Ստեղծվել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա»

Ստեղծվել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա»

Կարևորելով ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման միջոցով դրանք կենցաղ վերադարձնելն ու կենդանի մշակույթի մաս դարձնելը և ազգային ինքնագիտակցության զարգացումը խթանելը՝ «Այբ» կրթական հիմնադրամը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հիմնադրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը:



Ազգային երգ ու պարի ակադեմիան զբաղվելու է ավանդական երգերի և պարերի պահպանման, գիտական հետազոտության, հանրայնացման, կրթական ծրագրերի մշակման և պարուսուցման աշխատանքներով: Այն ներառելու է չորս ուղղություն՝ կրթական, ռազմապարի, մշակութային, գիտական։



Կրթական ենթաճյուղի աշխատանքները ներառելու են մշակութային առարկաների համակարգումը և դպրոցում իրականացվող ծրագրերի համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստումը: Ռազմապարի ենթաճյուղում աշխատանքներ են տարվելու ռազմապարը ռազմական ուսումնական հաստատություններում ներդնելու և ռազմապարի ուսուցիչներ պատրաստելու ուղղությամբ: Մշակութային ենթաճյուղի աշխատանքներն ուղղված են լինելու պարը բեմադրելու և բեմական սուբյեկտ դառնալու համար անհրաժեշտ հմտություններ ուսուցանելուն, պարախմբեր ստեղծելուն, ավանդական երգերն ու պարերը ձայնագրելուն և տարածելուն: Գիտական ենթաճյուղի աշխատանքները կապված են լինելու ազգային երգ ու պարի վերաբերյալ նյութերը հավաքելու, ուսումնասիրելու, մշակելու և պահպանելու հետ: