Սա բերելու է հերթական հիասթափության. ՔՊ անդամը՝ «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքի մասին

Սա բերելու է հերթական հիասթափության. ՔՊ անդամը՝ «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում չունի այսօր մասնակցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած հանրահավաքին Ազատության հրապարակում։ Այս մասին այսօր Hraparak.am-ին ասաց ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը։



«Մեր համակիրներն ու մեր կուսակիցները ազատ են իրենց որոշման մեջ՝ հանրահավաքին մասնակցության մասով, բայց պաշտոնապես մենք, բնականաբար, բազմիցս ասել ենք, որ չենք մասնակցելու և ասել ենք՝ ինչու։ Եվ մինչ օրս որևէ բան չի փոխվել, այսինքն՝ թե՛ ասելիքը, թե՛ անելիքը հստակ չէ։ Մենք նման գործընթացների մեջ, որտեղ սկիզբ և ավարտ չկա, չենք մտնում, որպեսզի մարդկանց հերթական հիասթափության չտանենք։ Ուստի այսօրվա հանրահավաքին մեր քաղաքական մասնակցության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ թեկուզ չկիսելով իրենց ընդդիմադիր գործընկերների գործելաոճը՝ իրենց համար յուրաքանչյուր օրենքի խախտում և մասնակիցների իրավունքների ոտնահարում իրենց կողմից համապատասխան արձագանքի կարժանանա։



-Այսինքն, ըստ Ձեզ, այս հանրահավաքի արդյունքում նու՞յնպես հիասթափություն կլինի, Դուք կարծում եք՝ այն դրական ավարտ չի՞ ունենա, և մասնակիցների նպատակները կրկին չե՞ն իրականանա։



-Անկեղծ ասած՝ որևիցե նոր բան, որևիցե նոր առաջարկ՝ ՀՀ քաղաքացուն, ես չեմ տեսել, և իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ սա բերելու է հերթական հիասթափության։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր ընդդիմադիր գործընկերները, որոնց մղումները, ըստ իս, շատ ազնիվ են, ինձ այս խոսքերի համար հիասթափեցնեն և ռեալ արդյունքի հասնեն։ Ես շատ ուրախ կլինեմ այդ հարցում։



-Դրանից հետո կփորձե՞ք միանալ նրանց և կիսեք դափնիները։



-Գիտե՞ք ինչ, դափնիները կիսելու և միանալու մասին՝ անկախ նրանից, թե ինչով կավարտվի գործընթացը, կարող էր խոսք լինել միայն այն դեպքում, երբ որ կա կոնկրետ առաջարկ, կա կոնկրետ անելիք, սկիզբ և ավարտ։ Մենք բազմիցս ասել ենք, նորից եմ ասում, որ կոնկրետ Հիմնադիր խորհրդարանի կամ կոնկրետ «Նոր Հայաստանի» պարագայում որևէ առաջարկ չկա ՀՀ քաղաքացուն։ Առաջարկը հետևյալն է՝ գնանք իշխանափոխություն անենք, ձեզ հետ ուտելիք կբերեք, տաք շոր կբերեք և այլն։ Բացի այդ՝ շատ հաճախ ասել եմ այս մասին, որ խոսքը ընդդիմության լեգիտիմության մասին է, թե որքանով են իրենց քայլերը, իրենց գործողությունները բխում օրենքի և լեգիտիմության տառից։



-Իշխանությունները կարծես նորից իրենց «ավանդական» մեթոդներն են գործի դրել, արգելել են մարզային տրանսպորտի աշխատանքը դեպի Երևան, հնարավոր է՝ նորից բռնություններ, ճնշումներ կիրառվեն։ Այս ամենի պարագայում դուք հնարավո՞ր է, եթե վիճակը շատ սրանա, այդուհանդերձ միանաք ձեր ընդդիմադիր գործընկերներին և սատար կանգնեք նրանց՝ անկախ գաղափարական տարաձայնություններից։



-Անկախ նրանից՝ ընդդիմություն է, հասարակ քաղաքացի է, նույնիսկ եթե ՀՀԿ անդամ է, եթե խախտվում են մարդու իրավունքները, բնականաբար, մենք մեր չափով մեր մասնակցությունն ունեցել ենք և ունենալու ենք։ Որևէ մեկը ՀՀ-ում չի կարող նշել, որ թե՛ մեր համախոհները, թե՛ ՔՊ վարչության անդամները որևիցե գործընթացից վախեցել են, իրենց զերծ են պահել և այլն։



-Դուք կոչ անու՞մ եք ՀՀ քաղաքացիներին՝ դեկտեմբերի 6-ին գնալ և «ոչ» քվեարկել, թե՞ կոչ եք անում չմասնակցել։



-Մենք կոչ կանենք միայն այն ժամանակ, երբ որ պատրաստ կլինենք դրա պատասխանատվությունը մեզ վրա վերցնել։ Մենք կոչ ենք անելու մարդկանց իշխանափոխության գնալու միայն մեկ անգամ, երբ որ վստահ ենք լինելու, որ 15 կամ 20 օր հետո դա կիրականանա։



-Այսօր, ամեն դեպքում, օրակարգում դրված է այդ հարցը, և դեկտեմբերի 6-ին հանրաքվե է տեղի ունենալու հենց այդ հարցով։ Հիմա ձեր կարծիքով՝ ՀՀ քաղաքացիները պետք է «ո՞չ» քվեարկեն, թե՞ «այո»։



-Մենք որևիցե կոչով հանդես չենք գալիս, մենք ասում ենք մեր կարծիքը, ես՝ անձամբ, «դեմ» եմ քվերկելու...



-Այսինքն՝ «ո՞չ»։



-Դե՛մ եմ քվերակելու, դա շատ կարևոր է, և մենք մեր կուսակցությամբ ողջունում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր «դեմ» կքվեարկեն։



-Ո՞րն է «ոչ»-ի և «դեմ»-ի տարբերությունը։



-Մենք ուղղակի «դեմ» ենք քվեարկելու, որովհետև «ոչ»-ը քաղաքական գործընթաց է, քաղաքական հոսք է, որը կոնկրետ կուսակցությունների կողմից է բարձրաձայնված, դա քաղաքական է, մենք «դեմ» ենք քվեարկելու։



-Դեմ ասելով՝ նկատի ունեք քվեաթերթիկում «պտիչկան» դնելու եք «ոչ»-ի՞ վանդակում, այսինքն՝ «այո»-ից և «ոչ»-ից «ո՞չ»-ն եք ընտրելու։



-Այո, «դեմ» ենք քվեարկելու։



-Այսինքն՝ Ձեր քվեաթերթիկը ոչ թե «կփչանա», այլ կհամարվի +1 «ոչ» ձա՞յն, այդպե՞ս հասկանանք։



-Այո, այդպես հասկացեք, եթե Ձեզ էդպես ավելի հարմար է, թող էդպես հնչի, ու ողջունում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր դեմ են քվեարկելու ոչ թե փոփոխություններին, այլ նոր Սահմանադրությունը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ