Փետրվարը, Տեր-Պետրոսյանը եւ Հայաստանը

Փետրվարը, Տեր-Պետրոսյանը եւ Հայաստանը

Մարդը երբ փոքր է, հանրային իրադարձությունները, տոները, տարեդարձներն ու տարելիցները նրան թվում են կարեւոր ամսաթվեր: Մինչդեռ որքան մեծանում ես, այնքան սեփական կյանքում պատահող իրադարձությունները, մարդիկ, վայրերը, հիշողությունները, ծրագրերը ծածկում են տարվա օրացույցը: Մի օր էլ նկատում ես, որ բացի Ամանորից ու Սուրբ Ծնունդից դադարել ես մնացյալ հանրային տոները հիշելուց կամ դրանց կարեւորություն տալուց: Չեմ թաքցնում, որ իմ պարագայում էլ է այդպես: Կրոնական տոնացույցից թերեւս միայն Սուրբ Հարության տոնն եմ սիրում, հիշում, պատահում է նույնիսկ՝ նշում, պետական տոնացույցից` մայիսի 28-ը եւ չեմ էլ հասկանում, թե ինչու Հայաստանի ազգային օրը մայիսի 28-ը չէ, այլ 1991-ի հանրաքվեի օրը: 



Այդուհանդերձ, Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ կան հարցականների ու անհայտության քողով պատված ամսաթվեր, որ չեմ մոռանում: Երբ մի օր բացահայտվի, թե, օրինակ, ովքեր էին կանգնած Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ետեւում, կամ ինչը հարկադրեց Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ` Հայաստանը մատնելով ղարաբաղցիների ասպատակությանը, այդ ամսաթվերն էլ գուցե հետզհետե մոռացվեն: Սակայն մինչ օրս չկան պատասխաններ, կա միայն հիշողություն:



Այս տարի Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին հիշելու առիթը կրկնակի էր, քանի որ դեռ հունվարյան տոներին լրատվություն եղավ, թե բուժման նպատակով Տեր-Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ: Այնպես անակնկալի եկա, որ զանգահարեցի Տեր-Պետրոսյանի մերձավոր անձանցից մեկին, որին շատ սիրում եմ. այս ի՞նչ են գրում, ճի՞շտ են ասում, մե՞ծ վտանգ է… Նրա կեսկատակ ոճով պատասխանից եզրակացրի, որ առողջական խնդիր կա, մեկնելն անհրաժեշտություն է, բայց կյանքին սպառնացող վտանգ չէ: Հետագա օրերին, երբ լրատվություն եղավ արդեն մեկնելու, վիրահատության, կազդուրման մասին, մի պահ մտածեցի` Տեր Աստված, իսկ եթե վտանգ լիներ, եթե մի օր Տեր-Պետրոսյանը չլինի… դա սարսափելի թվաց…



Այո, Տեր-Պետրոսյանի հետ կարելի է որքան ասես չհամաձայնել` հատկապես «սառը պատերազմի» դարաշրջանում ձեւավորված ու չփոխվող իր արխաիկ հայացքների համար… Տեր-Պետրոսյանին կարելի է սխալ համարել ու որքան ասես քննադատել` ՀՅԴ-ն կասեցնելու համար, Խորհրդային Հայաստանից ժառանգված արդյունաբերությունն ու գիտությունը փոշիացնելու համար, Գագիկ Ծառուկյանի հետ շփվելու մակարդակի իջնելու համար… Տեր-Պետրոսյանին անհնար է չմեղադրել ու հնարավոր չէ ներել ղարաբաղյան հարցում վերջակետ ու վերջնագիծ չդնելու համար, ղարաբաղցիներին Հայաստանի իշխանական համակարգ բերելու եւ նրանց հանգույն ողջ երկիրը տգիտության, բարոյազրկության ու հանցագործությունների անդունդը գլորելու համար, ընտրակեղծիքների մեքենա գործարկելու համար… Ի վերջո, մեծ հաշվով, Տեր-Պետրոսյանի հրաժարականից տասնութ տարի անց Հայաստանը չունի ոչ մի այլ ձեռքբերում, քան այն, ինչ արձանագրել է Տեր-Պետրոսյանը, եւ, դժբախտաբար, չի հաղթահարվել ոչ մի սխալ, որ կատարել է Տեր-Պետրոսյանը:



Սակայն, միեւնույն է, Տեր-Պետրոսյանի հետ որքան էլ չհամաձայնես, ինչպես էլ նրան սխալ համարես կամ մեղադրես, Տեր-Պետրոսյանը եղել եւ մնում է 88-ից հետո կերտված Հայաստանի քաղաքական կոհորտայի բարձրակետը` իր դասականությամբ, ինքնատիրապետումով, հաղթանակներով, ինտելեկտով, կեցվածքով… Այն, ինչ հաջորդեց Տեր-Պետրոսյանից հետո, Սիրադեղյանի բնորոշած «գյադաների ժամանակն էր», որ դեռ շարունակվում է: Դրա համար էլ այնքան էական է, որ տեսադաշտում լինի Տեր-Պետրոսյանը, որպեսզի ուղղակի Հայաստանում սեփական ինքնությունը պահպանվի, խաժամուժի իրականության մեջ երկրի երբեմնի վերելքը չմոռացվի, եւ հավատը չկորչի, թե այս երկրում կարող են լինել առաջնորդներ:



Հրաշալի է, որ Տեր-Պետրոսյանը վերադարձավ, եւ մանավանդ, որ խոստանում են, թե քսան տարի նրա առողջությանը եւ կյանքին ոչինչ չի սպառնում: Այդքան ժամանակում ոչ միայն «գյադաների ժամանակը» կավարտվի (հուսանք՝ հենց 2017-ին), այլեւ քսան տարում պետք է որ երկիրը լուսավոր ու հուսատու հանգրվանի հասնի: Թեեւ, դատելով միջազգային զարգացումներից, շատ ավելիին կարելի է հավակնել:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ