Մեկնաբանեք, բայց անաչառ

Մեկնաբանեք, բայց անաչառ

 



Երբ տարիներ առաջ ստեղծում էինք «Հրապարակ» օրաթերթի hraparak.am կայքը, պարտադիր պայման դրեցինք ծրագրավորողների առաջ՝ նախատեսել «քոմենթների»՝ մեկնաբանությունների դաշտ, որպեսզի մեր ընթերցողի հետ անմիջական կապի հնարավորություն ունենանք։ Այսպես կոչված՝ ինտերակտիվ կապ քաղաքացիների հետ, որոնք կարծիք կհայտնեն մեր հոդվածների մասին, նոր թեմաներ կառաջադրեն, իրենց տեղեկությունները կփոխանցեն եւ, ինչու չէ՝ նաեւ կքննադատեն մեզ, մեր հրապարակումները, որից կհասկանանք՝ ինչն ենք անում լավ, ինչը՝ վատ։ Եվ իսկապես, առաջին փուլում շատ էինք ուրախանում, որ մեր ընթերցողները մեկնաբանություններ են թողնում, կարծիքներ հայտնում, մասնակցում հոդվածների ծնվելուն։ Դրանց մեջ շատ կոնստրուկտիվ բան կար, նաեւ՝ լիքը տեղեկատվություն։ Բայց ժամանակի ընթացքում այս «քոմենթներ» կոչվածն իսկական փորձանք դարձավ մամուլի, լրագրողների համար։ Դեռ ոչինչ, որ այդ «քոմենթների» պատճառով մենք հայտնվեցինք դատարանում, քանի որ ընթերցողները որոշել էին մեր հոդվածի հերոսին վիրավորել հենց մեր նյութի ներքո։



Հետագայում շատ ավելի այլանդակ երեւույթների ականատես եղանք։ Կազմակերպված «քոմենթելու» դրվագների, հենց նոր բացված պրոֆիլների, որոնք հատուկ ստեղծվել են որոշ հոդվածներ «դատափետելու» համար։ Սեռական եւ այլ բնույթի որակումների, որոնց հետեւելն ու զտելը հատուկ հաստիք ու հսկայական ժամանակ է պահանջում։ Եվ ինչ-որ պահի պարզվեց, որ այդ «քոմենթները» կարող են ոչ միայն բացարձակապես որեւէ ինֆորմացիա չփոխանցել, այլ ուղղակի ապակողմնորոշել մեզ։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հասարակական որեւէ կարեւոր խնդրի, օրինակ՝ բանակում կամ ոստիկանությունում տիրող վիճակի կամ դեպքի մասին հոդված ենք հրապարակում։ Կոռուպցիայի կամ կամայականության ինչ-որ դրսեւորում բացահայտում։ Այնպես, որ մեր ընթերցողները ողջունում են այդ հրապարակումը, հասարակությունը՝ միայն շահում է դրանից։ Բայց ուժային կառույցների «ֆեյք-ջոկատները» գործի են անցնում, եւ այդ հրապարակման տակ հայտնվում է մի կենտրոնից կառավարվող «քոմենթների» շարան։



Բոլորը թերթն ու լրագրողին «դատապարտող»։ Դեռ ոչինչ, եթե ընդամենը դատապարտող լինեին։ Անհայտ-անանուն անձինք՝ հիմնականում վարձու աշխատողներ, փորձում են այս եղանակով մեր «բերանը փակել», այնպես անել, որ իրենց ստնտու գերատեսչության հասցեին ոչ մի թթու խոսք չասվի այլեւս։ Ահա այսպես է գեղեցիկ ու օգտակար գաղափարն այլասերվում եւ վերածվում չարիքի։



Ա. Օ.