Ազատության հրապարակը պետք է բազմացնել եւ տեղափոխել այլ բնակավայրեր

Ազատության հրապարակը պետք է բազմացնել եւ տեղափոխել այլ բնակավայրեր

Երեկ լուրեր էին տարածվել, թե Զարուհի Փոստանջյանը չի մասնակցել դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքին, եւ շատերը հեռուն գնացող հետեւություններ էին արել, թե նոր կոնֆլիկտ է հասունանում «Ժառանգությունում»։ Երեկ նրան հանդիպեցինք Ազատության հրապարակում՝ թերեւս եկել էր ցրելու տարածված կասկածները։ Մեզ հետ զրույցում Զարուհին ասաց, որ նախօրեին եւս մասնակցել է հանրահավաքին՝ այնտեղ է եղել իր դուստրերի հետ, եւ զարմացավ, թե ինչպես է պատահել, որ իրեն չեն նկատել։ Պարզապես հարթակում չի եղել եւ ելույթ չի ունեցել։



Երեկվա հանրահավաքին եւս նա ներկա էր իր երկու դուստրերի հետ, սակայն կրկին հարթակի վրա չէր, ոչ էլ ամբիոնի մոտ։ Իսկ թե ինչու ելույթ չի ունեցել, տիկին Փոստանջյանն ասաց. «Որովհետեւ ասելիքը պարզ էր, բոլորն այդ մասին խոսում են, եւ չեմ կարծում, որ անհրաժեշտություն կար իմ ելույթի»։



- Համաձայնեցվա՞ծ էր դա Ձեր թիմի հետ, թե ով պետք է ելույթ ունենա, ինչ ծրագրով, ինչպես։



- Չէ, խնդիր չկա որեւիցե բան համաձայնեցնելու։ Ես այս հանրահավաքին մասնակցում եմ որպես ՀՀ քաղաքացի եւ նորից եմ շեշտում, պնդում, որ բոլոր հարթակները պետք է հասանելի լինեն ՀՀ քաղաքացիներին, եւ Ազատության հրապարակը պետք է բազմացնել եւ տեղափոխել այլ բնակավայրեր, որպեսզի այլ բնակավայրերում նույնպես հիմնադրվեն Ազատության հրապարակներ։



- Դուք նախորդ քառօրյայի ընթացքում ԱԺ ամբիոնից կոչեր էիք հնչեցնում, որ դեկտեմբերի 1-ին գան հրապարակ, եւ եթե հարկ լինի, նույնիսկ մի քանի օր ցրտին գիշերեն դրսում, միայն թե հաղթանակի հասնենք։



- Այո, այդպես էլ կա, ես մնացել եմ, ցրտին էլ եմ դիմացել, ես վաղը համապարփակ մամուլի ասուլիսով եմ հանդես գալու, եւ դուք կտեսնեք իմ հիմնավորումները։



- Պարզապես տպավորություն էր, որ դա ավելի շատ առաջնորդողի, հարթակում գտնվողի կոչ էր։



- Դուք շատ սխալվում եք, որ այդպես եք մեկնաբանում, որովհետեւ ոչ թե հարթակը պետք է առաջնորդի, այլ յուրաքանչյուր մարդ պետք է լինի առաջնորդողի դերում։ Եվ հարթակները պետք է ոչ թե առաջնորդվեն այս կամ այն քաղաքական ուժի կողմից, այլ պետք է ժողովուրդն առաջնորդի։ Եվ, տվյալ պարագայում, հատկապես երիտասարդությունը պետք է գրավի հարթակները։ Իմ խնդիրը դա է, որպեսզի համազգային հավաք լինի, պետք է նաեւ համազգային միջոցառումներ տեղի ունենան բոլոր հարթակներում։ Միայն այս հարթակը, ինչպես ցույց տվեցին նաեւ երեկվա իրադարձությունները, որ քաղաքացիներին թույլ չէին տալիս գալ Երեւան, ցույց է տալիս, եւս մեկ անգամ հիմնավորում է, որ Ազատության հրապարակից մեկնարկած այս երթը՝ դեպի մեր իրավունքների իրացում, պետք է նաեւ բազմացվի եւ տեղափոխվի այլ հրապարակներ։



- Շատ լավ, իսկ դեկտեմբերի 1-ի հանրահավաքն ինչպե՞ս եք գնահատում՝ ելույթները, երթը, «Ժառանգության» առաջնորդի կողմից ՀՀԿ գրասենյակին ծաղիկներ «նվիրելու» փորձը...



- Դրական եմ գնահատում։



- Ընդդիմության դաշտում գտնվող ուժերից ոչ բոլորն են այսօր այստեղ եւ միասնական, այս մասին ի՞նչ կասեք։



- Այսօր ողջ հայ ժողովուրդն ընդդիմություն է։ Նրան միայն պակասում է գրավել Ազատության հրապարակները եւ հարթակները եւ հիմնադրել իրենց ինքնակառավարումը. այս խնդիրն է։



- Ժողովրդի շատ փոքր հատվածն է, սակայն, այստեղ։



- Հենց դա եմ ասում՝ պետք է լինի համատարած բոլոր հրապարակների եւ հարթակների գրավում երիտասարդների կողմից։



- Ինչպե՞ս եք անելու դա։



- Ես վաղը մամուլի ասուլիսով եմ հանդես գալու, որտեղ կնշեմ, թե որոնք են լինելու այդ քայլերը։



- Համագործակցություն կամ բանակցություններ կա՞ն մյուս քաղաքական ուժերի հետ, որպեսզի նրանք եւս միանան ձեզ։



- Դուք սխալ հարցադրում եք կատարում՝ «եւս այստեղ միանալ ձեզ» չէ։ Նորից եմ կրկնում՝ Ազատության հրապարակը պետք է բազմացնել Հայաստանի Հանրապետության տարածքով, բոլոր հրապարակները պետք է դառնան Ազատության հրապարակներ, եւ բոլոր հարթակները պետք է գրավվեն հատկապես երիտասարդների կողմից։



- Այդուհանդերձ, որոշակի անհստակություն է նկատվում քայլերի հաջորդականության եւ մեխանիզմների մեջ, հիմա ձեր կողմից կա՞ հստակ պլան մշակված։



- Վաղը ես մամուլի ասուլիսով եմ հանդես գալու, որտեղ կհրապարակեմ իմ մոտեցումները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ