Ումբերտո Էկո. Մեծ ժառանգություն

Ումբերտո Էկո. Մեծ ժառանգություն

Փետրվարի 19-ին կյանքից հեռացավ 84-ամյա իտալացի արձակագիր, նշանագետ, պատմաբան-միջնադարագետ Ումբերտո Էկոն: Երբ հրատարակվեց համաշխարհային բեսթսելլեր հռչակված նրա ամենահայտնի վեպը՝ «Վարդի անունը», պրոֆեսոր Էկոն 48 տարեկան էր, եւ, ըստ իրեն, վեպը պարզապես լավ ժամանց ունենալու եւ հետաքրքրության համար էր գրել: «Վարդի անունը» ծնվել էր ընդամենը մի պատկերից, տարիներ առաջ մի թղթի վրա սղագրած վանականի անունից: 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային գրականության եւ մշակութաբանության ամենակարեւոր հեղինակներից մեկի մահը լուսաբանող արեւմտյան զանգվածային լրատվամիջոցներից շատերը գրում են. «Կյանքից հեռացավ «Վարդի անունը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակը՝ Ումբերտո Էկոն»: 



Մի գրքի հեղինակության խարանը, գրողին իր ամենահայտնի գրքով մտաբերելն Էկոյին անհարմար էր թվում: Նա վերհիշում էր Մարկեսին, երբ տալիս էին կոլումբիացի արձակագրի անունը, գրեթե միշտ հաջորդ վայրկյանին մեջտեղ էին բերում «Հարյուր տարվա մենությունը» վեպը եւ շատ քիչ էին խոսում մյուս գործերի մասին: Էկոյի համար «Վարդի անունն» իր վիպասանության սկիզբն էր, դրանից հետո, ամեն հինգ տարին մեկ նա հրատարակում էր նոր, իրենց կառույցներով եւ թեմատիկ ընդգրկումներով ոչ պակաս հետաքրքրական եւ ուշագրավ վեպեր՝ «Ֆուկոյի ճոճանակը», «Բաուդոլինի», «Կղզին՝ նախօրեին» եւ այլն: Դրա հետ մեկտեղ շարունակելով իր գիտական աշխատանքը՝ Էկոն ֆենոմենալ աշխատասիրություն եւ բեղունություն էր ցուցաբերում: Այն հարցին, թե «ո՞րն է դրա գաղտնիքը» («Paris Review» - The Art of Fiction No. 197), նա պատասխանում է.
«Ես միշտ ասել եմ, որ ունակ եմ օգտագործել միջանկյալ ժամանակահատվածներ… Մեր կյանքում դրանք շատ են: Այս առավոտյան Դուք զանգ տվեցիք, այնուհետեւ սպասեցիք վերելակին, իսկ հետո, մինչ այստեղ հայտնվելը, մի քանի րոպե անցավ: Գրելու համար ես օգտագործում եմ այսպիսի միջանկյալ րոպեներ: Ես կարող եմ աշխատել զուգարանում, գնացքի մեջ: Ծովում լողալիս կարող եմ մտորել շատ բաների մասին եւ ավելի քիչ՝ բաղնիքի լողարանում, թեպետ այնտեղ՝ եւս»: «Իսկ լինո՞ւմ է այնպես, որ չեք աշխատում»:



Էկո. «Ոչ, չկա նման բան, թերեւս մի անգամ՝ ընդամենը երկու օր, երբ վիրահատվել էի»:
Բացի գրքեր հրատարակելուց, Էկոն գրեթե ողջ կյանքի ընթացքում հանդես էր գալիս հոդվածներով, ակնարկներով, թերթերում, ամսագրերում վարում հեղինակային սյունակներ: Գրում էր զանգվածային մշակույթի, մեդիաների, ժամանակակից կենցաղի, համացանցի, քաղաքականության, սիրելի հեղինակների, կոմիքսների, սուրճի, գինու եւ, առհասարակ, խոհանոցի մասին: Էկոն հնագույն գրքերի մեծ հավաքածու ուներ, որի մասին հանգամանորեն պատմում է «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուի մեջ (այն կարող եք ընթերցել հայերեն, «Անտարես», 2015, թարգմանությունը ֆրանսերենից՝ Սարգիս Դավթյանի): 20-րդ դարի երկրորդ կեսի բացառիկ ինտելեկտուալներից մեկը հեռանում է՝ մեզ թողնելով մի հսկայական ժառանգություն: Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ Էկոյի ամենահայտնի՝ «Վարդի անունը» վեպն արդեն հասանելի է նաեւ հայ ընթերցողին: