Երբ հոգեհանգստի արարողություն ես լուսաբանում

Երբ հոգեհանգստի արարողություն ես լուսաբանում

Երբ մեր երկրում հայտնի ինչ-որ մեկն է մահանում, մեր խմբագրության երիտասարդներով ոչ թե տխրում ենք, այլ տագնապում: Ոչ թե այն պատճառով, որ մեղսավորներիցս եւս մեկը հոգին հանձնեց աստծուն, այլ այն, որ մեզանից մեկն ստիպված է լինելու գնալ այդ մարդու հոգեհանգստին կամ, ով գիտի, նույնիսկ հուղարկավորության արարողությանը, որը, մեղմ ասած, հաճելի զբաղմունքներից չէ: Ինձ միշտ զարմացրել է մեր հասարակության սադոմազոխիստական ճաշակը, կարող ես մի ամբողջ օր ծախսել տարատեսակ հարցազրույցների եւ բազմակողմանի ուսումնասիրված թեմայի շուրջ, որոնք, սակայն, այնքան պոպուլյարություն չեն վայելի, որքան դագաղները, դիակների ոչինչ չասող դեմքի արտահայտությունները, մեխակներն ու լացուկոծը: Եթե ինձ հարցնեք, ապա բարձրաշխարհիկ հանգուցյալների մասին «տեղը տեղին» նյութն այն կլինի, որ լրագրողներով մոտենանք դագաղին, ձայնագրիչը մոտեցնենք եւ հարցնենք. «Պարոն այսինչյան, ըստ Ձեր պատկերացումների, դրա՞խտ եք ընկնելու, թե՞ դժոխք», կամ՝ «ո՞ւմ էիք սպասում Ձեր հոգեհանգստին, որ չի ներկայացել»: Ոչ թե մոտենալ սգացող պաշտոնյաներին, լացակումած ձայնով խնդրել, որ հանգուցյալի մասին մի երկու բան պատմի, մեծամասամբ դրանք նույնաբովանդակ շաբլոններ են՝ շատ մեծ մարդ կորցրեց հայոց երկիրը, նա մեծատառով մարդ էր, նա իմ իսկական ընկերն էր, կամ՝ խոսքեր չեմ գտնում: Նոր Նորքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին անցած տարի հասարակության կողմից ճանաչելի մի քանի մարդ «ճանապարհեց» այն աշխարհ, բայց գիտե՞ք որն էր ամենաահասարսուռը, երբ երեկոյան խմբագիրս ինձ ճամփա դրեց թատերագետ Լեւոն Մութաֆյանի հոգեհանգստի արարողությանը, եւ պարզվեց, որ ես միակ լրագրողն եմ այդ եկեղեցում: Իսկ գիտե՞ք որն էր ամենադաժան պահը, երբ ես եկեղեցու մուտքի մոտ փորձեցի լուսանկարել եկեղեցու սրահը, եւ իմ լուսանկարչական ապարատի «վսպիշկան»՝ հերիք չէ ամբողջովին լուսավորեց եկեղեցու ներսը, դեռ մի բան էլ այնպիսի «չխկոց» հանեց, որ ես ուղղակի փախա այնտեղից: 



Ուրիշ բան է, երբ զինվոր է մահանում, ինչպե՞ս մոտենաս սգացող մորը, հարազատին կամ թեկուզ հեռավոր ազգականին՝ ինտերվյու վերցնելու համար, մասնակցել այդ արարողությանը որպես լրագրող, սակայն զգալ քեզ ինչպես այդ երիտասարդի քույրը, ընկերուհին… մանավանդ, երբ բանակում ծառայող եղբայր ունես: Ավելի տխուր է, երբ հանկարծ մի օր խմբագիրդ որոշում է, որ դու պետք է գնաս, ասենք, մի ամիս առաջ մահացածի տուն եւ հարցնես՝ հանրությանն ասելու բան չունե՞ք: Վերջին անգամ ինձ ուղարկեցին Շանթի Յուրայի տանը աղմկահարույց իրադարձությունների ժամանակ սպանված 39-ամյա Գեւորգ Սարգսյանի տուն: Մինչ դուռը թակելը մտքիս մեջ աղոթում էի, որ տանը մարդ չլիներ, սփոփում էի ինձ միայն այն մտքով, որ միգուցե ընտանիքի անդամներն իրոք ուզում են ինչ-որ բան ասել, արդարացնել Գեւորգին, ասել, որ այդ իրադարձությունների մեկնաբանությունները սուտ են: Ավաղ, Գեւորգի մայրը, որը եւ բացեց դուռը, մեկ արտահայտությամբ եզրափակեց մեր հանդիպումը:



Թե Հայաստանի պատմության մեջ երբվանից մեռելալուսաբանումը դարձավ ամենահրատապ թեմաներից մեկը, չեմ կարող ասել, այդ ամենը համարում եմ նաեւ հանրությանը ոչինչ չտվող ինֆորմացիա, բայց եւ հասկանում եմ՝ այդ «իրադարձություններից» հետ մնալն էլ մրցունակությունից դուրս կբերի մեր լրատվական կայքը: Հույս ունենալ, թե մեր ընթերցողների ճաշակը կբարձրանա, եւ մեր խմբագիրներն էլ մեզանից կպահանջեն ավելի լուրջ թեմաների վրա ժամանակ ծախսել, կասկածելի երազանք է: Մնում է հորդորել ձեզ՝ մի մահացեք, մեզ էլ կրակը մի գցեք:



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ