Ալիեւի բարդացող կյանքը

Ալիեւի բարդացող կյանքը

Այն բանից հետո, երբ շուրջ տասն օր առաջ թուրք սահմանապահները կործանեցին Թուրքիայի օդային սահմանը խախտած ռուսական ինքնաթիռը, եւ սկսվեց ռուս-թուրքական գզվռտոցը` քաղաքական-դիվանագիտական կատարյալ անլրջությամբ, փոխարենը զվարճալի-ժամանցային չվերջացող դրսեւորումներով, Ադրբեջանի նախագահի համար սկսվեցին անձնական տվայտանքների ժամանակներ:



Նախ դեռ անցյալ շաբաթ օրը Ալիեւն անսպասելի մեկնել էր Բելառուս, ըստ լրատվամիջոցներին հասած տեղեկությունների` իր գործընկեր Լուկաշենկոյի հետ քննարկելու, թե ինչպես կարելի է ռուս-թուրքական հարաբերություններում ծավալվող ճգնաժամը կանխել: Լուկաշենկոն, իհարկե, Ալիեւին աղուհացով էր դիմավորել, հիշել էր, թե ինչպես տարիներ առաջ Ադրբեջանն առանց վարանելու մի քանի հարյուր միլիոն դոլարով սատարել էր Բելառուսին, ակնարկել էր, որ ցանկալի կլիներ մի փոքր էլ այժմ սատարեր, բայց բուն ռուս-թուրքական գզվռտոցի թեմայով, բնականաբար, Ալիեւն ու Լուկաշենկոն ոչ մի լուծում էլ չէին գտել։



Ալիեւի համար կյանքն ավելի բարդացավ, երբ Թուրքիան օրեր առաջ հայտարարեց, թե ակտիվորեն ձեռնամուխ կլինի TANAP ծրագրի իրագործմանը։ Դա հերթական խողովակաշարային ծրագիր է, որը պետք է ադրբեջանական գազ հասցնի Թուրքիա: Դրա մասին մի քանի տարի խոսվում էր, ինչպես ժամանակին «Նաբուկկոյի» մասին, եւ հնարավոր է թեման խոսակցություններով էլ փակվեր, եթե ռուս-թուրքական դիմակայության համատեքստում Թուրքիան չորոշեր, որ ինքն էլ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կդիմի, մասնավորապես, չի գնի ռուսական գազ, փոխարենը TANAP նախագիծն ավարտի կհասցնի եւ Ադրբեջանից գազ կգնի: Ռուսաստանը դժվար թե թուրքական շուկան կորցնելու համար ուրախ լինի եւ հանգիստ հետեւի, թե ինչպես է Ադրբեջանը մի քանի տարվա հեռանկարում TANAP-ով թուրքական շուկան իրենից վերցնում: Այնպես որ, հնարավոր է, TANAP-ն Ադրբեջանին պոտենցիալ կերպով ներքաշի ռուս-թուրքական գզվռտոցի մեջ:



Բայց էլ ավելի հետաքրքիր է այն, թե երեկ ինչ է կատարվել Բաքվում: Այցելությամբ Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել Բաքվում եւ բառացիորեն ասել, որ Թուրքիան կործանել է ռուսական ինքնաթիռը, քանի որ. «Ոչ մեր խիղճը, ոչ պատմությունը, ոչ բարոյականությունը թույլ չէին տա հանդուրժել, որ ինքնաթիռը մեր սահմանը խախտելով անցներ եւ անմեղ մարդկանց ռմբակոծեր»:



Այնուհետեւ. «Նրանք, ովքեր կարծում են, թե տնտեսական պատժամիջոցներով կարող են Թուրքիայի հարգարժան ժողովրդին ծնկի բերել, չարաչար սխալվում են» եւ այլն: Զարմանալին այն է, թե Դավութօղլուն ինչու է այդ հայտարարություններն արել Բաքվում, որ Ադրբեջանին ստիպի դիրքորոշո՞ւմ արտահայտել: Թուրքական մամուլում չկար տեղեկություն, թե ադրբեջանական կողմն ինչպես է արձագանքել Դավութօղլուի հայտարարություններին։



Բայց էլ ավելի հետաքրքիր է, թե ռուս-թուրքական դիմակայությունում Ալիեւն ինչպես պետք է դիրքորոշում որդեգրի: Չէ՞ որ Ադրբեջանը, իբրեւ պետություն, զուտ քաղաքական կազմավորում է, որն էթնիկ ընդհանրություն ունի Թուրքիայի հետ, մշակութապես ձուլված է Ռուսաստանին, կրոնական դաշտում էլ, իբրեւ շիա հանրություն, ստորակայված է Իրանի ազդեցությանը: Այնպես որ, որքան սրվում են Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, այնքան բարդանում է Ալիեւի կյանքը:



Ինչ վերաբերում է բուն ռուս-թուրքական դիմակայությանը, մեկ շաբաթում այն շատ սահուն ու վերջնական վերածվեց Պուտին-Էրդողան միջանձնային բախման, ընդ որում՝ կատարյալ պլեբեյական էությամբ եւ մակարդակի: Պուտինն Էրդողանի ընտանիքին է մեղադրում ISIS-ի հետ առեւտրային կապերի մեջ լինելու համար, Էրդողանն էլ փոխադարձում է, թե «գետինը չե՞ք մտնում…» եւ Ռուսաստանի ու նրա ոչ անհայտ քաղաքացիներին է նույն մեղադրանքները վերագրում: Ռուսական մամուլը, առանց ամաչելու, Էրդողանի տղայի ռեստորանում արված լուսանկարներ է հրապարակում՝ ռեստորանի տերերին իբր ահաբեկիչ ներկայացնելով, առիթ տալով սպասելու, որ շուտով թուրքական կողմից էլ Պուտինի դուստրերի մասին նույնաբովանդակ տեղեկություններ կտարածեն: Պուտինն ու Էրդողանը նույն սանրի կտավ են եւ իրենց դեմագոգիայով, եւ ցուցամոլությամբ, եւ ստախոսությամբ, այնպես որ՝ այդ երկուսի բախումն ուղղակի բալագան է կամ յալանչիություն, որին հետաքրքիր է հետեւել:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ