Ակնկալում ենք բանակցությունների սահուն եւ արագ ընթացք

Ակնկալում ենք բանակցությունների սահուն եւ արագ ընթացք

Թերեւս յուրաքանչյուրը, ով որեւէ իմացություն ունի ԵՄ-ի եւ ԵՄ Արեւելյան գործընկերության մասին, գիտի Գունար Վիգանդի անունը: Նա է եղել ԵՄ գլխավոր բանակցողը Հայաստանի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման բանակցություններում, Ուկրաինայի հետ` Ասոցացման օրակարգի, Ղազախստանի հետ` Ընդլայնված գործընկերության եւ համագործակցության պայմանագրի բանակցություններում, նա է ԵՄ-ի կողմից նախաստորագրել Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրերը ԱլԳ Վիլնյուսի գագաթնաժողովում, շուրջ մեկ տասնամյակ նա է անփոփոխ ղեկավարում Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի տնօրինությունը EEAS-ում (Եվրոպայի արտաքին գործառնությունների ծառայությունում, ավելի վաղ` EC External Relations DG-ում)` մինչ տարբեր եվրոպական հանձնաժողովներ ու հանձնակատարներ գալիս են ու գնում, այժմ նա նաեւ EEAS Եվրոպա/Կենտրոնական Ասիայի փոխտնօրենն է, Հայաստանի պարագային ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի համանախագահը... Միով բանիվ` մի փոքր չափազանցնելով եւ փոփոխելով հայտնի ասույթը, թե «բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ», թվում է՝ Արեւելյան գործընկերությունում «բոլոր թելերը տանում են դեպի Վիգանդ»: 



Այդուհանդերձ, իբրեւ մարդ, Վիգանդն ավելի տպավորիչ է, քան իր զբաղեցրած բոլոր տիտղոսներն ու պաշտոնները` հատկապես իր մտքերով ու գնահատականներով, այդ թվում՝ ԵՄ Արեւելյան գործընկերության՝ իր վերահսկած կատարելապես բյուրոկրատական այն նախաձեռնության առնչությամբ, որը հանկարծ դարձավ սառը պատերազմի ավարտից, եթե ոչ` ընդհանրապես Երկրորդ աշխարհամարտից ի վեր ամենաազդու պատմություն կերտող գործոնը Եվրոպայում: Վիգանդի մի գնահատականը՝ ԱլԳ ժողովուրդների եվրոպական ձգտումներին եւ մոտիվացիային, ես հիշում եմ անգիր, թեեւ լսել եմ երկու տարի առաջ, Բրյուսելում, մի սեմինարում: Ցավոք, միտքը չեմ կարող մեջբերել, քանի որ off-record է ասվել, բայց հավատացնում եմ, որ դա ամենախորը դիտարկումն է ԱլԳ ժողովուրդների ձգտումների մասին, որ երբեւէ լսել եմ:



Դժբախտաբար, ինքս չկարողացա պրն. Վիգանդին հարցնել ավելի լայն ԱլԳ քաղաքականության, Ռուսաստանի մասին: Ինչպես իր օգնականն է ասում` Վիգանդի գրաֆիկն առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 9-ը փակ է համարյա ամեն օր, հետեւաբար, արդեն անհավատալի էր, որ մեկ-երկու օրում, չասելու համար` ընդհանրապես մի քանի ժամում, հնարավոր եղավ ինձ համար հարցազրույցը կազմակերպել: Ելնելով ժամանակի սղությունից՝ խոսակցությունը վերաբերեց միայն Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ նոր, համընդգրկուն (overarching) համաձայնագրին, որի շուրջ բանակցությունները կողմերը պատրաստվում են սկսել:



- Պրն. Վիգանդ, թույլ տվեք նախ անկեղծորեն շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Ես պատկերացնում եմ՝ որքան խիտ է Ձեր գրաֆիկը, որքան դժվար է այդտեղ որեւէ հարցազրույցի համար ժամանակ գտնել, հետեւաբար, շնորհակալ եմ Ձեզ անձամբ, որ հնարավորություն գտաք: Եվ, անցնելով իմ առաջին հարցին, որը կարող էր լինել միայն մեկը, ԵՄ-Հայաստան նոր, համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները ե՞րբ վերջապես կմեկնարկեն:



- Բանակցությունները կմեկնարկեն շատ շուտով: Ակնկալում ենք, որ դա կլինի դեկտեմբերի 7-ին: Արտգործնախարար Նալբանդյանը կժամանի այստեղ` Բրյուսել, այստեղ կլինի նաեւ ԵՄ Բարձր ներկայացուցիչ եւ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, եւ նրանք համատեղ մեկնարկ կտան բանակցային գործընթացին:



Բանակցող թիմերը նույնպես այստեղ են լինելու, եւ բացման արարողությունից հետո ակնկալում ենք, որ կմեկնարկեն բուն բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, այս առաջին փուլը կտեւի երկու օր: Մեր բանակցող թիմերը միմյանց բավական լավ ճանաչում են, նրանք միասին աշխատել են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վրա, հետեւաբար, հույս ունենք դեկտեմբերի սկզբներին հաջողությամբ անցկացնել բանակցությունների առաջին փուլը:



- Շնորհակալություն, հաճելի է դա լսել: Ես հիշում եմ՝ այս տարի ավելի վաղ Երեւան կատարած իր այցի ընթացքում հանձնակատար Հաննը հայտարարեց, որ նոր, համընդգրկուն ու համապարփակ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կբանակցվի ընթացիկ տարում: Այդուհանդերձ, տարեվերջին բանակցությունները միայն սկսվում են: Իմ իմացությամբ, մինչ այս մեկ այլ գործընթաց էր ընթանում, որը կոչվում էր «համատեղ վերնայում» (joint scoping exercise): Կարո՞ղ եմ հարցնել, թե որքանով էր էական այդ գործընթացը, եւ որքանով այն կարող է օգնել բուն բանակցություններին:



- Իհարկե, համատեղ վերանայման գործընթացը կարեւոր նախապատրաստական փուլ էր Հայաստանի հետ բանակցությունների համար: Գիտեք, մենք ավելի քան երեք տարի բանակցել էինք ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ DCFTA-ն (Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնությունը), որը վերջնահաշվում չնախաստորագրվեց, որովհետեւ Հայաստանը նախընտրեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Այդ որոշման արդյունքում բանակցված փաստաթղթի որոշ սեգմենտներ կիրառելի չեն լինի ապագա ԵՄ-Հայաստան հարաբերությունների կոնտեքստում:



Այժմ մենք ի՞նչ արեցինք այդ «համատեղ վերնայման» ընթացքում: Մենք միասնաբար վերաքննեցինք բանակցված Ասոցացման համաձայնագրի բոլոր չորս հիմնական հատվածները, որոնք վերաբերում են համապատասխանաբար քաղաքական երկխոսությանը եւ բարեփոխումներին, ներքին եւ արդարադատության հարցերին, առեւտրին եւ ներդրումներին, ոլորտային համագործակցությանը եւ ջանացինք հստակեցնել, թե դրանց որ դրույթները կարող են պահպանվել նոր համաձայնագրում, որտեղ փոփոխություններ կպահանջվեն, եւ, վերջապես, ինչը պետք է ջնջվի:



Այնպես որ՝ «համատեղ վերանայումը» բավականին ծավալուն աշխատանք էր, եւ դրա բարեհաջող իրականացման արդյունքում այժմ մենք որոշակիորեն գիտենք ոլորտներն ու հարցերը, որոնք պետք է բանակցվեն: Հենց այդ իմացության արդյունքում Եվրամիության Նախարարների խորհուրդը հաստատեց բանակցային հրահանգները (negotiating directives) ԵՄ-ի կողմից բանակցողների, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին գործառնությունների ծառայության (EEAS) համար: Այժմ ԵՄ կողմի համար այդ հրահանգները կազմում են այն հենքը, որի հիման վրա մենք լիազորված ենք բանակցել:



Հաշվի առնելով մեր անցած երկարատեւ նախապատրաստական փուլը եւ արդեն մանրազնին վերանայված Ասոցացման համաձայնագրի առկայությունը, ինչպես նաեւ մեր բանակցող թիմերի նախկինում կուտակած համատեղ աշխատանքի փորձառությունը, միմյանց բավականին լավ ճանաչելու հանգամանքը՝ ակնկալում ենք, որ այդ բոլոր գործոնները կնպաստեն բանակցությունների սահուն եւ արագ առաջընթացին: Բայց, այնուամենայնիվ, դա բարդ ձեռնարկում է, որն իրականացնելու համար ժամանակ հարկավոր կլինի:



- Ես, իհարկե, գիտակցում եմ, որ հարցնեմ թե ոչ, միեւնույն է՝ Դուք հազիվ թե բանակցությունների ժամանակացույցի վերաբերյալ որեւէ կարծիք հայտնեք: Այնուամենայնիվ, կարելի՞ է հույս տածել, որ դրանք չեն տեւի այնքան երկար, որքան բուն Ասոցացման համաձայնագրի բանակցությունները:



- Անշուշտ, ես ինքս չեմ կարծում, թե մեկնարկող բանակցությունները կարող են տեւել տարիներ: Ճիշտ եք նաեւ, որ ես ձեռնպահ կմնամ իրական ժամանակացույցի շուրջ ենթադրություններից։ Բայց այսքանը պետք է նկատի ունենալ եւ հիշել, որ հատկապես առեւտրի եւ ներդրումների հատվածն զգալիորեն փոփոխվելու է, եւ դա կպահանջի բավականին ժամանակ ու աշխատանք:



- Պրն. Վիգանդ, ցավալի է, որ Հայաստանը չստորագրեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, այդուհանդերձ, կան երեք ԱլԳ երկրներ, որոնք պայքարեցին այդ փաստաթղթի համար, ստորագրեցին այն եւ այժմ գտնվում են բարեհաջող գործադրման փուլում: Քանի որ EEAS-ում Ձեր տնօրինությունն է հետեւում Ասոցացման համաձայնագրերի կենսագործմանը, կարո՞ղ եմ խնդրել՝ գնահատեք դրանց գործադրման ընթացքը:



- Մենք, իհարկե, մանրամասն դիտարկում, հետեւում ենք Ասոցացման համաձայնագրերի իրականացմանը Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում: Ինչպես հավանաբար գիտեք, այդ համաձայնագրերում, ավելի կոնկրետ` Հավելվածներում, բազմաթիվ վերջնաժամկետներ են սահմանված, որոնցով նախանշվում է ԵՄ ստանդարտներն ու կարգավորումներն ազգային օրենսդրության մեջ ներմուծելու ժամանակացույցը:



Ըստ էության, ազգային օրենսդրությունը ԵՄ չափանիշներին ներդաշնակեցնելու գործընթացը միայն օրենսդրական դաշտի բարեփոխմանը չի վերաբերում, այդ գործընթացը միաժամանակ ծառայում է իբրեւ տնտեսական բարեփոխումների եւ երկրի արդիականացման ուղեգիծ: Երբ ԵՄ կանոններն ու ստանդարտները ներառվում են ազգային օրենսդրությունում, դա ծանոթ միջավայր է ձեւավորում օտարերկրյա ներդրողների եւ առեւտրականների համար` վերջնահաշվում հանգեցնելով երկրի տնտեսության մեջ առեւտրի եւ ռեալ ներդրումների աճի: Մյուս կողմից՝ ԵՄ չափանիշների ու կանոնների հետ համապատասխանեցումը նպաստում է, որ երկրի ներքին շուկայի դերակատարները` տեղական արտադրողները, ծառայություններ մատուցողները, նաեւ առեւտրականները մրցունակ ապրանքներ ու ծառայություններ արտադրեն ոչ միայն ԵՄ շուկայի, այլեւ ներքին սպառման եւ ավելի ծավալուն արտահանման համար:



Վրաստանի դեպքում մենք գոհ ենք նրանից, թե ինչպես է գործընթացը մինչ այժմ առաջանում, երկրում շատ ներդրումներ են կատարվում, ԵՄ-ի հետ փոխադարձ առեւտրում կա աճ, եւ գոհ ենք DCFTA-ի գործադրման արագությունից: Մոլդովայի դեպքում դիտվում է ԵՄ-ի հետ առեւտրի զգալի աճ, բայց ՌԴ-ի կողմից մոլդովական արտադրության ապրանքների վրա դրված ներմուծման սահմանափակումները նույնպես ազդում են ընդհանուր առեւտրային ցուցիչների ու իրադրության վրա: Ուկրաինայի դեպքում գնահատական տրվել չի կարող, քանի որ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությամբ DCFTA-ի գործադրումն սկսվելու է 2016-ի հունվարի 1-ից:



- Շնորհակալություն հարցազրույցի համար եւ, իհարկե, ցանկանանք սահուն ու արագ ընթացք ԵՄ-Հայաստան բանակցություններին եւ DCFTA-ների բարեհաջող գործադրում մյուս երկրներին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



Նյութի անգլերեն բնօրինակը կարող եք կարդալ այստեղ: