EPP-ի ապտակները ՀՀԿ-ին եւ Աշոտյանին

EPP-ի ապտակները ՀՀԿ-ին եւ Աշոտյանին

Անցյալ շաբաթ Ստրասբուրգում գումարված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, մանավանդ հունվարի 26-ին կայացած Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու զեկույցների քննարկումը, լուսաբանեցին Հայաստանի երեւի թե բոլոր լրատվամիջոցները: Սակայն ողջ այդ աժիոտաժում բառ անգամ չհնչեց, եւ հայաստանյան ընթերցողին անհայտ մնաց ամենաէականը` ԵԽԽՎ-ի եւ EPP-ի հասցեական հարվածները ՀՀԿ-ին եւ անձնապես Սերժ Սարգսյանին:



Հայաստանյան լրատվամիջոցներից որոշները տեղեկատվության տիրապետելով, որոշները իշխանություններին կրկնելով, որոշները հորինվածքներով՝ լուսաբանեցին ԼՂ-ին առնչվող զեկույցների քննարկումը ԵԽԽՎ-ում: Մի կայք, օրինակ, գրել էր, թե իբր Ուոլթերը ԵԽԽՎ-ում հայտարարել է, թե չորս անգամ ցանկացել է Հայաստան գալ, սակայն հայկական կողմը չի ընդառաջել: Ճիշտ է, որ Հայաստանից միտումնավոր խոչընդոտել են Ուոլթերի այցերին, եւ դրան ի պատասխան, ALDE-ի (EPP-ից հետո երկրորդ ամենամեծ կուսակցությունն է Եվրոպայում) ներկայացուցիչը ԵԽԽՎ-ի ամբիոնից պաշտոնապես պահանջեց պատժել Հայաստանին իր պարտավորությունները չկատարելու եւ զեկուցողի հետ չհամագործակցելու համար, բայց Ուոլթերը ԵԽԽՎ նիստին չէր մասնակցում, որ որեւէ հայտարարություն աներ:



Օն-լայն ռեժիմով Ստրասբուրգի քննարկումներն ու քվեարկությունը լուսաբանելուց հետո լրատվամիջոցներից շատերն անցան իշխանությունների թեզը տիրաժավորելուն, այն է` ՀՀ իշխանությունները մոբիլիզացրել ու գործադրել էին հասանելի բոլոր ռեսուրսները, որպեսզի զեկույցները մերժվեն, եւ կես արդյունքի հասել են: Նույն հաջողությամբ Ադրբեջանի իշխանություններն էլ կարող են հավատացնել, որ իրենք էլ ամեն միջոց գործադրել էին, որպեսզի զեկույցներն ընդունվեն, եւ նորից կես արդյունքի հասել են: Ստացվում է, որ հայերն ու ադրբեջանցիները նույն հարթակում ամեն գնով նույն նպատակի համար են պայքարել, եւ, պատկերացրեք, արդյունքի են հասել: Հետաքրքիր է, իսկ խոչընդոտող կա՞ր… Եթե սեղանին երկու զեկույց էր` քանի՞սը պետք է ընդունվեր, քանի՞սը մերժվեր…



Սակայն արի ու տես, որ ՀՀԿ-ականները ճիշտ Օտյանի Կակոսյանն են դարձել, EPP-ի քվեարկության արդյունքները թողած՝ ALDE-ի արդյունքներից են ճամարտակում: Արմեն Աշոտյանն էլ, որը՝ երեւում է միայն ոտքը չէ, որ վնասել է, հրապարակավ հայտարարել էր, թե ինքն Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների դեմ EPP ճակատում է մարտնչել, եւ ԵԽԽՎ-ում իր պայքարի արդյունքները տեսանելի էին:



Եթե Աշոտյանը միայն ոտքը վնասած լիներ, գլխի շրջանում խնդիրներ չունենար, հրապարակավ խոսելուց առաջ մի անգամ ԵԽԽՎ քվեարկության արդյունքները կնայեր եւ կհամոզվեր, որ Ուոլթերի զեկույցի օգտին EPP-ից տրված ձայները զգալիորեն ավելի, իսկ Մարկովիչի զեկույցին կողմ ձայները ԿՐԿՆԱԿԻ ավելի են եղել դեմ ձայներից:



Ռոբերտ Ուոլթերի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 64 պատգամավոր, նրանցից 26-ը կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, վերջիններիս թվում՝ նաեւ հայաստանցի պատգամավոր: Մարկովիչի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 73 պատգամավոր, կողմ ձայները՝ 38, դեմ ձայները` դարձյալ 19: Թե ինչու են EPP-ից որոշել ՀՀԿ-ին` Սերժ Սարգսյանով ու Աշոտյանով հանդերձ, այդպես ապտակել` անհայտ է, սակայն այն, որ 38-ը 19-ի կրկնակին է, փաստ է: Ընդհանրապես՝ եւ Ուոլթերի, եւ Մարկովիչի զեկույցներին կողմ ձայների 40 տոկոսն ապահովել է EPP-ն (Ուոլթերի դեպքում 66 կողմ ձայնից 26-ը, Մարկովիչի դեպքում՝ 98 կողմ ձայնից 38-ը):



Ավելին, Ուոլթերի եւ Մարկովիչի զեկույցների վերաբերյալ ԵԽԽՎ ամբիոնից EPP-ի պաշտոնական տեսակետը ներկայացնող, նաեւ EPP խմբակցությունը ղեկավարող Ալեքս Ֆիշերը Հայաստանին պատժելու ALDE-ի կոչին ամենեւին չի հակադրվել եւ զեկույցներին էլ դեմ չի արտահայտվել: Ֆիշերն ընդամենը ասել էր, որ EPP-ն գտնում է` ԵԽԽՎ հարթակը պետք է օգտագործվի հայերի եւ ադրբեջանցիների երկխոսության համար, իսկ անձամբ ինքն Ուոլթերի զեկույցին կողմ էր քվեարկել (Մարկովիչի զեկույցի քվեարկությանը չէր մասնակցել):



Այդպիսով, եթե EPP-ի աջակցությունն ապահովելը Աշոտյանի պատասխանատվությունն է եղել, ապա Աշոտյանն ապահովապես տապալել է այն: Հետեւաբար, Աշոտյանն էլ, իր հարազատ ՀՀԿ-ն էլ EPP-ից «40% կողմի» շառաչուն ապտակն ստանալուց հետո ճիշտ կվարվեին, եթե լռեին: Վատ չէր լինի` առհավետ:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ