էին միանում խմբին, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն ու ՀՀ նախագահի նախկին, մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։ «Ոչ»-ի ճակատից նրանց ընդդիմախոսներն էին նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, Հասարական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Թամարա Գևորգյանն ու հասարակական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։ Սա արդեն 18-րդ օրն է, որ ռեալիթի շոուի մասնակիցները հանդիպումներ են ունենում մարզերում։



Ամփոփելով այս օրերին իրենց հանդիպումները՝ Ազատ Արշակյանը Hraparak.am-ին ասաց, որ ժողովրդի շրջանում ինքն ընկճվածություն է նկատել. «Շատերն են հասկանում, որ իշխանություններն ինչ-որ մախինացիա են անում, հասկանում են, որ ինչ-որ բան կա մտքներին, դա շատ հետաքրքիր է։ Անվստահություն կա իշխանության կամպանիայի նկատմամբ։ Իսկ «այո» է, թե «ոչ» է, դա առանձնապես մարդկանց չի հետաքրքրում»։



-Սահմանադրությու՞նն էլ չի հետաքրքրում։



-Սահմանադրությունը նրանք չեն էլ տեսել։ Շատ հետաքրքիր է, որ մեր գնալու օրերին են բաժանում Սահմանադրությունը և բաժանում են մեր ակցիայի տերերը, հեղինակները, այսինքն՝ մենք սա հասարակական կարգով անում ենք։ Պետությունն այս դեպքում չի մասնակցում։



-Այդ դեպքում՝ ինչի՞ շուրջ եք խոսում հանդիպումների ժամանակ։



-Այ սա շատ հետաքրքիր է, շատ հին սովետական ժամանակներում Պաստեռնակի գիրքն էր լույս տեսել արտասահմանում՝ «Доктор Живаго», և ամբողջ Սովետական միությունում արշավ գնաց, Սովետական միությունը քննադատում էր այդ գիրքը և անարգանքի սյունին էր գամում Պաստեռնակին՝ արտասահմանում տպված «Доктор Живаго»-ն գրելու համար, որոնք իրենք ո՛չ տեսել էին, ո՛չ լսել էին, ո՛չ էլ կարդացել էին։ Դա շատ հետաքրքիր աբսուրդներից մեկն է. մարդիկ չեն տեսել, չեն կարդացել, բայց ասում են՝ դա վատ բան է։ Հիմա Սահմանադրությունը բավականին լուրջ փաստաթուղթ է և գրված է շատ խրթին լեզվով, հեղինակները դիտավորյալ խճճել են, բազմիմաստություններ շատ կան...



-Ձեր խոսքն այստեղ ավելի շատ կարծես «այո»-ին էր նպաստում, որ չեն տեսել, չեն կարդացել և ասում են՝ վատն է։ Իսկ երբ տեսնում են՝ կո՞ղմ են լինում, թե՞ էլի դեմ են լինում։



-Չէ, տեսեք՝ ինչ կա։ Իշխանության նկատմամբ կա անվստահություն, այդ իմաստով նրանք դեմ են, «ոչ» են ասում։ Բայց ծանոթանալուց հետո ևս անպայման կասեն «ոչ», որովհետև իսկապես հակաժողովրդավարական է, և մեր գործընկերների մեկնաբանությունները բոլորը դրա մասին են, երբ ասում են, որ բոլոր ընտրություններից հետո առաջանում են հակամարտություններ, հասարակությունը կիսվում է, և այլն։ Այսինքն՝ դա հակաժողովրդավարական է՝ ըստ բովանդակության և ըստ մեկնաբանությունների։ Մտավորականներն անհանգստացած են, նրանք կասեն «ոչ»։



-Իսկ Չարենցավանու՞մ ինչպիսին են Ձեր տպավորություններն այս հարցում։



-Չարենցավանը բավականին ըմբոստ և, այսպես ասենք՝ այլախոհական, ընդդիմադիր քաղաք է հարգելի, հասկանալի պատճառներով. արդյունաբերությունը կազմաքանդված է, աշխատատեղեր չկան, և, ընդհանրապես, որպես արդյունաբերական քաղաք՝ ուներ բարձր ինտելեկտուալ պոտենցիալ, ինժեներատեխնիկական լուրջ կազմով բնակչություն, ու հասկանալի է, որ նրանք ընդհանրապես շատ ընդդիմախոս են։



-Բնակչությունից «այո»-ին ընդդիմացողներ եղա՞ն, կարծես հիմնականում դաշնակցական Վարդան Մակինյանն էր՝ որպես «այո»-ի կողմնակից բնակիչ ակտիվ բանավեճի մեջ Բագրատյանի հետ՝ ընդդեմ «ոչ»-ի։



-Չէ, բոլոր մյուս քաղաքացիները, փաստորեն, «ոչ» էին ասում։ Վարդանը ուզում էր և՛ իր հեղինակությունը չգցեր, չէր ուզում իշխանամետ երևալ, որովհետև Դաշնակցությունը, վերջին հաշվով, վերջին շրջանում ընդդիմախոս էր, շարքերում դեռևս այդ շրջաբերականները չեն իջել, որ արդեն լավն է Հանրապետական կուսակցությունը, դրա համար շարքային դաշնակցականները ասում են ոչ իշխանության միջոցառումներին։ Բայց, եթե մեզ հետ լինում են դաշնակցականներ, կարգապահությունից ելնելով՝ նրանց ներկայությամբ ասում են, որ «դե, եթե ասում են, ուրեմն մենք կողմ ենք։



-Այսինքն՝ մյուս քաղաքացիները դե՞մ էին արտահայտվում։



-Մեր տպավորությամբ՝ այդպես է։ Գուցե պատճառն այն է, որ իրենք գիտեն՝ մենք «ոչ» ենք ասում, դրա՞ համար են մեզ մոտենում։ Շատ հնարավոր է, որ դա էլ է, բայց ամբողջ էֆեկտն այն է, որ ՀՀԿ-ի ակտիվիստներն են ասում՝ անհանգստացած ենք։



-Չարենցավանու՞մ նկատեցիք նման բան, թե՞ առհասարակ։



Չէ, Չարենցավանում էնքան շատ էին «ոչ» ասողները, որ ուղղակի դրա կարիքը չկար։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ