Գերմանացիները Ferrari 488 GTB-ում 1000 երիվար են «տեղավորել» (լուսանկարներ)

Գերմանացիները Ferrari 488 GTB-ում 1000 երիվար են «տեղավորել» (լուսանկարներ)

Գերմանական xXx Performance թյունինգային ատելյեն իր ճաշակով մշակել է իտալական սպորտային մեքենաներից մեկը՝ Ferrari 488 GTB-ն։ Այն, հիշեցնենք, այս տարի փոխարինել եկավ հանրահայտ Ferrari 458 Italia-ին և արդեն ոչ թե մթնոլորտային, այլ տուրբոշարժիչով է սարքավորված։ Գերմանացիների ձեռքի տակով անցած այս «իտալուհին» այժմ զարգացնում է ոչ ավել, ոչ պակաս՝ 1000 ձ/ու հզորություն։ Նորույթը ներկայացվել է Էսսենի թյունինգ-շոուում։ Գերմանացի մասնագետները՝ Բոխում քաղաքից, առաջիններից մեկն էին, որ հանձն առան աշխատել իտալական այս նորաթուխ սպորտկուպեի հետ, որը տակավին վերջերս՝ այս տարվա մարտին է ներկայացվել հանրության դատին։



Գերմանացիներն այս հզորության հասել են եռափուլ մշակման տարբերակով։ Առաջին դեպքում նրանք 488 GTB-ի 3.9 լիտրանոց twin-turbo V8 շարժիչի հզորությունը 670 ձիաուժից հասցրել են 750-ի։ Երկրորդ տարբերակում ավելացրել են ևս 100 ձիաուժ՝ հասցնելով 850 ձ/ու-ի։ Իսկ երրորդ՝ վերջնական տարբերակում գերմանացի մասնագետներին հաջողվել է ստանալ 1000 ձ/ու հզորություն՝ 1250 Նմ պտտող մոմենտով։ Այս ամենով հանդերձ՝ վերամշակված նորույթի դինամիկական տվյալները չեն հրապարակվում։ Նշենք, որ ստանրդարտ տարբերակում Ferrari 488 GTB-ն 0-100 կմ/ժ արագության հասնում է 3 վայրկանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 330 կմ/ժ։



Ուժային հատվածից բացի xXx Performance-ում աշխատել են նաև ավտոմեքենայի արտաքինի վրա։ Մասնավորապես՝ մեքենան ստացել է ընդգրկուն աերոդինամիկ փաթեթ, որը ներառում է կարբոնե սպոյլեր, կարբոնե դիֆուզոր, կողային աերոդինամիկ վրադիրներ՝ նույնպես կարբոնից, ինչպես նաև հետին տեսադաշտի հայելիների կարբոնե կաղապար։ Գերմանական թյունինգավորմամբ իտալական այս սուպերքարը ստացել է նաև 21-դյույմանոց էքսկլյուիզվ անվասկավառակներ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ