Գյուղերում Սահմանադրությանն «այո» կասեն ասֆալտ անելու «խաթր»

Գյուղերում Սահմանադրությանն «այո» կասեն ասֆալտ անելու «խաթր»

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, դեկտեմբերի 6-ին մարդիկ պետք է Սահմանադրության նոր նախագծին «այո» կամ «ոչ» ասեն։ Դրա համար իշխանությունները նույնիսկ հատուկ տեխնոլոգիայով իրազեկում ապահովեցին ժողովրդի համար, որ ՀՀ բոլոր մարզերի բնակչությունը որքան հնարավոր է խորապես ըմբռնի եւ գիտակցի սահմանադրական փոփոխությունների էությունն ու նպատակը։ Խոսքն «Այո-ոչ» ռեալիթի շոուի մասին է, որն ուղիղ եթերով քննարկումներ ապահովեց մարզային բնակչության համար։ Ինչպես այդ քննարկումները ցույց տվեցին, մարդկանց իրականում ո՛չ հետաքրքրում է Սահմանադրությունը, ո՛չ կարդացել են, ո՛չ էլ խորապես ընկալում են դրա արժեքը։ Նրանց մի բան է հետաքրքրում՝ իրենց սոցիալական խնդիրների լուծումը։ Երեկ մենք զրուցեցինք տարբեր մարզերի մի քանի գյուղապետերի հետ։



Օրինակ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում, ըստ գյուղապետ Գեւորգ Դանիելյանի, մարդիկ նոր Սահմանադրությանը կողմ են շատ պարզ պատճառով՝ այս տարի գյուղի համար ահագին բան է արվել։ «Սաղ «այո» կլինի, ախպեր, ըտենց չի, որ մեր ժողովուրդն էդքան դեմ ա, որովհետեւ էս տարի մեր գյուղի համար ահագին գործեր ա եղել, օրինակ՝ խաղողները սաղ մթերվավ, ասֆալտ ա արվում ամբողջ տարածքը... դրա համար սաղ էլ կողմնակից են «այո»-ին»,- ասաց գյուղապետը։ «Ձեր կարծիքով՝ Սահմանադրությունն ասֆալտի հետ կապ ունի՞»,-հարցրինք գյուղապետին։ «Ախպեր, ես չեմ գիդեր, ժողովուրդը լավ ա տրամադրված, ախպերս, հիմի ես ի՞նչ ասեմ, ինչի՞ համար են լավ տրամադրված։ Սահմանադրությունն էլ, ով որ կարդացել ա, ասում ա՝ շատ լավ բաներ կա մեջը գրած»,-ասաց նա։ Այսինքն՝ ժողովուրդն ինքն իր կամքով գնալու է «այո՞» քվեարկի՝ հանուն ասֆալտի ու խաղողի մթերման։ «Հա, էլի, հիմա քվեարկությունները դու ինձնից լավ գիտես, էլի, ոնց ա լինում»,- անկեղծացավ արմավիրցի գյուղապետը։



Տավուշի մարզի Թեղուտ համայնքում էլ, որը հայտնի է Թեղուտի հանքի շահագործմամբ, մարդկանց մեծ մասը հակված է «այո» ասել նոր Սահմանադրությանը։ Պատճառը կրկին սոցիալական է, ոչ թե սահմանադրական։ Այստեղ մարդիկ աշխատանք ունեն, հետեւաբար, կողմ են այս փոփոխություններին։ Իսկ ով էլ չունի՝ դեմ է։ «Դե, գյուղում աշխատատեղ ունեն մարդիկ, աշխատում են... հիմնականում դրանով է պայմանավորված, որ կողմ են»,-ասաց Թեղուտի գյուղապետ, անկուսակցական Ֆրունզե Նորեկյանը՝ նշելով, որ աշխատատեղը հիմնականում հանքի շահագործումն է ապահովում։ Իսկ ի՞նչ կապ ունի հանքի շահագործումը Սահմանադրության հետ։ Պարզվեց՝ «էնքանով կապ ունի, որ էս պահին աշխատում ա, մարդիկ աշխատատեղ ունեն»։ Ըստ նրա՝ մարդիկ չեն էլ կարդացել նախագիծը, ուղղակի կողմ են, որովհետեւ աշխատանք ունեն։ Իսկ կա՞ն մարդիկ, ովքեր դեմ են։ Գյուղապետն ասաց, որ կան, բայց մի փոքր մասը. «Կարելի ա ասել՝ շատ չնչին մասն ա, որ ընդդիմանում ա... ու էդ դեմ մասն էլ աշխատանք չունեցողներն են»։



Հետաքրքիր պատկեր է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում։ 1400 ընտրող ունեցող Մարմաշենում ՀՀԿ-ն վերջին տարիներին մշտապես պարտություն է կրել, ինչպես նշեց գյուղապետ Աշոտ Եղոյանը, եւ միշտ խառը ցուցանիշներ են գրանցվել։ Օրինակ՝ վերջին նախագահական ընտրություններին գյուղից մասնակցել է 900 մարդ, որից 500-ը Րաֆֆի Հովհաննիսյանին է ձայն տվել, իսկ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ընդամենը 230 ընտրող։ «Դա նաեւ իմ կուսակցական անցյալի հետ է կապված, ես եղել եմ Դաշնակցության անդամ։ Բայց դե, անկախ էն բանից՝ ինչ է, ինչ չէ, մեր ժողովուրդն ունի իր տեսակետները»,-ասաց նա՝ նշելով, որ ՀՅԴ-ից հեռացվել է 2008-ին եւ արդեն երկու տարի է՝ անդամակցում է ՀՀԿ-ին։ Իսկ գյուղում այսօր ավելի շատ «այո՞»-ի կողմն են հակված, թե՞ «ոչ»-ի։ «Գյուղում գիտե՞ք ինչխ է, եթե ավելի կոնկրետ կուզեք իմանաք՝ մեզ մոտ ժողովուրդն անտարբեր է»,-ասաց գյուղապետը, որը մինչեւ պատասխանելը փորձում էր նախ ճշտել՝ մենք ազա՞տ լրատվամիջոց ենք, կհամարձակվե՞նք իր այս «մերկացնող» պատասխաններն ազատ հրապարակել։



Սյունիքի մարզի բավականին խոշոր՝ Բռնակոթ համայնքում, որտեղ ռեալիթի շոուն հանդիպումներ է ունեցել, իշխանությունը մշտապես դժվար հաղթանակ է տարել՝ 51-52 տոկոս ձայներով։ Այդ էր պատճառը, որ անկուսակցական գյուղապետ Ատոմ Առաքելյանը դժվարացավ ասել՝ «այո՞»-ն կհաղթի, թե՞ «ոչ»-ը, քանզի շատ անկանխատեսելի են բռնակոթցիները։ Իրենց գյուղում ճնշումներ ու մարդկանց ամեն գնով համոզելու դեպքերն էլ բացառեց. «Տենց բաներ չկա մեր մոտ ու չի էլ լինում, ինչքան ըտենց անենք, էնքան հակառակը կանեն։ Եթե ասենք՝ «այո» ասեք, կարող ա գնան «ոչ» ասեն»։



Լոռու մարզում էլ, պարզվեց, մարդիկ այդքան էլ միամիտ չեն՝ բառի բուն իմաստով։ Օրինակ՝ փոքրաթիվ բնակչությամբ Շամուտ համայնքում, ըստ ՀՀԿ-ական գյուղապետ Բաղիշ Վանյանի, մարդիկ կարող է մի բան ասեն, գնան մի ուրիշ բան անեն։ Նա նաեւ նշեց, որ շամուտցիները դեռ տատանվում են ու, «երեւակայի, ավելի շատ երեւի «ոչ»-ի կողմը»։ Նա էլ իր հերթին նշեց, որ մարդիկ սոցիալական խնդիրներ ունեն, գյուղի հիմնական խնդիրն էլ ճանապարհն է, որ անբարեկարգ է, իրենց դա է հետաքրքրում, որքան էլ որ Սահմանադրությունը կապ չունենա դրա հետ։



Լոռու մարզի մեկ այլ՝ 5 հազար բնակչություն եւ շուրջ 4 հազար ընտրող ունեցող խոշոր՝ Օձուն համայնքում եւս ռեալիթի շոուն իր «այո»-ն ու «ոչ»-ն է քարոզել։ Բայց, ինչպես անկեղծացավ գյուղապետ Արսեն Տիտանյանը՝ Սահմանադրությունից մարդիկ «էդքան էլ չեն հասկանում, որովհետեւ դա մի քիչ նեղ մասնագիտական ա»։ Իսկ հանուն ինչի՞ են այդ դեպքում գնալու «այո» կամ «ոչ» ասեն։ «Դե, երեւի սոցիալական վիճակից ելնելով՝ դժգոհություններից կամ գոհ լինելուց, էլի, չեմ կարա ասեմ»,-ասաց նա՝ նշելով, որ Սահմանադրությանն այդքան հետեւող, կարդացող չկա. «Չգիտեմ, անձնականացված ինչ-որ բաներ ա, էլի, տեղի ունենում»։ Օձունում այս տարի բավականին մեծ չափով ներդրումներ եղան, ճանապարհները հիմնանորոգվեցին։ Ըստ ՀՀԿ-ական գյուղապետի՝ սա եւս իր ներդրումը կունենա «այո» ասելու հարցում. «Եթե անկեղծ ասեմ՝ պետք ա դա էլ հաշվի առնել, որ էդքան ներդրում արվել ա, ու պիտի նաեւ իշխանությանը կողմ լինեն»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ