Հրաժեշտ իրականությանը

Հրաժեշտ իրականությանը

Չեմ վախենում գրել այս նախադասությունը՝ տասնամյակի ընթացքում մենք վճռական քայլերով հրաժարվեցինք իրականությունից, մեզ շրջապատող բովանդակ, զգալի ու շոշափելի աշխարհից:



Քանի որ սկզբնական շրջանում բջջային հեռախոսներն իրականությունից հեռանալու եւ վիրտուալի մեջ ինտեգրվելու լուրջ հնարավորություններ չունեին, ուստի տարվածությունը դրանցով սահմանափակվում էր հեռախոսային զրույցներով, sms հաղորդագրություններով, համարներ թերթելով եւ այլն: Հիմա, անհավանական թվացող արագությամբ մեր կյանք ներխուժած սմարթֆոնային երկրակալության մեջ, մեկ-մեկ երանությամբ եմ հիշում նախկին՝ ավելի նվազ հնարավորություններով հեռախոսները, քանի որ ամեն առումով մարդու ֆիզիկական ներկայությունը շեշտված էր: Ժամանակակից սմարթֆոնն այլեւս ձեռքի շարունակությունն է: Սրճարանում ձեր ընկերոջը հանդիպելն այժմ նշանակում է հանդիպում նրա սմարթֆոնի կամ համակարգչի հետ, հանդիպում լրահոսի հետ, հանդիպում կայքերում շրջանառվող վերջին նորությունների հետ: Այդ պահին հնարավոր է դուք շատ բաների հետ հանդիպեք, միայն ոչ ձեր ընկերոջ:



Հանդիպման ընթացքում (ինչպես թռչող պղպջակը Թոմաս Փինչընի պատմվածքում) նա անհետացել է, որովհետեւ իր մեծ կամ փոքր գլուխը, իր համակ ուշադրությունը, հետաքրքրությունների ողջ շրջանակը ճգնավորի համառությամբ խոթել է հեռախոսի էկրանի մեջ ու ձեզ հետ խոսում է՝ հայացքը չբարձրացնելով, առանց դիմախաղի, առանց մարդկային մարմնի` բերանի եզրով մի բան մեկնաբանելով, մի բան բարբաջելով եւ այդպես շարունակ: Եվ սա արդեն մեր կյանքն է, մեր առօրյան: Հավանաբար, կարճ ժամանակահատվածում մենք վերջնականապես հրաժեշտ կտանք իրականությանը ու վերջնականապես կմտնենք ամբողջովին իրականության ռեսուրսներով ստեղծված սմարթֆոնի, համացանցի տարածություն, մինչեւ որ մեր կողմից արդեն իսկ արհամարհելի իրականությունը, որ դեռ պահպանում է իր տրամաբանությունն ու օրենքները, մեր անիմաստ գլխին կթափի մեծ քանակությամբ փլատակներ, աղետներ, որոնք վերջակետ կդնեն եւ մեր կյանքին, եւ մեր սիրելի սմարթֆոններին, եւ «հավերժական» համացանցին:
2015 թվականի ամառը, որ մեր քաղաքակրթության պատմության մեջ համարվեց ամենաշոգը, այդ նույն քաղաքակրթության կողմից իրականության զգացողության կորստի արդյունք է: Գերտերությունները խոստովանում են, որ «գլոբալ տաքացումը» միֆ չէ, ոչ էլ քաղաքական կուսակցությունների քարոզչության առարկա, այլ, ցավոք, փաստ է, եւ, ցավոք, դրա մեղավորը մարդկային գործոնն է: Նրանք խոստովանում են, որ իրենց երկրներում գործող արդյունաբերական կազմակերպությունները, գործարանները, եկամուտների ետեւից ընկած, «մի քիչ» չափն անցել են, «մի քիչ» շատ են աղտոտել մոլորակը, որի արդյունքում հալվում են սառույցները, մեռնում է բուսական ու կենդանական աշխարհը, ավելանում են վիրուսներն ու քաղցկեղի տեսակները:



Իրականության կորուստը տարբեր կերպ է լինում, տարբեր պատճառներով: Մենք ընտրել ենք ռացիոնալ գիտակցությունից ու սթափ մտքից հրաժարվելու ճանապարհը: Մարդը գոյություն ունի այնքան, որքան գոյություն ունեն իր համակարգիչն ու սմարթֆոնը: Մարդու հնարավորություններն այնքան են, որքան իր ունեցած համակարգչի ու սմարթֆոնի հնարավորությունները: Սմարթֆոնի մեջ գլուխը մտցրած մարդը գոնե պիտի ազնվություն ունենա խոստովանելու, որ բովանդակ իրականության մեջ ընկերոջը տեսնելը, զրուցելն իր համար այլեւս ոչ մի արժեք ու կարեւորություն չունեն՝ մի պարզ պատճառով. ինքը չի զգում, որ դիմացը մարդ է նստած:



Արամ ՊԱՉՅԱՆ