Քաղաքագրություն. Երեւանի ազնվականությունը

Քաղաքագրություն. Երեւանի ազնվականությունը

Հավանական է համարվում, որ բարձր դիրք ունեցող գավառատեր մելիքները սերած էին հայկական հին իշխանական տներից։ Իսկ մյուսները, որոնց թվում՝ նաեւ Երեւանի մելիքները, համալրվում էին հասարակության մյուս խավերից, որոնք պետության համար կատարած աչքի ընկնող ծառայությունների համար նույնպես կարող էին հասնել բարձր դիրքի ու պաշտոնի։ Երեւանի մելիքական տոհմերի մեջ, ինչպես ասվեց, ամենահայտնին Մելիք-Աղամալյանների տոհմն էր, որը հիշատակվում է 17-18-րդ դարերից։ 18-րդ դարի սկզբներին վերաբերող մի ավետարանի հիշատակարանում այդ տոհմի հին սերնդի երկու հայտնի ներկայացուցիչների՝ Մելիք Ծատուրի, նրա որդի Մելիք Աղամալի եւ վերջինիս որդիների ու թոռների մասին հետեւյալն է ասված. «Զփրկագործ եւ զարմանահրաշ կենսաբուխ սուրբ աւետարանս ըստացեալ եղեւ ի յումեմէ բարեպաշտ եւ երկիւղած հոգիընկալ քրիստոնէի, Մելիք Աղամալ կոչեցեալ, որդւոյ Մելիք Ծատուրի, սեռին գոլով ի մայրաքաղաքէն Երեւանու, զի եռափափագ եւ ըղձաչոր սիրոյ սրտի իւրոյ գնեաց...



Յիշեցեք... զպարոն Մելիք Աղամալն եւ զորղիքն իւր զհանգուցեալ աղայ Մելիքնաշն եւ Ծատուր եւ նորաբողբոջ զպարոն Սահակն... նաեւ զԱղավելին եւ Մկրտուն եւ Յովհաննէս... Մելիք Աղամալն եւ կենակիցքն իւր զՓարիխանն եւ զԽանիկին... եւ զթոռունքըն իւր զԱկոբջանն ել Աղաջանն եւ Մաթէոսն... ի թուաբերութեան արամեան տոհմի (1714 թ.)...»:



Մելիք-Աղամալյան մելիքական տոհմին վերաբերող այս հիշատակարանում, ինչպես տեսնում ենք, թվարկված են Մելիք Ծատուրը, նրա որդի Մելիք Աղամալը, վերջինիս որդիներ Մելիքնաշն ու Ծատուրը, Սահակը, Աղավելը, Մկրտումը, Հովհաննեսը եւ թոռները՝ Ակոբջանն ու Մաթեոսը։ Հետագայում Մելիք-Աղամալյանների տոհմի նշանավոր ներկայացուցիչների մասին արդեն բավական տեղեկություններ են հաղորդում պատմագիրներն ու հիշատակագիրները։



Երեւանի մելիքական մյուս հայտնի ընտանիքը Գեղամյաններն էին, որոնք հայկական հին իշխանական տների շառավիղներից էին։ Մինչեւ Շահ-Աբաս I-ի կազմակերպած 1604 թվականի բռնագաղթը հայտնի էր նաեւ Մանուչարյան ազնվական ընտանիքը։



Մանուչարյանները բուն երեւանցի էին եւ սերում էին հայկական իշխանական ընտանիքից։ Իբրեւ ազնվականներ, նրանց մասին հիշատակություններ կան նաեւ վրաց թագավորների մոտ։ Սակայն, ինչպես նշում է Ղուկաս կաթողիկոսը, մյուս հազարավոր տարագիրների հետ միասին 1604 թվականի բռնագաղթով Պարսկաստան քշվեցին նաեւ Մանուչարյանները։ Ըստ երեւույթին, հետագայում նրանցից մի քանիսը վերադարձել էին եւ բնակություն հաստատել տարբեր տեղերում։ Ռուսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի վկայությամբ, նույն ազնվական ընտանիքից էին նաեւ 18-րդ դարի երկրորդ կեսում Սանկտ Պետերբուրգում ապրող Մանուչարյանները…



…Պատմական աղբյուրների վկայություններից երեւում է, որ առանձին հարուստ ու ազդեցիկ խոջաներ կարող էին անցնել ազնվականության շարքերը։ Իբրեւ արտաքին ու տարանցիկ առեւտրի կարեւոր հանգրվան՝ Երեւանում 17-18-րդ դարերում կային մեծ թվով վաճառականներ ու խոշոր առեւտրականներ։ Եթե դրանց մի մասը շարունակում էր հարստանալ եւ մեծ գումարների հասնող ունեցվածքների տեր դառնալ, ապա այդ խմբի առանձին ներկայացուցիչներ, սնանկանալով, իսպառ կորցնում էին իրենց դիրքն ուհարստությունը։



 Թ. Հակոբյան՝ Երևան քաղաքի պատմությունը



Պատրաստեց՝ Արամ Պաչյանը