Մարմաշենում ՀՀԿ-ն միշտ պարտվել է, այս անգամ էլ ժողովուրդն անտարբեր է

Մարմաշենում ՀՀԿ-ն միշտ պարտվել է, այս անգամ էլ ժողովուրդն անտարբեր է

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում բնակչությունը մշտապես ընտրություններին շատ ակտիվ մասնակցություն է ունեցել, արդյունքում խառը ցուցանիշներ են գրանցվել։ Ուստի կանխատեսել, թե ինչ պատկեր կգրանցվի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներով, դժվար է ասել։



Այս մասին Hraparak.am-ին ասաց 1400 ընտրող ունեցող Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանը։ Վերջինս, ի դեպ, նախկին դաշնակցական է, 2008-ին հեռացվել է ՀՅԴ շարքերից, իսկ արդեն երկու տարի է՝ անդամակցում է ՀՀԿ-ին։ Այս մասին ևս ինքը ասաց։ Ըստ նրա՝ այդ խառը ցուցանիշները երբեք էլ իշխանությունների օգտին չեն եղել, ավելին՝ ՀՀԿ-ն միշտ պարտվել է իրենց մոտ։



«Ես 20-21 տարի է՝ համայնքի ղեկավար եմ աշխատում, երբևիցե մի համապետական ընտրությանը իշխանություններին, ավելի ճիշտ՝ գործող կուսակցություններին չի աջակցվել»,-ասաց նա։ Այսինքն՝ ՀՀԿ-ն միշտ պարտությու՞ն է կրել ձեր գյուղում։ «Պատկերացրեք՝ այո... նու, էսպես բանըմ ըսեմ, էտիկ նաև իմ կուսակցական անցյալի հետ է կապված, ես եղել եմ Դաշնակցության անդամ։ Բայց դե, անկախ էն բանից՝ ինչ է, ինչ չէ, մեր ժղովուրդն ունի իր տեսակետները»,-ասաց նա՝ նշելով, որ այժմ գրանցված է որպես ՀՀԿ անդամ։



-Փաստորեն, ՀՀԿ-ական գյուղապետ եք, բայց ձեր գյուղում ՀՀԿ-ն միշտ ցածր ցուցանիշ է ապահովել, դա ինչո՞վ է բացատրվում։



-Դե, ես ընդամենը երկու տարվա ՀՀԿ անդամ եմ, Դաշնակցությունից հեռացվելուց հետո եմ ՀՀԿ-ին միացել։



-ՀՀԿ-ն Ձեզ վրա որևէ պարտավորություն չի՞ դրել, որ անպայման իր համար բարձր ցուցանիշ ապահովեք։



-Չէ, պատկերացրեք, գիտենալով իմ գյուղը, իմ ժողովրդին, երբևիցե... պատկերացրեք՝ նախկինում էլ նման բաներ չեն եղել։



-Իսկ ավելի շատ ու՞մ են ձայն տալիս ձեզ մոտ, նախորդ ընտրություններում, օրինակ, ձայների մեծ մասը ու՞մ օգտին է եղել։



-Նախորդ ընտրություններին, օրինակ, մասնակցել է 900 մարդ, որից 500-ը Րաֆֆի Հովհաննիսյանին են ձայն տվել, իսկ Սերժ Սարգսյանին՝ 230 մարդ։



-Ու դրանից հետո որևէ «պատժամիջոց» չի՞ կիրառվել Ձեր նկատմամբ։



-Չեմ կարող ասել, որ եղել է, որովհետև նման բան չի եղել, մեր գյուղը աշխատել է նորմալ, պլանները միշտ կատարվել են, ծրագրերը կատարվել են...



-Ձեր կողքի քաղաքում՝ Գյումրիում, ասում են քաղաքապետը պաշտոնից հեռացվեց հենց այդ պատճառով, որ ՀՀԿ-ի համար ցածր ցուցանիշ էր ապահովել։



-Դե, էտիկ արդեն, ոչ թե հեռացվեց, այլ էդ մարդուն խնդիրներ կար, պայման դրեցին, ստիպված դիմում գրեց դուրս եկավ։ Այսինքն՝ ոչ թե էդ քաղաքական համոզմունքների հետ էր կապված դա, այլ իր տղայի կրիմինալ գործունեության հետ։



-Հիմա եթե այս հանրաքվեում «այո»-ին չհաղթի ձեր գյուղում, դա որևէ խնդիր չի՞ առաջացնի Ձեզ համար։



-Էտիկ ոչ տաք է, ոչ էլ պաղ է, ընգեր ջան, էնպես օր... ես չգիտեմ, ես երբևիցե ոչ խոստում եմ որևէ մեկին տալիս, ոչ էլ երդման բան, օր ինձ ասեն, թե գիտես՝ էսպես չէ, էնպես է։



-Լավ, գյուղում այսօր ավելի շատ «այո»-ի՞ կողմն են հակված, թե՞ «ոչ»-ի։



-Գյուղում, գիտե՞ք ինչխ է, եթե ավելի կոնկրետ կուզեք իմանաք՝ մեզ մոտ ժողովուրդը անտարբեր է...



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ