Ոստիկանությունը 1 միլիոն դրամի «02» է գնել

Ոստիկանությունը 1 միլիոն դրամի «02» է գնել

Կառավարության կայքից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանությունը մեկ անձից կատարվող գնում է կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին պայմանագիր կնքելով «02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ի հետ։ Համաձայն այդ պայմանագրի՝ տվյալ փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր շաբաթ իրականացնել շաբաթաթերթի մեկական օրինակի առաքում ոստիկանության 62 տարածքային անձնագրային ծառայություններ եւ 68 օրինակ՝ անձնագրային եւ վիզաների վարչություն։ Ընդհանուր թվով՝ 6 հազար 750 օրինակ, որի համար ՀՀ ոստիկանությունն իր ենթակայության տակ գտնվող «02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ին պետբյուջեից վճարել է շուրջ մեկ միլիոն դրամ՝ 945 հազար դրամ գումար։ Նշենք, որ «02 շաբաթաթերթ» ՓԲԸ-ի բաժնետերը կառավարությունն է, իսկ լիազորը՝ ոստիկանությունը։ Փաստորեն, ոստիկանությունն ինքն իրենից սեփական «արտադրության» շաբաթաթերթ է գնում։ 



ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ ասաց, որ դա գնվել է արտաբյուջետային հաշվից, ոստիկանության կոնկրետ ստորաբաժանման ծառայողների համար։ Ըստ նրա՝ արտաբյուջե ունեն ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները՝ Ճանապարհային ոստիկանությունը, պետական պահպանության վարչությունն ու անձնագրերի եւ վիզաների վարչությունը։ Հենց այս վերջինի համար էլ կատարվել է գնումը։ Ահարոնյանն ասաց նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, նախորդ տարիներին էլ է նման գնում կատարվել՝ տարեկան բաժանորդագրությամբ։ Հարցրինք՝ այսինքն այս 6 հազար 750 օրինակը մի ամբողջ տարվա՞ համար է։



Ահարոնյանն ասաց. «Հա, բնականաբար»։ Նկատենք, սակայն, որ պայմանագրում ցուցադրված աղյուսակում միայն այս տարվա վերջին երկու ամիսներն են նշված՝ նոյեմբերն ու դեկտեմբերը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ