Մրգաշատի գյուղապետ. «Էս տարի խաղողները սաղ մթերվավ, ասֆալտ ա արվում ամբողջ տարածքը... սաղ էլ կողմնակից են «այո»-ին»

Մրգաշատի գյուղապետ. «Էս տարի խաղողները սաղ մթերվավ, ասֆալտ ա արվում ամբողջ տարածքը... սաղ էլ կողմնակից են «այո»-ին»

Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում, որտեղ «Այո»-«Ոչ» ռեալիթի շոուն անցավ բավականին թեժ, ընդդիմական մթնոլորտում, ժողովուրդը, կարծես թե, դեպի սահմանադրական փոփոխություններն է տրամադրված։ Պատճառը շատ պարզ է՝ այս տարի գյուղի համար ահագին բան է արվել, ինչու՞ պետք է դեմ լինեն, որ։
«Ժողովրդի մի մասը լավ ա տրամադրված, մի մասը կա, որ լավ չի»,-Hraparak.am-ին ասաց Մրգաշատի գյուղապետ, ՀՀԿ-ական Գևորգ Դանիելյանը։



-Կարծեմ ձեր գյուղում էր, որ «Այո-Ոչ» քարոզարշավը բավականին բուռն քննարկումներով անցավ, ընդդիմացողները շատ եղան։



-Այ ախպեր, ո՞վ ա ասում, իրանք եկան իրար խետ կռվան, գացին, ո՞վ թողեց գեղից մարդ խոսի, որ...



-Ի՞նչ սպասելիքներ ունեք ձեր համայնքիցմ «այո՞»-ն կգերակշռի այդտեղ, թե՞ «ոչ»-ը։



-Չէ, սաղ «այո» կլինի, ախպեր, ըտենց չի, որ մեր ժողովուրդը էդքան դեմ ա, որովհետև էս տարի մեր գյուղի համար ահագին գործեր ա եղել, սաղ էլ «այո»-ի կողմն են։



-Փաստորեն, գործեր են արել, դրա՞ համար «այո» կքվեարկեն։



-Հա դե բա գործերն արել են, խաղողները սաղ մթերվավ, ասֆալտ ա արվում ամբողջ տարածքը... սաղ էլ կողմնակից են «այո»-ին։



-Ձեր կարծիքով՝ Սահմանադրությունը ասֆալտի հետ կապ ունի՞։



-Ախպեր, ես չեմ գիդեր, ժողովուրդը լավ ա տրամադրված, ախպերս, հիմի ես ի՞նչ ասեմ, ինչի՞ համար են լավ տրամադրված։ Սահմանադրությունն էլ, ով որ կարդացել ա, ասում ա՝ շատ լավ բաներ կա մեջը գրած։



-Դուք կարդացե՞լ եք։



-Ես էլ եմ կարդացել, ո՞նց չեմ կարդացել։



-Այսինքն՝ սոցիալակա՞ն խնդիրներով է պայմանավորված Սահմանադրությանը լավ կամ վատ վերաբերվելու հարցը։



-Դե, հիմա, ամեն դեպքում, չեմ կարա ասեմ, կարևորը՝ ժողովուրդը լավ ա տրամադրված։



-Իսկ Ձեր վրա հատուկ պարտավորություն կա՞ դրված, որ պարտադիր «այո»-ի բարձր ցուցանիշ ապահովեք գյուղում։



-Ո՞վ ասավ... չէ, այ ցավդ տանեմ, ոչ մի բան չկա տենց։



-Ուղղակի ժողովուրդն ինքն իր կամքով գնալու է և «այո՞» քվեարկի հանուն ասֆալտի ու խաղողի մթերման։



-Հա, էլի, հիմա քվեարկությունները դու ինձնից լավ գիտես, էլի, ոնց ա լինում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ