Տնտեսվարող սուբյեկտները եւս իրավունք ունեն դիմել ԵՏՄ դատարան՝ ԵՏՄ կառույցի դեմ

Տնտեսվարող սուբյեկտները եւս իրավունք ունեն դիմել ԵՏՄ դատարան՝ ԵՏՄ կառույցի դեմ

Մեր պաշտոնյաների մեջ կան այնպիսիք, ովքեր մամուլի հետ շփվելու, հարցազրույց տալու հարցում ակնհայտ բարդույթներ ունեն։ Դա երեւի նրանից է, որ քիչ են շփվում լրագրողների հետ։ Օրինակ՝ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որը, պարզվում է, «ոտքի վրա» հարցազրույց չի տալիս։ Նրա հետ հարցազրույց անելու համար պետք է անցնել բյուրոկրատական բոլոր ինստանցիաներով՝ լրատվական վարչություն, հատուկ հերթագրում եւ այլն, գնալ իր աշխատասենյակ՝ ոչ ոտքի վրա, թերեւս հարմարավետ բազմոցին թիկնած, «կոմֆորտ» պայմաններում զրուցելու։ Ի դեպ, այսպես նույնիսկ նախարարները չեն վարվում՝ հաճախ հարցազրույցներ տալով անգամ ամենաանհարմար վայրերում։ Բացի այդ, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որի հետ մի միջոցառման շրջանակներում հանդիպելով՝ որոշեցինք առաջին անգամ հարցազրույց անել, ոչ բոլոր հարցերի շուրջ է ցանկանում խոսել, որքան էլ դրանք իր կոմպետենտության շրջանակներում լինեն։ Օրինակ՝ մեզ հետաքրքրում էր փոխնախարարի մասնագիտական կարծիքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ինչը չհաջողվեց իմանալ։ Ի վերջո, մի քանի րոպե տեւած «բանակցություններից» հետո գտանք իրեն «հարմար» թեմա, որի շուրջ համաձայնեց զրուցել արդարադատության նախարարի միջազգային իրավունքի հարցերով տեղակալը՝ ԵՏՄ մաքսային օրենսդրությունը։ 



Քանի որ որոշակի խնդիրներ կան՝ ԵՏՄ անդամ երկրների միջեւ մաքսային օրենքների համապատասխանելիության առումով, ուստի հետաքրքրվեցինք պարոն Քոչարյանից, թե որքանով է հաջող կազմված ԵՏՄ մաքսային օրենսդրությունը, եւ այստեղ արդյոք կա՞ն թերություններ, խնդիրներ։ Մինչ բուն թեմային անցնելը Վիգեն Քոչարյանը որոշեց նախ պատմական ակնարկ անել դրա վերաբերյալ։



«ԵՏՄ օրենսդրությունը դեռեւս կայացող առանձին իրավական համակարգ է, եւ չնայած, որպես այդպիսին, ԵՏՄ-ն գործում է հունվարի 1-ից, արդեն իսկ այդ իրավական համակարգի շրջանակներում առկա են բազմաթիվ, ավելի կոնկրետ՝ 2 հազարից ավելի գործող փաստաթղթեր։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ իրավունք են կազմում նաեւ այն փաստաթղթերը, որոնք ստեղծվել են Մաքսային միության շրջանակներում եւ այլ ինտեգրացիոն կառույցների շրջանակներում, որոնք եղել են մինչեւ ՀՀ-ի՝ դրանց միանալը։



Դրանք նույնպես հանդիսանում են ԵՏՄ գործող իրավունքի բաղադրյալ»,-ասաց նա՝ նշելով, որ մեր առջեւ որոշ առումով բավականին լուրջ խնդիր կա՝ կապված ներպետական օրենսդրության շրջանակներում իրավական նորմերը համապատասխան կերպով տեղայնացնելու հետ։ Դա, ըստ նրա, բավականին ծավալուն եւ լուրջ աշխատանք է, որտեղ կարեւոր խնդիր է նաեւ հանրային իրազեկումը, հատկապես ԵՏՄ-ի հետ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների շրջանում։



- Մինչեւ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցումը այդ օրենսդրությունը մեր մասով արդյոք չպե՞տք է լիարժեք պատրաստ լիներ կամ համապատասխանեցված։ Ինչպե՞ս է կարգը։



- Չէ, դա շարունակական գործընթաց է, խոսքն ինչ-որ կոնկրետ օրենսդրության մասին չէ, այլ գոյություն ունի Եվրասիական տնտեսական միության մասին հիմնադիր պայմանագիր, որտեղ հստակ գրված է, թե այդ միությունը որ ոլորտներում համապատասխան իրավասություն ունի։ Եվ այդ ոլորտները գրեթե ամբողջացնում են մեր ամբողջ տնտեսությունը։ Այդ բոլորի վերաբերյալ ԵՏՄ շրջանակներում կարող են համապատասխան կարգավորումներ ընդունվել, որոնք պետք է նաեւ գործեն ՀՀ տարածքում։ Ներկայում բավականին ակտիվ գործընթացներ են գնում այդ կանոնակարգումները, համաձայնեցնելով յուրաքանչյուր երկրի հետ, մշակելու եւ կյանքի կոչելու։



- Դա բարդ գործընթա՞ց չէ, քանզի արդեն իսկ 5 պետություն են, եւ պետք է այնպես կազմվի, որ մեկը մյուսին չհակասի, իրավական առումով խոչընդոտներ չառաջացնեն միմյանց համար։



- Դե, խնդիրն այն է, որ, այո, համաձայնեցման գործընթաց է գնում, բայց պետք է ասել, որ գոյություն ունեն որոշակի օբյեկտիվ օրինաչափություններ, մասնավորապես՝ անդամ պետությունների տնտեսության, իրավական համակարգերի մոտ լինելն իրար եւ այլն, եւ կարող ենք ասել, որ գործընթացն ընթանում է, եւ առանձնապես սուր հակասություններ, խնդիրներ չեն առաջանում։ Մյուս կարեւոր գործընթացը, որը նախատեսում է համապատասխան համաձայնեցում, դա ԵՏՄ միջազգային պայմանագրերի մշակումն է, որոնք պետք է կնքվեն երրորդ կողմերի հետ։ Մասնավորապես՝ Ազատ առեւտրի մասին պայմանագիր է պատրաստ Վիետնամի հետ, նաեւ քննարկվում է համանման պայմանագրեր կնքել Իսրայելի եւ մեր հարեւան Իրանի հետ։



- Թեպետ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը կասեցվեց, սակայն հիմա նորից նմանատիպ որոշակի գործընթաց է մեկնարկել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հատկապես տնտեսական առումով։ Այստեղ նո՞ւյնպես մաքսային, իրավական փաստաթղթերի համապատասխանեցում է հարկավոր՝ կապված ԵՏՄ-ի հետ մեր տնտեսական համագործակցության հետ։



- Դե, այս հարցում, իրականում, մասնակցելով Եվրոպական միության հետ՝ կարող ենք ասել նորացված համաձայնագրի մշակմանը եւ կնքմանը, մեր խնդիրներից մեկը հենց լինելու է այն, որ ապահովենք, որպեսզի այս նոր պայմանագիրը չհակասի այն պարտավորություններին, որոնք մենք ստանձնել ենք ԵՏՄ-ի շրջանակներում։ Այս իրավիճակում կարեւորն այն է, որ նաեւ մեր եվրոպական գործընկերները լավատեղյակ են այս հանգամանքների մասին, եւ, համապատասխանաբար, նրանք էլ նախապատրաստվում են բանակցություններին՝ հաշվի առնելով այն իրողությունները, որ մենք այսօր ունենք։



- Վերջին հարցը․ ԵՏՄ-ի հետ իրավահարաբերություններում այս պահին որեւէ խնդիր կամ կետեր տեսնո՞ւմ եք, որոնք ենթակա են լուծման, շտկման։



- Պետք է ասեմ, որ իրավաստեղծ եւ նորմաստեղծ գործընթացը ԵՏՄ շրջանակներում բավականին դինամիկ է ընթանում, եւ եղած խնդիրներն աշխատում ենք լուծել քննարկումների, բանակցությունների միջոցով։ Բայց կոնկրետ խնդիրներ դժվար է նշել, որովհետեւ աշխատում ենք բանակցությունների համաձայնեցման փուլում գալ որոշակի փոխզիջումների։ Իսկ ինչ վերաբերում է նրան, ինչ Դուք նկատի ունեք, ապա եթե ինչ-որ սկզբունքային խնդիրներ լինեն՝ կապված պետությունների շահերի, այդ թվում՝ տնտեսական շահերի հետ, ապա դրա համար նաեւ հատուկ կառույց է նախատեսված ԵՏՄ շրջանակներում։ Խոսքը ԵՏՄ դատարանի մասին է, որը հենց իրավասություն ունի պետությունների միջեւ նմանատիպ տարաձայնությունների դեպքում համապատասխան որոշում ընդունել՝ հիմնվելով հիմնադիր պայմանագրի վրա։ Ավելին, նույնիսկ տնտեսվարող սուբյեկտները, իրավաբանական անձինք իրավունք ունեն դիմել այդ դատարան՝ ԵՏՄ կառույցի դեմ, առանձին ԵՏՄ անդամ պետությունների դեմ։



ՀԳ. Այս թեմայով ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանն էլ մեզ ասաց, որ ներկայում կան ԵՏՄ մաքսային օրենսգիրք եւ որոշումներ, որոնք կարգավորում են մաքսային հարաբերությունները։ «Այն բոլոր երկրների համար ընդունվել է, եւ բոլոր երկրները, դրան համապատասխան, տեղայնացրել են իրենց օրենսդրությունները։ Սակայն ներկայում մշակվում է Մաքսային օրենսգրքի նոր նախագիծ, դրա շուրջ է, որ բանակցություններ են ընթանում»։ Նոր նախագծով, ըստ փոխնախարարի, ավելի առաջադեմ մոտեցումներ են նախատեսվում մաքսային բնագավառում, որը կնպաստի այդ ոլորտի զարգացմանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ