Պուտինի 79% ձայնի նկարիչները

Պուտինի 79% ձայնի նկարիչները

Օրերս տարածվել էին WIN-Gallup International կոչվող կառույցի հարցման արդյունքները տարբեր երկրների ղեկավարների միջազգային վարկանիշի մասին: Հայաստանում հարցումն ուշադրություն գրավեց մի անհեթեթ տվյալի պատճառով, համաձայն որի, իբր Հայաստանում ՌԴ նախագահը 79% համակրանք է վայելում: Քանի որ Gallup անուն էին կարդացել, ոմանք էլ սկսեցին 79%-ը վերլուծել ու մեկնաբանել` փոխարեն պարզելու, թե ինչ է WIN-Gallup-ը, եւ Հայաստանից ով է նրանց տվյալներ տվել:



WIN-Gallup-ը ոչ թե սոցիոլոգիական-հետազոտական կառույց է, այլ բիզնես կոնգլոմերացիա, դրան անդամագրված են աշխարհի 60-70 երկրներից տարբեր ՀԿ-ներ, ՀՁ-ներ, ՍՊԸ-ներ` սոցիոլոգիային համարյա չառնչվող, որոնցից մեկն էլ Հայաստանում է: Հայաստանում գտնվող ՍՊԸ-ն կոչվում է MPG (Marketing Professional Group) LLC, գտնվում է Բաղրամյան 2 հասցեում, հիմնադրվել է Ռուսաստանից, ավելի ստույգ` ՌԴ «PR Россия» եւ «Маркетолог» կոչվող կազմակերպությունների աշխատակից-գործընկերների կողմից, որոնք, հասկանալի էլ չէ՝ ՀՀ քաղաքացի՞ են, թե՞ ՌԴ: MPG-ն Հայաստանի հետ այնքան կապ չունի, որ իր կայքում անգամ հայերեն էջ չունի: Հիմնադիրներն են Արամ Նավասարդյան, որն անհայտ կրթությամբ PR-щик եւ մարկետոլոգ է, Նարինե Մելիքյան` դարձյալ անհայտ կրթությամբ անձ է, զբաղվում է կատալոգների կազմմամբ, եւ Դավիթ Դաբաղյան՝ ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը: MPG-ում կա ԵՊՀ կրթությամբ մի անձ` կիրառական մաթեմատիկայի մասնագետ, եւս մի կոոպերատիվ համալսարանական կրթությամբ բնապահպան եւ կրթության մասին տվյալ չնշող մի շինարար: Սոցիոլոգիայի հետ «խիստ կապված» այս մի քանի հոգին էլ եղել են Պուտինի մասին հարցում իրականացնողը: Լավ է՝ 100% գերազանցող արդյունք չեն ստացել:



Լուսինե Պետրոսյան