Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն

Այն, ինչն անցյալ տարվա նոյեմբերին սկսվեց որպես ռուս-թուրքական գզվռտոց, Սիրիայում, հատկապես Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տիրող քաոսի խորանալուն զուգահեռ, ակնհայտորեն վերածվում է ռուս-թուրքական միջնորդավորված բախման: Չմիջնորդավորվածը լեզվակռիվն է երկու կողմերի միջեւ, որ ճիշտ Թումանյանի «Շունն ու կատուն» է հիշեցնում: Ինչ ասես իրար չեն ասում… Դավութօղլուն այս շաբաթ Մեջլիսում AK-ի խմբակցության խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե ռուսները «մարդ չեն», «խիղճ չունեն», «վայրենի են», «բարբարոս են», «անամոթ են»: Կրեմլից եւ ՌԴ ԱԳՆ-ից էլ աղմկում էին, թե թուրքերն «ամեն սահման անցել են», «ստախոս են», «ISIS-ի համար է սրտները ցավում», չգիտես էլ ինչ: Մի խոսքով` գող փիսո, քաչալ շուն… ինչը լիովին համապատասխանում է թե ռուսների, թե թուրքերի քաղաքակրթական մակարդակին:



Լեզվակռիվը, ինչ խոսք, ռուս-թուրքական գզվռտոցի առավել դիտարժան կողմն է, սակայն էականը միջնորդավորված դիմակայությունն է, որ ծավալվում է Սիրիայում։ Անվանապես ռուսներն էլ, թուրքերն էլ Սիրիայում իբր ISIS-ի դեմ են պայքարում, բայց ռուսների ռազմաօդային հարվածներն իջնում են Սիրիայի չափավոր ընդդիմության ուղղությամբ, Թուրքիայի հարվածները` քրդական YPG-ի ուղղությամբ:



Ընդսմին, վերջին շաբաթում ռուսները հարվածում էին միայն Սիրիայի չափավոր ընդդիմությանը, քանի որ հենց նրանք են Ասադի այլընտրանքը: Ասադից խորտակված իշխանությունից կառչած Կրեմլն այնպիսի վայրագության հասավ, որ երկուշաբթի օրը հիվանդանոցներ ու դպրոցներ էր ռմբակոծել` տասնյակ զոհերի պատճառ դառնալով եւ ողջ աշխարհի զայրույթը շարժելով: Թուրքերն էլ երդվել են, որ սիրիական Ազազ կոչվող քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանն են քարուքանդ անելու եւ ընդհանրապես թույլ չեն տալու, որ քրդերը Եփրատ գետը հատեն: Շաբաթավերջին սպառնալիքներն իրագործել էին YPG-ի ջոկատները՝ ռմբակոծելով եւ առաջխաղացումը կասեցնելով։ Թուրքիայի ռմբակոծությունները շարունակվեցին նաեւ շաբաթվա ընթացքում, Էրդողանն էլ չորեքշաբթի հայտարարեց, որ դրանք չեն դադարելու: Անկարայում որոտացած պայթյունի պատասխանատվությունն էլ Թուրքիան երեկ ջանում էր վերագրել YPG-ին։



ԱՄՆ-ն իր հերթին YPG-ին հորդորում է առկա սահմաններում մնալ, Անկարային էլ՝ռմբակոծություններին վերջ տալ, սակայն հորդորները դեր չեն կատարում, քրդերը ջանում են Եփրատից արեւմուտք տարածվել եւ հատկապես Ազազ քաղաք մտնել, թուրքերն էլ ռմբակոծություններով աշխատում են YPG ջոկատներին վնասել եւ ամեն դեպքում քրդական YPG-ի ջոկատների մուտքն Ազազ բացառել:



Քրդական խաղաքարտը բացված է



Ինչո՞վ է Ազազի տեղադրությունն այդքան կարեւոր: Խնդիրն այն է, որ Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում երկրի հյուսիսային տարածքները հետզհետե հայտնվել են քրդական PYD (YPG)-ի վերահսկողության ներքո: Ասվում է, որ Ազազ քաղաքը գրավելով՝ նրանք կմիավորեն մինչ այժմ վերհսկվող անկլավները եւ արդյունքում Իրաքի քրդական ինքնավարության պես մի բան կձեւավորեն նաեւ Սիրիայում: Թե դրանից Թուրքիային ինչ վտանգ՝ դժվար է հասկանալ: Դիցուք, Իրաքի քրդերի հետ թուրքերը շատ էլ ջերմ հարաբերություններ ունեն: Մեկ-երկու ամիս առաջ, երբ Անկարայի եւ Բաղդադի միջեւ դիմակայություն էր ծագել Մոսուլ գործուղված թուրք զինվորականների պատճառով, Թուրքիայից հայտարարում էին, թե Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարի` Մասուդ Բարզանիի խնդրանքով են զինվորներ ուղարկել: Կամ երբ Բարզանին այցով Թուրքիա էր ժամանել, առաջինը MIT-ի (Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության) գրասենյակ էր գնացել:



Իսկապես դժվար է հասկանալ, թե Սիրիայի քրդական ինքնավարությունն ինչու է Թուրքիայի ազգային անվտանգության համար ուղղակի սպառնալիք, սակայն փաստն այն է, որ թուրքերը երդվում են, թե թույլ չեն տա ոչ Ազազի գրավում քրդերի կողմից, ոչ էլ քրդական ինքնավարության ստեղծում: Ռուսներն էլ շտապում են հնարավորինս Ազազը ռմբակոծել եւ քրդերի համար ճանապարհ բացել, քանի դեռ Ազազը համարյա դատարկ է: Թե քրդերի Ազազ մտնելուց Ռուսաստանի շահը որն է, նույնքան բարդ է հասկանալ: Երեւակայությանը շատ ուժ տալու դեպքում կարելի է ենթադրել, որ ռուսները ցանկանում են Սիրիայում քրդական ինքնավարության ձեւավորմանը մասնակցել, որպեսզի այդ պլացդարմից Թուրքիայի ներքին քրդաբնակ շրջանների հետ գործակցեն ու Թուրքիան ապակայունացնեն: Բայց եթե ռուսները նման ծրագրեր էլ ունենան, դրանց իրագործումը միրաժ է:



Այլ հարց է, որ Ազազի պատճառով ռուսներն ու թուրքերը ընդամենը մի քանի օրում բարձրաձայնեցին միմյանց հաշվարկների եւ խաղաքարտերի մասին: Կրեմլի` հոգեգարի հռչակ ունեցող խոսափողները` Ժիրինովսկի, Մոդեստ Կոլերով եւ այլն, արդեն ցնդաբանել են անկախ Քուրդիստանի մասին: Դավութօղլուն էլ այս շաբաթ հայտարարեց, որ PKK-ն ու նրան գործակցող PYD (YPG)-ն Ռուսաստանի հաճախորդն են, Մերձավոր Արեւելքում ազդեցություն պահպանելու ռուսական գործիքները:



Այնպես որ, մինչեւ փետրվարի 17-ը լեզվակռիվն արդեն հասել էր սահմանագծին, խաղաքարտերը համարյա բաց նետված էին խաղասեղանին։ Իսկ փետրվարի 17-ին, Անկարայի ահաբեկչությունից հետո, Էրդողանն աղաղակում է, որ «Թուրքիան չի ընկրկի՝ գործադրել իր ինքնապաշտպանության իրավունքը ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում եւ ցանկացած կերպով»։ Տեսնենք՝ դա ինչ կարող է նշանակել:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ