Տնտեսություն

Պավել Սաֆարյանի մենամարտը կարմիր գորգի վրա

Պավել Սաֆարյանի մենամարտը կարմիր գորգի վրա

Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը կառավարության շենքից դուրս գալուց հազվադեպ է մամուլի կենտրոնի կողքով անցնում։ Բայց այսօր այդ օրն էր։ Նրան տեսնելով՝ լրագրողներն ուրախ կտրեցին ճանապարհը։ Մտածեցինք, իր ոտքով եկավ ու հիմա ինչքան ուզենք, անհարմար հարցեր կտանք։ Բայց ֆինանսների փոխնախարարը հումորային տրամադրություն ուներ և ինտերվյու վերցնելու հավես։ Առաջին իսկ հարցին, թե ինչով է պայմանավորված տնտեսության անկումը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ, հակադարձեց հարցով․«Ես տնտեսական աճի հետ կապված վերլուծություններ չեմ կատարում, էկոնոմիկայի նախարարին հարցրեք։ Մի հարց կարելի՞ է ձեզ տալ։ Ձեզ որևէ մեկից չի՞ հաջողվում հարցազրույց վերցնել»։



Հաջորդ հարցը՝ թե ինչպես եղավ, որ ԿԲ-ն տարին 100 մլրդից ավելի վնասով փակեց, Սաֆարյանը խորհուրդ տվեց քննարկել կենտրոնական բանկի հետ։ Բանն այն է, որ կառավարությունն այսօր որոշում ընդունեց գանձապետական մուրհակով փոխհատուցել ԿԲ 2014 թվականի ՀՀ կենտրոնական բանկի և վերջինիս դուստր ընկերությունների վնասները։ Դրանք 2014-ի արդյունքով կազմել են 106 մլրդ դրամ, իսկ շահույթը կազմել է 31 մլրդ դրամ։



-Վնասները կուտակվել են տարիների ընթացքում, 2000-ական թվականների սկզբից, յուրաքանչյուր տարի իր առանձին մասնագիտական պատճառներն է եղել, ես չեմ կարծում, որ երկու–երեք րոպեում ձեզ բավարարող պատասխան կարող եմ տալ։ ԿԲ օրենքով, եթե եկամուտները կատարված ծախսերին գերազանցում են, ապա տարբերությունը դառնում է պետական բյուջեի շահույթ, և դա եկամուտ է, իսկ երբ եկամուտները չեն փակում սահմանված ծախսերը, ավելի պակաս են լինում, կառավարությունը պարտավոր է այդ տարբերությունն փոխհատուցել։



- 100 մլրդ դրամից ավելի պարտքե՞ր են կուտակվել, - չէր հանգստանում «Ազատության» լրագրողը։



- Ախր, դրանք պարտքեր չեն, վնասներ են, դրանք այնքան տարբեր բաներ են, հիմա էս ձեր կողքի կանգնած կոլեգաները էնքան հիասքանչ հոդվածներ կգրեն այդ ձեր ասած տերմիններով:



Պավել Սաֆարյանը բարկանում էր, փորձեցինք հարթել վիճակը։ 



- Դուք ճիշտ տերմինն ասեք, մենք դա կգրենք, - և Սաֆարյանն անցավ «Հրապարակ»-ին։ 



- Ես ճիշտ տերմինը ասեցի, փոխվեց պարտքով, ես ասեցի, վնաս, ասեց, պարտքեր,Դու՞ք ինչից եք անբավարար։ 



-Ես բավարարված չեմ նրանով, որ Հայաստանում խանութներ են փակվում, ձեռնարկություններ են փակվում։



- Դա հիմա մեր խոսակցության թեմա՞ն է, թ՞ե անելիք չկա, հարց եք տալիս։ Ես այսօր ներկայացրել եմ բյուջեի եռամսյակը, կլինի՞ ինձ հարցնեք բյուջեի եռամսյակային համամասնություններից։ Այսինքն, չլինի այնպես, որ դերձակին հարցնեք վարորդի գործից, վարորդին՝ փականակագործի։



-Պարոն Սաֆարյան, տարվա վերջ է, եռամսյակը ո՞նց ենք փակում։



-Փակում ենք սպասումով։ Տեսնենք, ոնց կլինի։ Մենք սոցիալական ծախսերի առումով որևէ խնդիր չենք ունենա, կունենանք հարկային եկամուտների առումով, մենք կունենանք պետական բյուջեից շեղում, այսինքն, ավելի քիչ կհավաքվի։ Ես այս մասին ասել եմ ամեն ամիս, սկսած մայիս ամսից։



- Կարո՞ղ է սխալ կա հարկային քաղաքականության մեջ։



- ԿԲ-ն վերջացրեցինք, հիմա անցանք հարկային քաղաքականությա՞նը։ Կոնկրետ կարո՞ղ եք հարցը տալ։ Ասում եք՝ կարող է, սխալ կա, կարո՞ղ է, մենք որ ծնվել ենք, ինչ-որ սխալ կա։ Ընդամենը մնացել է մի շաբաթ, բավարարվեք նրանով, որ ես ասեցի, շեղում է լինելու, մի շաբաթը կանցնի, կտեսնենք։



-Հնարավո՞ր է, որ տնտեսական աճն այնպիսին չէ, ինչպես նշվում է, և դա է պատճառը, որ հարկերը չեն կարողանում հավաքել,- պասը վերցրեց «Ազատությունը», հո չե՞նք թողնի, սենց հեշտ գնա ֆինանսական քաղաքականության պատասխանատուն։



- Հարգելի հայրենակիցներ, (Սաֆարյանի խոսքի այս հատվածը տալիս ենք կրճատումով, որովհետև նա հոգնել է նույն բանը կրկնելուց), երեք գործոնից է կապված հարկերի հավաքագրումը՝ տնտեսական աճ, օրենդրություն, վարչարարություն։ Հիմա տնտեսական աճը 4,2 տոկոսի փոխարեն ունենալու ենք 2, 9-3 տոկոս աճ։ Դա հարկերի վրա չի՞ ազդելու։ Բնականաբար, ազդելու է բացասական առումով, մեր ներմուծումները զգալիորեն կրճատվել են, մեր տրանֆերները զգալիորեն կրճատվել են, մեր տնտեսական աճը տեղի է ունեցել գյուղատնտեսության աճի հաշվին, որը հարկունակ ոլորտ չի։ Դուք գիտեք, կամ ուզում եմ, որ իմանաք այսուհետ, որ գյուղատնտեսությունը հարկերից ազատված է, և նրա աճը չի բերում հարկերի համարժեք ավելացման, սա այն պատճառներն են, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք, ես հայտնություն չեմ անում։ 



-Գուցե ձեր երկրում բիզնես շնչառությու՞նն է վատը, «Հրապարակի» այս հարցը դուր չեկավ Սաֆարյանին։



-Վաղու՞ց է այս երկիրը ձեզ համար ուրիշ երկիր դարձել։ Վերջերս շատ են սխալվում, այդ հողի վրա, կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ։



-Որովհետև մարդիկ իրենց երկրի տերը իրենց չեն զգում, երևի, դրանից է։ Ձեր հարցազույցներում և այն, ինչ մենք փողոցում տեսնում ենք, մեզ բիզնեսմենները առանց անուն նշելու ասում են, լրիվ տարբեր երկիրներ են, տարբեր իրականություններ։



-Օրինակ, ես ի՞նչ ասեցի, որ դրսի իրականությանը հակասում է։ Ասենք, դուրս եկաք, տեսաք, որ գյուղացիությունը հարկունա՞կ է։



-Գործարարները ասում են, որ մեզ հարկային տեսուչը ասում ա, էսքան փող կտաս, կպրծնես։



-Տիկին Սիմոնյան ջան, ես ասում եմ, որ բոլոր դասագրքերում գրված է, հարկերի հավաքումը կապված է այս երեք գործոնցի, եթե ուրիշ բան կտեսնեք, ասեք՝ Սաֆարյանը մեզ խաբեց։ Ես տեսական բաներ եմ ասում։



-Իսկ ես իրականությունից եմ խոսում։



Այդ պահին տոնական ժպիտով արանքը ճղեց «Ա1 պլույսը»։
- Պարոն Սաֆարյան, ի՞նչ շնորհավորանք բարեմաղթանք կասեք, ձեր ոճի մեջ։



-Էս զրույցի ոճի մեջ կաող եմ ասել։ Ես կարծում եմ, որ մեզ ամենից առաջ երկու բան է անհրաժեշտ։ Լսելու ունակություն միմյանց և փոխըմբռնում։



- Իսկ ձեր սեղանին ի՞նչ կենացներ են հնչելու, - լրջագույն տոնով հարցրես «Արմինֆոյի» լրագրողը։



-Հնչելու են, օրինակ, բյուջեի 23-րդ հոդվածի հետ կապված կենացներ, և եռամսյակային համամասնություններով համեմված կենացներ։



-Ձեր սեղանին այսպիսի կենացնե՞ր են ասվելու, - լրագրողուհու աչքերը կլորացան։



-Դուք ապրում եք մի միջավայրում, որտեղ պլանավորվում են մի շաբաթ առաջ, թե ինչ կենացնե՞ր պետք է ասեն։



-Ավանդական կենացներ չկա՞ն, որ ձեր տանը հնչում են, -լրագրողուհին անպայման մի կենաց էր ուզում պոկած լիներ Սաֆարյանի շուրթերից։



-Հաստատ ասելու ենք, շնորհավոր նոր տարի։ Չենք ասելու, մարտի ութ, կամ սահմանադրության օր։ Նոր տարվա օրը դա ավանդական կենաց է։



Այ սա չպետք է ասեր, քաղաքականությանն անցնելը նման դեպքերում անթուլատրելի է չինովնիկի համար և վտանգավոր։ Ու սկսվեց․․․
- Իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ նոր սահմանադրությունն անցնի, մենք ավելի լավ ենք ապրելու։ Դուք գտնում եք, որ հայ ժողովուրդը ավելի լա՞վ է սկսել ապրել, - «Ազատության» այս հարցը Սաֆարյանին վերջնականապես «բացեց»։



- Լավ ապրելը իրավական կատեգորիա՞ է։ Նրանք, ովքեր ուզում էին, որ սահմանադրությունը անցներ և իրենց ցանկությունը կատարվել է, նրանք ավելի լավ սկսեցին ապրել, երևի։ Դուք, օրինակ, ինչպե՞ս եք ապրում, շարունակում եք վա՞տ ապրել։ Դա մի փաստաթութղ էր, որը ընդունելուց հետո առավոտը արթնանալով բոլորը պետք է երջանի՞կ լինեին։



- Բայց այդպես է ներկայացվում։



- Ես չեմ ներկայացրել, ինչո՞ւ իրենից չեք հարցնում։



Զրույցը դեռ շարունակվում էր, բառախաղերով, առանց թվերի, ցուցանիշների։ Լավ էր, այս անգամ թեթև կգրվի։



Սյուզան Սիմոնյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image