ՊՆ-ն թող ներողություն խնդրի եւ բացառի նման հայտարարությունները

ՊՆ-ն թող ներողություն խնդրի եւ բացառի նման հայտարարությունները

Ըստ սոցցանցերին հետեւող անձանց (ինքս նրանց թվին չեմ պատկանում), վերջին մի քանի օրերին ՀՀ ՊՆ-ն եւ անձնապես նախարար Օհանյանը` ընտանյոք հանդերձ, քննադատության այնպիսի տարափի ներքո է հայտնվել, որ ներկա պահին գերադասելի պիտի լիներ պաշտպանության նախարարության անունն ավելորդ անգամ չհոլովել, մանավանդ, երբ դրական առումով հոլովելու առիթ չկա:



Սակայն, միեւնույն է, որքան էլ խուսափես, այդ նախարարությունն ուշադրություն կգրավի, կոնկրետ երեկ՝ նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա երեկվա «մտքի թռիչքն» ի զորու է մոռացության մատնել թե Մանվել Գրիգորյանի, թե Սեյրան Սարոյանի, թե այլոց բանահյուսական գոհարները: Հովհաննիսյանը երեկ հայտարարություն է արել, որը շրջանառվել է նաեւ հայաստանյան լրատվամիջոցներում. «Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէ, եւ չի մնացել որեւէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում: Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը եւ չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետեւ հրադադար մենք, ըստ էության, այլեւս չունենք»: Ինչպե՞ս հասկանալ… Արծրուն Հովհաննիսյանն իր անձով փոխարինել է երկրի Ազգային ժողովին եւ պատերա՞զմ է հայտարարում:



Ներողություն… եթե չեմ սխալվում, Աղեհանքի հոգեբուժարանն ահագին մոտ է պաշտպանության նախարարության ներկայիս շենքին, ինքնաբերաբար՝ նաեւ Արծրուն Հովհաննիսյանի աշխատավայրին: Գուցե, ի սեր հասարակության շահերի, ՊՆ-ում իրենց մամլո քարտուղարին մի քանի ժամով պարտականություններից ազատեն եւ գործուղեն ստուգմա՞ն: Հովհաննիսյանի գրառումն ինչո՞վ է տարբերվում հոգեբուժարանների հիվանդների վարքից, երբ մեկն իրեն Բոնապարտ է երեւակայում եւ հրամաններ տալիս, մեկ ուրիշը պատկերացնում է, թե ինքը Կեսար է ու մարտեր է մղում… Արծրուն Հովհաննիսյանին էլ թվում է, թե ինքն իր անձով փոխարինել է Հայաստանի ԱԺ 131 պատգամավորին միաժամանակ եւ կարող է «պատերազմ հայտարարել»:



Պաշտպանության նախարարությունում չկա՞ մեկը, որ ուշքի բերի մամլո քարտուղարին: Եվ բացատրի, որ Հայաստանում «պատերազմ» բառը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ պատերազմ հայտարարելու լիազորված իշխանության մարմինը նման հայտարարություն կընդունի: Պատերազմ հայտարարելու լիազորված է Ազգային ժողովը:



Համաձայն Հայաստանի գործող Սահմանադրության 81-րդ հոդվածի 3-րդ կետի, իսկ դեկտեմբերի 6-ի հանրաքվեում հավանության արժանացած Սահմանադրության նախագծի 118 հոդվածի, Հայաստանում Ազգային ժողովն է ԸՆԴՈՒՆՈՒՄ պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում: Եթե Ազգային ժողովին չի հաջողվում նիստ գումարել, այդ դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծվում է գործող Սահմանադրությամբ` ՀՀ նախագահի, նոր Սահմանադրությամբ` ՀՀ կառավարության կողմից: Ամեն դեպքում, ՀՀ պաշտպանության նախարարությունը ոչ մի լիազորություն եւ առնչություն չունի պատերազմ հայտարարելու հետ, քանի որ դա քաղաքական որոշման հարց է, ոչ թե ռազմական:



Հետեւաբար, ՊՆ-ից ազնիվ կվարվեն, եթե ներողություն խնդրեն Հայաստանի ժողովրդից իրենց մամլո քարտուղարի` ՀՀ ՊՆ լիազորությունների չափը չճանաչելու համար, պատասխանատվության ենթարկեն Արծրուն Հովհաննիսյանին եւ բացառեն այսուհետ ՊՆ աշխատակիցների կողմից նման սադրանքներ տարածելը:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ