Դաշինք կկազմենք ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք ռադիկալ չեն. Տիգրան Ուրիխանյան

Դաշինք կկազմենք ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք ռադիկալ չեն. Տիգրան Ուրիխանյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։



-Պարոն Ուրիխանյան, «Ալյանսը», որը նորաստեղծ կուսակցություն է, այսօր ունի՞ այն բավարար ռեսուրսները, որպեսզի կարողանա մասնակցել 2017թ. ԱԺ ընտրություններին։



-Այդ հարցին ավելի ճիշտ կլինի պատասխանել 2017թ. ԱԺ ընտրությունների նախօրեին։



-Քաղաքական դաշտն այսօր մասնատված է։ Դուք պատրա՞ստ եք ԱԺ մուտք գործելու համար դաշինք կազմել այլ քաղաքական ուժերի հետ։



-«Ալյանս»-ի հիմնադրման առաջին օրվանից մենք որպես ցանկալի նախապայման հռչակեցինք ընդդիմադիր դաշտի միավորումը։ Ես հանդես եմ եկել նման կոչով։ Բանակցություններն ընթանում են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։



-Որո՞նք են այն քաղաքական ուժերը, որոնց հետ բանակցում եք՝ «Քաղաքացիական պայմանագի՞ր», «Լուսավոր Հայաստա՞ն», ՀԱ՞Կ, «Հանրապետությու՞ն»...



-Գրեթե բոլորի։ «Լուսավոր Հայաստանի» հետ չենք բանակցում։ Կարծում եմ, կարիք չկա մասնավորեցնելու, քանի որ դա տեւական գործընթաց է։ Եթե կստացվի, ապա այդ ամենը կներկայացնենք հանրությանը։



-Ւսկ գաղափարական տեսանկյունից ո՞ր կուսակցությունների հետ Դուք կարող եք դաշինք կազմել։



-Այ դա կարեւոր հարց է։ Մենք դաշինք կկազմենք այն քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն իրական ընդդիմադիր կուրս, հավասարակշռված են, ոչ ռադիկալ, ընդդիմադիր են այսօրվա կառավարողներին եւ կառավարման համակարգին։



-Պարոն Ուրիխանյան, Դուք կարո՞ղ եք վայելել հանրության վստահությունը, եթե նկատի ունենանք, որ ժամանակին, Ռոբերտ Քոչարյանի օրոք, ղեկավարում էիք իշխանամետ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, հետո դարձաք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, որը նույնպես դժվար է համարել ընդդիմադիր։



-Վստահությունը ես չէ, որ պետք է որոշեմ։ Դրա համար կա՛մ հարցրեք հանրության ներկայացուցիչներին, կա՛մ անցկացրեք սոցիոլոգիական հարցում, կա՛մ էլ ցույց կտան ընտրությունների արդյունքները։ Ինչ վերաբերում է իշխանամետությանը, ապա Հայաստանի առաջադիմական կուսակցությունը հանդես է եկել հստակ հայտարարություններով ու դիրքորոշումներով այն ժամանակվա ընդդիմության մասին, որն այսօր հանգրվանել է իշխանության դաշտում։ Իշխանություններն էլ տասը տարին մեկ փոխվում են։



-Պարոն Ուրիխանյան, տեղեկություն կար, որ պետք է այսօր մասնակցեիք ԱԺ-ի դիմաց կազմակերպված լրագրողների ցույցին՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի, որը վիրավորել էր լրագրողներին՝ նրանց անվանելով «նախիր»։ Ինչու՞ չմասնակցեցիք։



-Ես հանդես եմ եկել հայտարարությամբ, դրանից բացի՝ կուսակցության խոսնակն է ներկա գտնվել։



Թագուհի Հակոբյան