Դանիիլ Խարմս. Ակնարկներ

Դանիիլ Խարմս. Ակնարկներ

Ձախողված ներկայացում




Բեմ է գալիս Պետրակով֊Գորբունկովը, ուզում է ինչ֊որ բան ասել, բայց զկրտում է։ Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է գնում։
Մտնում է Պրիտկինը։
Պրիտկին․
― Հարգարժան Պետրակով֊Գորբունկովը պետք է հայտ․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։ Մտնում է Մակարովը։
Մակարով․
― Եգոր․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Սերպուկովը։
Սերպուկով․
― Որպեսզի չլինի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է Կուրովան։
Կուրովա․
― Եթե ես լինեի․․․ (Սրտխառնոց է սկսվում։ Դուրս է վազում)։
Մտնում է փոքրիկ աղջիկ։
Փոքրիկ աղջիկ․
― Հայրիկը խնդրեց փոխանցել, որ թատրոնը փակվում է։ Բոլորիս սիրտը խառնում է։




Պատահար փողոցում



Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող, որ մեքենայի տակ ընկավ։ Երթեւեկությունը կանգ առավ, ու ոստիկանը անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ֊որ բան էր երկար բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։ Մարած հայացքով ինչ֊որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։



Ինչ֊որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին, հա զաննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու երթեւեկությունը վերկանգնվեց։ Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքեւ, բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ու պառկեց մայթին։ Այդ պահին, ինչ֊որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջ թափով հայտնվեց տրամվայի տակ։ Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ու երթեւեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդը նորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքեւ։ Բայց հետո, ամեն ինչ հանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։




* * *
Օլգա Ֆորշը մոտեցավ Ալեկսեյ Տոլստոյին ու ինչ֊որ բան արեց։
Ալեկսեյն Տոլոստոյն էլ ինչ֊որ բան արեց։
Այդ պահին Կոնստանտին Ֆեդինը եւ Վալենտին Ստեվիչը դուրս թռան բակ՝ հարմար քար փնտրելու։ Քար, նրանք չգտան, փոխարենը բահ գտան։
Կոնստանտին Ֆեդինը այդ բահով հարվածեց Օլգա Ֆորշի քիթմռթին։
Այդ ժամանակ Ալեկսեյ Տոլստոյը մերկացավ, ու Ֆոնտանկա դուրս գալով, ձիու պես հռհռաց։ Բոլորն ասում էին․ «Ահա՜, հռհռում է ժամանակից գրողը»։ Ու ոչ ոք Ալեկսեյ Տոլստոյին ձեռք չտվեց։



1934



* * *
Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով լի բաժակի մեջ։ Ջուրը անմիջապես սեւացավ։
Անդրեյ Սեմյոնովիչը կկոցեց աչքերը, ու սեւեռուն նայեց բաժակի մեջ։
Ջուրը շատ էր սեւ։ Անդրեյ Սեմյոնովիչի սիրտը սկսեց բաբախել։
Հենց այդ ժամանակ էլ Անդրեյ Սեմյոնովիչի շունը զարթնեց։ Անդրեյ Սեմյոնովիչը մոտեցավ պատուհանին ու տարվեց մտքերով։
Հանակարծ, ինչ֊որ մեծ ու սեւ բան անցավ Անդրեյ Սեմյոնովիչի դեմքի մոտով, ու դուրս թռավ պատուհանից։ Անդրեյ Սեմյոնովիչի շունն էր, որ թռավ պատուհանից, ու ագռավի պես մղվեց դիմացի շենքի տանիքին։
Անդրեյ Սեմյոնովիչը չորեքթաթվեց ու ոռնաց։
Ներս վազեց ընկեր Պոպուգայեվը։
― Ձեզ ի՞նչ պատահեց։ Հիվա՞նդ եք,― հարցրեց ընկեր Պոպուգաեվը։
Անդրեյ Իվանովիչը լռում էր, ու ձեռքերով տրորում երեսը։
Ընկեր Պոպուգայեվը նայեց բաժակի մեջ, որ սեղանին էր։
― Իսկ ի՞նչ է բաժակում, ― հարցրեց Անդրեյ Իվանովիչին։
― Չգիտեմ, ― ասաց Անդրեյ Իվանովիչը։
Պոպուգայեվը վարկենական անհետացավ։ Շունը թռավ պատուհանից ներս, պառկեց իր հին տեղն ու քնեց։
Անդրեյ Իվանովիչը մոտեցավ սեղանին ու դատարկեց բաժակը սեւացած ջրից։
Ու Անդրեյ Իվանովիչի հոգին պայծառացավ։



1934



Թարգմանությունը՝ Թ.Ս. Պետրոսյան