Ինտելեկտուալ Չարենցավանում «ոչ» են ասում, բայց «այո»-ի հարցեր են տալիս

Ինտելեկտուալ Չարենցավանում «ոչ» են ասում, բայց «այո»-ի հարցեր են տալիս

«Այո-ոչ»- ռեալիթի շոուի հարավային խումբը երեկ՝ իր շրջագայությունների 18-րդ օրը, այցելել էր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաք։ Այստեղ «այո» էին եկել քարոզելու Չարենցավանի նախկին քաղաքապետ, ներկայում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, նախագահի մամուլի նախկին խոսնակ Արման Սաղաթելյանը, խմբին վերջերս միացած ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Վերջինս Չարենցավան ժամանեց ավելի ուշ՝ փոխարինելով Արծվիկ Մինասյանին։



Ի տարբերություն Հայաստանի լեռնային մարզերի՝ Կոտայքում հանդիպումները համեմատաբար խաղաղ են անցնում։ Այդպես էր նաեւ Չարենցավանում։ 18 օր շարունակ թեժ բանավեճերի մեջ գտնվող քարոզիչները թերեւս հոգնել էին շոուի պարտադիր մաս կազմող հաճախ ձեւական, երբեմն անկեղծ ու կրքոտ բանավեճերից։ Մյուս կողմից՝ Չարենցավանում նրանց հետ ակտիվ բանավեճի մեջ մտնող էլ գրեթե չկար, միայն ՀՅԴ-ական մի քաղաքացի փորձեց «նեղել» ընդդիմադիր ճամբարից Հրանտ Բագրատյանին, բայց նախկին վարչապետն իր դիրքերում էր։ Առհասարակ, քաղաքի մշակույթի տան բակում անցկացված հանդիպմանը շատ քիչ մարդ էր ներկա, եղածներն էլ հիմնականում քաղաքապետարանի աշխատակիցներ էին՝ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորությամբ։ Այսպիսի հատուկ ընտրված մասնակիցներով հանդիպումներ տեղի են ունենում նաեւ մյուս մարզերում ու համայնքներում, պարզապես լեռնային հատվածներում տեղական ինքնակառավարման մարմինները ոչ միշտ են կարողանում վերահսկել բնակիչներին։ Իսկ մայրաքաղաքին մոտ գտնվող այսպիսի «կուլտուրական» համայնքներում, ինչպիսին Չարենցավանն է, ամեն ինչ անցնում է իշխանությունների ուզածով՝ առանց բուռն վեճերի։ Երբեմնի հզոր արդյունաբերական Չարենցավանն էլ, ինչպես նկատեց քաղաքի նախկին ղեկավար, «այո»-ի ճամբարից Վարդան Այվազյանը, ինտելեկտուալ քաղաք է՝ 38 տոկոս բուհ ավարտածներով, եւ այստեղ ներկաների կողմից հնչող հարցերը ոչ թե «այո»-ական էին, այլ պարզապես խելացի եւ Սահմանադրությանը վերաբերող։



Քննարկումները տեղի ունեցան նախ դրսում, ապա մշակույթի տան դահլիճում, որտեղ հանդիպումը մեկնարկեց պարային խմբի ելույթով։ Ավարտն էլ «ծաղկացրեց» մի տղա՝ հայրենասիրական կատարումով, որին ձայնակցեց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։



Այստեղ էր, որ մեծամասամբ «այո»-ական էլեկտորատով հագեցած դահլիճում հենց քաղաքապետարանի աշխատակիցները բուն Սահմանադրությունից բխող «չեզոք» ինտելեկտուալ հարցեր էին տալիս, ինչը շատ դուր եկավ «այո»-ի քարոզիչներին։ Այս ամենը նկատեց նաեւ ընդդիմադիր Հրանտ Բագրատյանը, թե՝ «չտեսա՞ք` իրենց մարդկանց բերել նստեցրել էին, որ իրենց ուզած հարցերը տային»։



Մեզ հետ զրույցում Վարդան Այվազյանը դրան այսպես հակադարձեց. «Ձեր կարծիքով՝ ո՞րն էր, օրինակ, «այո»-ի կողմի հարց, ո՞րը՝ «ոչ»-ի։ Հիմա ընկել եք՝ պետական կամ ոչ պետական աշխատող են, ի՞նչ կապ ունի։ Պարզապես չարենցավանցիների հարցադրումներն իրենց խորությամբ ցույց տվեցին, որ իրենք շատ ավելի քաջատեղյակ են Սահմանադրությունից եւ շատ ավելի լրջագույն հարցադրումներ են անում։ Եթե ուրիշ տեղերում շատ անգամ սոցիալական բնույթի հարցադրումներն էին շատ լինում, էստեղ քաղաքական համակարգերի իրական դերն ու գաղափարական պայքարին միտված հարցեր էին հնչում»։



Ազատ Արշակյանն էլ, մեզ հետ կիսվելով այս օրերի իր տպավորությամբ, ասաց, որ ժողովրդի շրջանում ինքն ընկճվածություն է նկատել. «Շատերն են հասկանում, որ իշխանություններն ինչ-որ մախինացիա են անում, հասկանում են, որ ինչ-որ բան կա մտքներին, դա շատ հետաքրքիր է։ Անվստահություն կա իշխանության կամպանիայի նկատմամբ։ Իսկ «այո» է, թե «ոչ» է, դա առանձնապես մարդկանց չի հետաքրքրում»։



Ինչ վերաբերում է Չարենցավանից ստացած իր տպավորություններին, ապա պարոն Արշակյանն ասաց, որ Չարենցավանը բավականին ըմբոստ եւ, այսպես ասած, այլախոհական, ընդդիմադիր քաղաք է՝ հարգելի, հասկանալի պատճառներով. «Արդյունաբերությունը կազմաքանդված է, աշխատատեղեր չկան, եւ, ընդհանրապես, որպես արդյունաբերական քաղաք, ուներ բարձր ինտելեկտուալ պոտենցիալ, ինժեներատեխնիկական լուրջ կազմով բնակչություն, ու հասկանալի է, որ նրանք, ընդհանրապես, շատ ընդդիմախոս են»։ Այդ ընդդիմախոսությունը, սակայն, քաղաքապետարանը կանխել էր։ Թերեւս դրանում իր դերը խաղաց նաեւ այն, որ հանդիպումը կազմակերպվել էր քաղաքի ծայրամասում, ոչ թե կենտրոնում, որտեղ մարդիկ անհամեմատ ավելի շատ են, ընդդիմադիր հատվածն էլ հենց այդտեղ՝ Չարենցավանի հայտնի Կինոյի տան հարեւանությամբ է հավաքվում։ Մինչդեռ շատերն ուղղակի տեղյակ չէին հանդիպման մասին, տեղեկացվել էին միայն «ինտելեկտուալ» հարցեր տվողները։



Թեպետ Ազատ Արշակյանը վստահ է, որ Չարենցավանում «ոչ» ասողները շատ են։ Իրականում, Չարենցավանն իսկապես ինտելեկտուալ քաղաք է, բարձրագույնավարտների տեսակարար կշիռն այստեղ բավականին մեծ է, եւ նրանցից շատերն են քաջգիտակցում երկրի իրական խնդիրների բուն պատճառն ու դրանց լուծման ճանապարհը, իսկ դա ոչ իշխանական բավականին մեծ զանգված է ստեղծում բնակչության շրջանում։ Եվ եթե կեղծիքներ չլինեն, ապա հավանականությունը մեծ է, որ իշխանությունն այս քաղաքում հաջողություն չի արձանագրի։



Հասարակական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի տպավորությամբ էլ, եթե կեղծիքներ չլինեն, եթե ոչ 70/30, ապա 60/40 հարաբերակցությամբ «ոչ»-ը կհաղթի, եւ Սահմանադրության այս նոր նախագիծը չի անցնի, քանի որ ժողովրդի շրջանում անվստահություն կա իշխանությունների նկատմամբ։ Նա նմանատիպ տպավորություն ունի նաեւ Չարենցավանի մասով։ «Չարենցավանի հետ վաղուց եմ ծանոթ, բազմաթիվ ընկերներ ունեմ, լիքը համախոհներ, գաղափարակից մարդիկ, որոնք, իրականում, չեն վստահում։ Էստեղ էնքան էլ շատ չէին մարդիկ հավաքված, ինչը որ ես պատկերացնում էի, որ Չարենցավանում կլինի։ Դա հենց այն էր, որ տեղական ինքնակառավարման մարմինն էր բերել, ու նաեւ էստեղի պատգամավորն այս նույն քարոզարշավի մեջ էր (նկատի ունի Վարդան Այվազյանին), մարդիկ միգուցե փորձեին հաճոյանալ, բարեհամբույր երեւալ... բայց ես ինքս էլ գիտեմ, որ չարենցավանցիների գրեթե մեծամասնությունը նույնպես չի ընդունում այս կառավարման համակարգը եւ չի ուզում, որ սրանք նորից վերարտադրվեն։ Երբ որ շատերի հետ խոսում ես թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ անհատական զրույցներում, զգացվում է, որ մարդիկ դժգոհ են եւ «ոչ» են քվեարկելու»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ