You Are the Next, Դու հաջորդն ես

You Are the Next, Դու հաջորդն ես

Երեկ ԱՄՆ նախագահը Պենտագոնում հանդիպում էր իր ազգային անվտանգության համարյա ամբողջ թիմի հետ` ISIS-ի շուրջ ռազմավարության հարցով: Հանդիպումից հետո Օբաման հենց Պենտագոնի մամլո-ասուլիսի սրահում հանդես եկավ լրատվամիջոցների համար չափազանց կարճ հայտարարությամբ, որը սակայն հանգամանալից ելույթներից ավելի հիշվող էր; Մանավանդ մի նախադասության պատճառով, “You are the next”, (թարգմանաբար` դու հաջորդն ես): Սա ISIS-ի ողջ մնացած մի քանի ղեկավարներին, գուցե անձամբ Աբու Բաքր ալ Բաղդադիին հասցեագրված այն ուղերձն էր, որով ԱՄՆ նախագահն ավարտեց ISIS-ի ընթացիկ տարում ոչնչացված պարագլուխների անունների թվարկումը: Թվարկումից այն տպավորությունն էր, որ գործնականում ISIS-ի հիերարխիայում ալ-Բաղդադիից ներքեւ կանգնած համարյա բոլոր տեղակալները ոչնչացվել են` ISIS-ի գանձապահից միչեւ ռազմական գլխավոր հրամանատար:



Էլ ավելի ուշագրավ էր Օբամայի պնդումը, որ ISIS-ը ոչ միայն կորցրել է իր վերահսկած տարածքների 40 տոկոսը Իրաքում, համարյա այդքան էլ Սիրիայում, այլեւ ամբողջ տարվա ընթացքում բարիկադավորված մնացել է Ռաքքայում, Մոսուլում եւ մնացյալ խոշոր քաղաքներում` չկարողանալով ծավալել ոչ մի հարձակողական գործողություն: ISIS-ում հրաշալի գիտակցում են, որ եթե իրենց զինյալները քաղաքացիական բնակչության մեջ տարրալուծված վիճակից դուրս գան եւ կուտակվեն մի վայրում` ռազմական գործողությունների անցնելու համար, անմիջապես կվերածվեն տեսանելի թիրախի եւ կոչնչացվեն, պարզաբանեց Օբաման: Օբաման թվարկեց մի շարք ազատագրումներ, որոնցից Քոբանիի եւ Սինջարի ազատագրումը առանցքային էր ISIS-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարում:



Նախագահ Օբաման շնորհակալությամբ հիշատակեց Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ավստրալիային, Իտալիային եւ այլոց, որոնք վերջին ժամանակներում ընդլայնեցին իրենց մասնակցությունը միջազգային կոալիցիայի ռազմարշավին եւ հայտնեց, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ուղեւորվում է Մերձավոր Արեւելք` ռեգիոնալ գործընկերների պայքարն էլ ակտիվացնելու համար: Միաժամանակ պետքարտուղար Քերրին մեկնում է Մոսկվա` Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման (ասել է թե Ասադի` իշխանությունից հեռացնելու) հարցերը քննարկելու համար: Օբաման նաեւ կարեւորեց ԱՄՆ հատուկ ջոկատային ստորաբաժանումների տեղակայումը Սիրիայում եւ Իրաքում, որոնք քրդական, արաբական եւ մյուս ուժերի հետ պետք է հետապնդեն եւ ոչնչացնեն ISIS-ի պարագլուխներին:



Իսկ այն հարցում, թե ISIS-ի դեմ պայքարը երբ ավարտին կհասնի, ԱՄՆ նախագահը որեւէ կանխատեսում չարեց` բավարարվելով դիտարկմամբ, որ ամենքը` ISIS-ի վայրագություններին ենթակա քաղաքացիական բնակչությունից մինեւ Փարիզի ու Սան-Բերնարդինոյի ահաբեկչությունների ականատեսներ ցանկանում են, որ դա շուտ պատահի: Այդուհանդերձ ցանկությունները մի հարց են, հնարավորություններն այլ հարց: Եվ բնական է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Մերձավոր Արեւելքում լայն ներգրավվածություն եւ ներկայություն ունեցող որեւէ այլ տերություն հնարավոր չի համարում ISIS-ի արագ ոչնչացումը: Ինչո՞ւ: Շատ պարզ: ISIS-ը ոչ ահաբեկչական խնդիր է, ոչ էլ ռազմական, ավելի ճիշտ ահաբեկչական եւ ռազմական տեսակետից ISIS-ի չեզոքացումը, ըստ հատուկ ծառայություների եւ զինվորականների, բարդ խնդիր չէ: Բարդը խնդրի աշխարհա-քաղաքական հարթությունն է: Ենթադրենք ISIS-ն էլ ոչնչացվեց, Ասադի ռեժիմն էլ, հետո՞…



Ովքեր են իշխանություն հաստատում Սիրիայում` սուննինե՞րը, թե՞ շիաները: Սա է հարցերի հարցը, գրեթե անլուծելի հարցը:



Եթե թողնես շիաների, այսինքն` Իրանի հեղափոխության պահապանների գնդի, հատկապես դրա Quds Force-ի (գեներալ Քասիմ Սուլեյմանիի) իշխանությունը հաստատվի Սիրիայում, ինչպես այն հաստատվել է Իրաքում, ողջ Մերձավոր Արեւելքը եռացող կաթսա կդառնա, ինչպես Իրաքը կամ Եմենը, որտեղ սուննի մեծամասնությունը ըմբոստանում է շիա ղեկավարության դեմ: Այլեւս չասած, որ Արեւմուտքը իրավամբ Իրանին համարում է ահաբեկչության հիմնական արտահանող եւ հովանավոր աշխարհում, հետեւաբար Իրանի այաթոլաների ու Quds Force-ի ազդեցության տարածումն անհանդուրժելի է: Եթե թողնես սուննիները իշխանություն հաստատեն Սիրիայում` Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ եւ Թուրքիայի ու Քաթարի աջակցությամբ, դա էլ կլինի շարժում “Առաջ դեպի միջնադար” կարգախոսով` տանելով դեպի կրոնական խավարամտություն, պետության դաժանություն, ազգային ու կրոնական փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների ու ալեւիների տեղահանություն:



Երբ Սիրիայի ապագայի շուրջ որոշում գտնվի, ISIS-ի ոչնչացումը տեխնիկական խնդրի կվերածվի: Այնպես որ բոլոր հայացքները նորից վերադառնում են բանակցային գործընթացին, որի հաջորդ փուլը կմեկնարկի Եվրոպայում, դեկտեմբերի 18-ին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ