Թուրքիայում VIS-ը չե՞ն տարբերում Պապից

Թուրքիայում VIS-ը չե՞ն տարբերում Պապից

Տարիներ առաջ Հայաստանի ղեկավարներից մեկը, որը 2000-ականներին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն էր ղեկավարել, ադրբեջանցիներից մի զավեշտ է պատմել, որ Թուրքիայի առիթով ակամա մտաբերեցի: 



2000-ականների սկզբին Հայաստանը եւ Ադրբեջանը միաժամանակ անդամակցում էին Եվրոպայի խորհրդին, ինքնաբերաբար՝ նաեւ ԵԽԽՎ-ին, եւ որպեսզի երկկողմ վեճերով ԵԽԽՎ ամբիոնը չշահագործեն եւ լսարանին ավելորդ չհոգնեցնեն, ջենթլմենական համաձայնություն են կայացնում, որ Հայաստանի վերաբերյալ քննարկումներին ադրբեջանցիները չմասնակցեն, հակահայկական քարոզչություն չծավալեն, նույնկերպ էլ վարվեն հայերն Ադրբեջանի թեմայով քննարկումներին: Եվ, ահա, ԵԽԽՎ հերթական նստաշրջաններից մեկի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը գալիս է հարցեր պարզելու. «Դուք խախտել եք պայմանավորվածությունը, Դուք ելույթում միտումնավոր Ադրբեջանին եք հարվածել...»: Մեր պաշտոնյան հարցնում է. «Ո՞վ է հարվածել, ի՞նչ ենք ասել…»։ Ադրբեջանցին բացատրում է. «Ի՞նչ է նշանակում` ո՞վ է հարվածել. Արտաշես Գեղամյանը, չլսեցի՞ք ինչ ասաց… Նա ելույթն ավարտեց «Կարթագենը պիտի ընկնի» ֆրազով: Ինչ է, մենք չե՞նք հասկանում, որ նա Կարթագեն ասելով՝ Բաքուն նկատի ունի, այսինքն` Բաքուն պիտի ընկնի»:



Դե արի ու դիմացիր, որ չծիծաղես… Հազիվ թե Արտաշես Գեղամյանը Կատոն ավագի մասին լսած լիներ կամ էլ «Carthago delenda est»-ի պատմությունն իմանար, բայց դե, ֆրազ է, ինչ-որ տեղ լսած է եղել, անկապ օգտագործել է, ինչպես ժամանակին Աստվածաշնչից էր աղճատված մեջբերումներ անում: Ադրբեջանցիներն էլ իրենց երեւակայությամբ հասկացել են այն, ինչ ուզել են, պարզապես այնպիսի ցնորամիտ մեկնաբանություն են տվել, որ անհնար է չծիծաղել:



Թուրքիայում էլ անցյալ շաբաթ ճիշտ նույնպիսի մեկնաբանություն էին տվել Վատիկանի լրատվական ծառայության VIS հաղորդագրությանը՝ փետրվարի 3-ի աուդենցիայի ժամանակ Հռոմի պապին նվիրաբերված մի գրքի մասին, որը նվիրված է եղել 1657-ին Դարդանելի նեղուցի համար Վենետիկի Հանրապետության եւ Օսմանյան կայսրության միջեւ մղված պատերազմին եւ դրան մասնակցած պապական նավատորմին:

Ինչի՞ն էր հղում անում Թուրքիայի ԱԳՆ-ն



Դեռ մի կողմ թողած, որ Թուրքիայի ԱԳՆ-ն այնպես էր ասել՝ «Այսօրվա` փետրվարի 3-ի Վատիկանի Press office-ի տարածած հաղորդագրության մեջ ասված է այս ու այն», որ Վատիկանին ծանոթ ցանկացած ընթերցողի կթվար, թե կամ Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի (The Holy See Press Office) ամենօրյա պաշտոնական բյուլետենում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն եղել, կամ էլ գոնե Վատիկանի լրատվական ծառայության (Vatican Information Service) կայքէջում նման լուր կգտնվի։



Մինչդեռ ոչ Սուրբ Աթոռի Bollettino-ում որեւէ նյութ կամ հայտարարություն կար Հայոց ցեղասպանության թեմայով, ոչ էլ «Հայոց ցեղասպանություն» կամ Թուրքիայի ԱԳՆ խոսնակի օգտագործած «1915-ի ողբերգական դեպքեր» բառակապակցությամբ էր փետրվարի 3-ին թվագրվող նյութ գտնվում: Իհարկե, VIS որոնման համակարգը նշված բառակապակցություններով բերում էր տասնյակ նյութեր, բայց դրանք ոչ մի կերպ չէին համընկնում ԱԳՆ խոսնակի ներկայացրածին: Կատարյալ հանելուկ էր, թե Թուրքիայի ԱԳՆ-ն Վատիկանի ինչ աղբյուրի է հղում անում:



Թուրքիայի մամուլն էլ ուղղակի տիրաժավորել էր ԱԳՆ խոսնակի հիմար հայտարարությունը՝ առանց փնտրելու կամ հասկանալու բուն Վատիկանի լուրը, որին իրենց խոսնակը, իբր, հղում էր անում: Թեեւ, մյուս կողմից էլ, Թուրքիայի մամուլին չես մեղադրի, այդ մարդիկ մի կողմից օրնիբուն Էրդողանի դեմ են պատերազմում, մյուս կողմից քրդերի հետ բախումներն են լուսաբանում, այլեւս չասած փախստականների հետ ճգնաժամի, Սիրիայում սուննիական ցամաքային զորքեր մտցնելու նախագծերի, Էրդողան-Պուտին գզվռտոցի նոր սերիաների… մասին։ Այնպես որ, այդ խառնաշփոթի մեջ պարզապես իրենց ԱԳՆ-ի լուրը հաղորդել էին-վերջացրել` առանց հիմքը գտնելու:



Բարեբախտաբար, «Ռոյթերսը» հաջորդ օրը` փետրվարի 4-ին, լուր տպագրեց Թուրքիայի դեսպանի Վատիկան վերադառնալու մասին, որտեղից միայն հասկանալի դարձավ, թե ինչ լուրի մասին է խոսում, ավելի ճիշտ՝ խեղաթյուրում Թուրքիայի ԱԳՆ-ն: Թուրքիայի հղման աղբյուրը «Presentation to the Pope of the book on the Papal fleet in the Dardanelles, 1657» վերնագրով լուրն էր: Թարգմանաբար՝ ««Պապական նավատորմը Դարդանելում 1657-ին» գրքի ներկայացումը Պապին»: Ինչպես լուրի վերնագրում, այնպես էլ տեքստում ոչինչ չկար ոչ հայկական թեմայից, ոչ էլ Պապի խոսքերից:



Վատիկանի լուրից հասկանալի է դառնում, որ փետրվարի 3-ի առավոտյան, Ընդհանուր աուդենցիայի (Պապի հետ հավատացյալների հանդիպման) ավարտին մասնակիցներից մեկը` Ռինալդո Մարմարան, որը պատմաբան է, իր վերջերս հրատարակած գիրքն է նվիրել Պապին: Աշխատությունը գրվել է Վատիկանի արխիվային նյութերի հիման վրա եւ լուսաբանում է 350 տարի առաջ Վատիկանի Հանրապետության եւ Օսմանյան կայսրության միջեւ Դարդանելի նեղուցի համար մղված պատերազմը, որին մասնակցել է Սուրբ Աթոռի նավատորմը: Ֆրացիսկոս I Պապը որեւէ կերպ արձագանքել է նվիրատվությանը, թե ոչ` չի հաղորդվում:



Նվիրատվության մասին հաղորդելով՝ Վատիկանի լրատվական ծառայությունը եւս երկու-երեք պարբերություն է ավելացրել 1657-ի պատերազմի, անցյալը ճանաչելու, բռնությունները դատապարտելու թեմաներով, որոնք, հասկանալի չէ` գոնե VIS-ի՞ մոտեցումներն են, թե՞ գրքի հեղինակի նախօրեին հայտնած մտքերը: Ամեն պարագայում, լուրի տեքստում ոչ միայն չկա Պապի խոսքից թեկուզ մեկ բառի մեջբերում, այլեւ ֆիզիկապես չկա որեւէ բառի, ֆրազի, մտքի վերագրում Պապին:



Վատիկանի լուրը, որի մասին ստել է Թուրքիայի ԱԳՆ-ն



«Վատիկան, 3 փետրվարի 2016 (VIS) - Այս առավոտ, Ընդհանուր աուդենցիայի ավարտին, Ռինալդո Մարմարան Պապին նվիրեց իր «Պապական նավատորմը Դարդանելում 1657-ին» գիրքը: Հատորը Վատիկանի առաքելական գրադարանի Չիգիի հավաքածուում պահվող մի ձեռագրի իտալերեն եւ թուրքերեն փոխադրությունն է, որը հաշվետվություն է 1657-ի Դարդանելի Երկրորդ ճակատամարտին պապական նավատորմի մասնակցության մասին: Նախորդ երեկո, գրքի շնորհանդեսի ժամանակ հեղինակը հայտնեց, որ իր նպատակը եղել է Վատիկանի արխիվում եւ գրադարանում պահվող կարեւոր արխիվային նյութերը թուրք պատմաբաններին եւ հետազոտողներին մատչելի դարձնելը: Գիրքը, չնայած անցյալի ցավագին հիշողություններին, ցույց է տալիս գիտական ուսումնասիրության, արխիվները պատմական հետազոտության համար բացելու կարեւորությունը` հանուն ճշմարտության, հանուն համագործակցության ու փոխըմբռնման կամուրջներ կառուցելու:



Այս լույսի ներքո, Թուրքիայի կրկնվող հանձնառությունը՝ բացելու իր արխիվները պատմաբանների եւ շահագրգիռ կողմերի հետազոտողների առջեւ, որպեսզի համատեղ ձեռք բերվի ավելի ճիշտ ընկալում պատմական դեպքերի, ինչպես նաեւ, կրոնական կամ ազգային պատկանելությունից անկախ, պատերազմի ու հակամարտության, ներառյալ 1915-ի ողբերգական անցքերի բովում հայտնված բոլոր կողմերի կրած ցավի եւ տառապանքի մասին, արժանի է նշվելու եւ գնահատվելու: Անցյալի վշտալի անցքերը չպետք է մոռացություն մատնվեն, դրանք, ընդհակառակը, պահանջում են մանրազնին հետազոտում եւ իմաստավորում, որպեսզի առաջնորդեն դեպի հիշողության վերելքի ու բյուրեղացման, ինչն այնքան անհրաժեշտ է անհատներին եւ ժողովուրդներին` հաշտության եւ ներողամտության համար, ինչպես հավաստել է Սուրբ Հովհաննես Պողոս II-ը»:
Սա է լուրը (ավելի ստույգ՝ լուրի հիմնական հատվածը, որին հետեւում են երկու ավելի ընդհանրական պարբերություններ), որը Թուրքիան ջանացել է վերագրել Հռոմի պապին, ավելին` ներկայացնել իբրեւ Պապի կողմից «Հայոց ցեղասպանության հարցում» որդեգրած եւ երիցս բարձրաձայնված դիրքորոշման վերանայում: Ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիների` Կարթագենը Բաքու ընկալելու դեպքում, Թուրքիայի ԱԳՆ-ում էլ, երեւում է, մտավոր խնդիրներ ունեն, որ, անկախ սեւով սպիտակին գրվածից, հասկանում են այն, ինչ ցանկանում են, ասվածի ու իրենց ընկալածի միջեւ ինքնուրույն կապ հորինելով:



Կամ էլ Անկարայում այնքան են տուժել իրենց դեսպանին Սուրբ Աթոռից ետ կանչելով, որ աղաչել ու մուրացել են Սուրբ Աթոռից թեկուզ VIS-ի մակարդակով մի կերպ Թուրքիային առնչվող ոչ բացասական մի լուր տարածել, որից կառչելով, ներքին լսարանի առջեւ այն խեղաթյուրելով, կարողանան իրենց դեսպանին ետ ուղարկելու ֆոն ապահովել: Ինչպիսի՜ նվաստացում:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ