Այաթոլա Խոմեյնիի թոռանը մերժել են

Այաթոլա Խոմեյնիի թոռանը մերժել են

Այսօր՝ 2016թ. փետրվարի 26-ին, Մերձավոր Արեւելքում երկու ռեզոնանսային իրադարձություն է սպասվում: 



Առաջինը` մինչեւ կեսօր Սիրիայում բոլորը, ովքեր, ISIS-ը թողած, միմյանց դեմ են պատերազմում․ ռուսները եւ Ասադը` Սիրիայի չափավոր ընդդիմության, թուրքերը` քրդական YPG-ի եւ PKK-ի, «Հեզբոլլահը»` սուննիների, քրդերը` թուրքերի, ընդդիմադիրների եւ ISIS-ի եւ այլն, եւ այլն, պետք է հայտնեն, թե արդյոք ընդունո՞ւմ են Վաշինգտոնի եւ Մոսկվայի առաջարկած հրադադարի համաձայնագիրը: Չի թվում, թե այդ համաձայնագիրը շատերը կհարգեն, հետեւաբար, երեկ արդեն Վաշինգտոնում խոսում էին Plan B-ից: Վաշինգտոնը Մոսկվայի հետ համաձայնագրին հավանություն է տվել, որպեսզի Ռուսաստանը կարողանա, դեմքը փրկելով, դադարեցնել Սիրիայի չափավոր ընդդիմության ու քաղաքացիական բնակչության հրթիռակոծումները: Հակառակ պարագայում, երեկ արդեն բարձրաձայնվում էր, որ Ռուսաստանի դեմ կսահմանվեն միջազգային նոր պատժամիջոցներ:



Սպասվող երկրորդ, նույնիսկ ավելի էական իրադարձությունն Իրանում այսօր կայացող խորհրդարանական եւ, միաժամանակ, հոգեւոր խորհրդի ընտրություններն են: Իրանագետներն ասում են, թե 1979-ի իսլամական հեղափոխությունից ի վեր սրանք գուցե ամենաբախտորոշ ընտրություններն են: Իհարկե, Իրանում գոյություն չունեն կուսակցություններ, բայց հասարակությունը եւ խորհրդարանական մանդատների հավակնորդները տարերայնորեն բաժանվել են բարեփոխիչների եւ պահպանողականների ճամբարների: Բարեփոխիչների հաղթանակն անհրաժեշտ է, որպեսզի նախագահ Ռոհանիի` արտաքին աշխարհի առջեւ Իրանը բացելու քաղաքականությունը շարունակվի:



Բայց խորհրդարանից ավելի էական է հոգեւոր խորհրդի ընտրությունը, որի 80 անդամները գուցե իրականում չեն վերահսկում, բայց հաստատապես ընտրում են Իրանի հոգեւոր առաջնորդին: Այս խորհրդի անդամներն ընտրվում են ութ տարի ժամկետով: Հաշվի առնելով ներկա Այաթոլա Խամենեիի առաջացած տարիքն ու առողջական տկարությունը, ենթադրելի է, որ հենց այսօր ընտրվող խորհրդի անդամները կլինեն երկրի հաջորդ հոգեւոր առաջնորդին նշանակողները: Դրանից ելնելով էլ՝ այնքան հաշվարկներ են արվել խորհրդի 80 տեղերին հավակնող շուրջ 160 թեկնածուների առնչությամբ, որ, ի վերջո, մերժվել է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլա Խոմեյնիի թոռան թեկնածությունը: Նա այաթոլաներին «լիբերալ» է թվացել:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ