110-ամյա հրամաններ, գնահատականներ

110-ամյա հրամաններ, գնահատականներ

Դեռևս խորհրդային շրջանում` 1985 թվականին, ես ձեռնամուխ եղա «Էջեր զորավարի կյանքից» փաստագրական լիամետրաժ ֆիլմի սցենարի աշխատանքներին, որը նվիրված էր հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկ, լեգենդ դարձած զորավար Անդրանիկին: Շուրջ երկու տարի Հայաստանի ազգային պետական արխիվում ուսումնասիրեցի զորավարի անձնական արխիվը, փատաթղթեր, հրամաններ, նամակներ և արժեքավոր այլ նյութեր: Արդյունքում, ռեժիսոր Լևոն Մկրտչյանը «Հայկ» կինոստուդիայում նկարահանեց «Զորավար Անդրանիկ» երկմասանոց վավերագրական ֆիլմ: Այն ժամանակ, արխիվի հայրենասեր մի քանի աշխատակիցներ, ինձ օգնեցին ձեռք բերել, այսօր արդեն հայտնի դարձած, բազմաթիվ լուսանկարներ, փաստաթղթեր, որոնք հետագայում տեղ գտան ֆիլմում: Շնորհակալություն բոլորին…
Զորավարի ծննդյան (փետրվարի 25) 151 ամյակի կապակցությամբ ընթերցողներին եմ ներկայացնում հատվածներ սցենարի հաղորդավարական տեքստից:



Ռոբերտ Մաթոսյան




ՀԱՏՎԱԾՆԵՐ ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐԻՑ



«Ես մեկ իդեալ և մեկ նպատակ ունեի` հարվածել մեր դարավոր թշնամուն: Ասիկա դուրս որևէ պետության կամ կառավարության դեմ շարժմանը հակառակ մնացի մինչև վերջ»:
Անդրանիկ



Կյանքն իր փորձություններով ցույց տվավ, որ դարերով ճնշված ժողովուրդ մը ինչպես հայն է, փոխանակ զանազան վարդապետություններ քարոզելու, մեկ նշանաբան մը պետք է գրե իր դրոշակին վրա` հանուն հայրենիքի համախմբվել: Բավարարվածություն տանք այսօրվա հայրենիքի պահանջներին, իսկ վաղը, երբ հայրենիքի պայմանները փոխվելով մեզ վրա նոր պահանջներ դնեն, այն ժամանակ փոխենք այսօրվան մեր դրոշակի նշանաբանը և վաղվան պահանջը տեղավորենք հոն: Եթե չեմ սխալի, այդպես առաջ գացած են այն բոլոր ժողովուրդները, որոնք այսօրր ազատ են:
Վերջերս տխուր լուրեր երևան եկան, որոնց մեջ ամենայն ցավալին այն է, որ հայը սկսած է եղբայր հայը սպանել, վանեցին իր համաքաղաքացիին, դաշնակցականը` հնչակյանին, հնչակյանը` դաշնակցականին: Ինչո՞ւ, ետ կացեք, քանի այդ վնասակար գործը լայն ծավալ առած չէ: Անգամ մը խորհեք, թե ինչ կնեք, ամոթ է: Թշնամին թողնել և ներքին մանր – մունր հաշիվներով զբաղվել, ոճիր է, հայրենիքի մահն է, ուշքի եկեք, աչքներդ անգամ մըն ալ դարձուցեք ավերակ հայրենիքի վրա: Իմ կոչս է հայ ժողովրդին, ինչ դավանանքի ալ պատկանին, ժամանակն է սթափվել, ազգովին քով – քովի գանք: Քաջությունը, դրամը, զենքը չէ, որ կպակսի մեզի, այլ կամքը, զորացնենք մեր կամքը և վստահ ըլլանք, որ կփրկվենք»:



Անդրանիկի կոչը հայ ժողովրդին,
1906 թվական



«Հայաստանը պետք է հպարտ լինի այնպիսի զավակներով, որոնք ընդունակ են նույնիսկ օտար դատի համար մեռնելու:
Աշխարհում չկա ավելի մեծ ողբերգություն, քան հայ ժողովրդինը, Հայաստանը համայն աշխարհում համակրության մի կիզակետ է:
Հայ ժողովուրդը ամբողջ մարդկության մեջ ունի ամենախորհրդավոր պատմությունը: Հայկական վաշտը արժանին հանդիսացավ բանաստեղծ Յավորովի եղերգին»:



Ռոդոսթոյի նահանգապետ Իվան Դմիտրով,1914 թ.



«Օ՜, առյուծներ են, կատարյալ առյուծնե՛ր, այսօր մեզ բոլորիս նրա՛նք փրկեցին, մեր կյանքը նրանց 275 հայ զինվորներին ենք պարտական: Իբրև հրապարակախոս, բարոյական պարտքս եմ համարում բուլղար հասարակության առաջ կրկնելու այս խոսքերը: Մարդ ուղղակի կզարմանար, գնդակների տարափի տակ հայերը կերգեին: Շատ քաջ էր մանավանդ սարերի ասլանը` Անդրանիկը, որն իր հետ ունենալով միայն 14 կտրիճներ, 2 , 5 ժամ տևող սաստիկ հրաձգությունից հետո թուրքերին ստիպեց նահանջել»:
Բուլղարական բանակի սպա Կոնևի զեկուցագրից



«Այսօր ձեր ամենամեծ տոնի օրը, ես այստեղ կբաժանեմ «քաջության խաչեր»: Դուք, հայեր, դուք բոլորդ էլ հերոսներ էիք և բոլորդ էլ կռվում էիք ինչպես առյուծներ: Մի ժողովուրդ, որ գնահատում է իր հերոսին, երբեք չի մեռնի: Այդպիսի ժողովրդի ապագան պայծառ է, փրկությունը մոտ, կեցցե՛ Անդրանիկը»:



Գեներալ մայոր Դրվինկով,1914 թ.



«Ես` Կովկասյան 7 – րդ հրաձգային գնդի պոդպորուչիկ Կորովևը, մասնակցել եմ Դիլմանի ճակատամարտին: Ապրիլի 18 - ին, ժամը 11 - ին թուրքերը կատաղի գրոհներ սկսեցին հայկական զորամասի դեմ: Նպատակ ունենալով օղակի մեջ առնել: Հայկական զորամասի հրամանատար Անդրանիկը ետ մղեց թուրքերի երեք գրոհ և, տեսնելով, որ թուրքերը սկսել են շրջապատել, հակահարձակման անցավ: Հայկական զորամասը Անդրանիկի գլխավորությամբ այնպիսի անօրինակ հերոսություն էր գործում, որ վեր էր ամեն տեսակի գովեստներից»:
Պոդպորուչիկ Կորովև,
1915 թ.



«Հայկական առաջին զորամասը մարտական փառքով պսակեց 1915 թվականի ապրիլի 15 – 18 – ը Դիլմանի ճակատամարտում: Խալիլ Բեյի կոնստանդնապոլսյան ընտիր դիվիզիան ջախջախվեց, որը փրկեց Կովկասը թուրքերի արշավանքից: Անդրանիկը շարունակ ինքն էր խիզախության և անվեհերության օրինակներ ցույց տալիս: Այդ ճակատամարտին մասնակցած ամեն մի կամավոր հպարտությամբ կարող է ասել, որ կռվել է Անդրանիկի հրամանատարությամբ: Հայաստանի դարավոր թշնամու դեմ մղած պայքարում նա նվիրաբերել է իր անձը հանուն հայ ժողովրդի, ազգային իդեալների իրականացման»:



Գեներալ- լեյտենանտ Չերնոզուբովի զեկուցագրից




«Պարոն Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը իմ ջոկատին միացավ 1915 թվականի հունիսի 14 – ին: Ջոկատի առաջադրանքն էր Վան քաղաքից հարձակում գործել նույնանուն լճի ուղղությամբ: Ջոկատն իր մարտական խնդիրները փայլուն հաջողությամբ կատարել է Զևանի, Սորփիի, Ուրթաքի փառահեղ ճակատամարտերում: Այս բոլոր մարտերում փառապանծ հայկական զորամասերը քաջարի, անվեհեր, խիզախ հրամանատար պարոն Անդրանիկի ղեկավարած առաջին զորամասի գործողությունները մասնավորապես, վեր էին ամեն տեսակի գովեստներից և արժանի ընդօրինակության»:
Գեներալ Տրուխինի զեկուցագրից



«Համարում եմ Անդրանիկին հռչակավոր քաջ և լրջություն ունեցող անձ: Ջերմորեն խնդրում եմ վարձատրել այդ ազգային հերոսին` Սուրբ Գևորգի զենքով»:
գեներալ Նազարբեկովի`
գլխավոր հրամանատարությանն ուղղված զեկուցագրից



«… Մեծ պատերազմը ավելի հերոսական, ավելի դրամատիկ անհատ չի տվել, քան այս զորավարը»:



«Բելիվուդ Մեգըզին» թերթ,1915 թ.



«Իհարկե, ինձ շատ հաճելի է այստեղ լսել կեցցեներ, ուռաներ: Շատ եմ եղել նման ճաշկերույթներում և լսել օվացիաներ, գեղեցիկ ճառեր, ճռճռան գրազներ… բայց այդ բոլորը իմ տանջված ժողովրդի համար ինչ… Ես մեծ կրթության տեր չեմ, ժողովրդի զավակ եմ, մարտիկ, չեմ կարող արտասանել գեղեցիկ ճառեր, բայց ձեզ եմ դիմում, ողորմած տիկիններ և պարոններ: Ես կուզենայի, որ դուք առանց խոստովանահոր խոստովանեիք ինքներդ ձեզ և ձեր խղճի առջև հարցնեիք, թե ինչ եք արել դուք տանջված, խոշտանգված տաջկահայերի համար: Ես տեսել եմ շատ արցունքներ ու տառապանք, տեսել եմ, թե ինչպես նրանք, հյուծված, քաղցած ու ծարավ, սնվում են զանազան խոտերով ու արմատներով… Եվ այս րոպեիս, երբ լսում եմ այդ վերամբարձ ճառերն իմ ժողովրդի մասին, իմ աչքի առաջ պատկերացնում եմ նրա մղձավանջային ստվերները և ես ցնցվում եմ սոսկումից: Իմ քույրեր, ձեզ վրա է ամբողջ հույսս: Հայոց մայրեր, իմ հույսս դուք եք: Դուք պիտի ձեր զավակներին հերոսական ոգի և սեր ներշնչեք ձեր տառապյալ հայ եղբայրների նկատմամբ: Ինչո՞ւ համար եք դուք պճնվել թանկագին շրջազգեստներով, ինչո՞ւ եք զարդարվել այդ թանկարժեք ադամանդներով, հանեցեք այդ ամենը և զոհաբերեցեք ճակատագրից դառնացած, աղքատության մեջ ու սովից մեռնող հայ եղբայրներին: Այո, այստեղ արտասանում եք գեղեցիկ ճառեր, իսկ կես ժամից հետո, հեռանալով այս դահլիճից, դուք մոռանալու եք ձեր բոլոր ասածները: Խնդրում եմ ձեզ` խոսքից գործի անցնել»:



Զորավարի ելույթից, Պյատիգորսկում նրա պատվին կազմակերպված ընդունելությունում,
օգոստոսի 21, 1916 թ.