Քաղաքագրություն. Երեւանը եւ նրա անվան պատմությունը

Քաղաքագրություն. Երեւանը եւ նրա անվան պատմությունը

Երեւանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ 1968 թվականի աշնանը լրացավ նրա հիմնադրման 2750 տարին։ Երեւանի տոպոնիմիկան շատ հետաքրքիր պատմություն ունի, որը մեզ հասցնում է Հին Արեւելքի մի նշանավոր պետության ժամանակաշրջան։ Այդ պետությունն Ուրարտուն էր, որը մեր թվագրությունից առաջ, 9-6-րդ դարերում, աչքի ընկնող տեղ էր գրավում Առաջավոր Ասիայում։ Երեւանի հարավային եւ հարավ-արեւելյան մասերում, Կարմիր բլուր եւ Արին-բերդ կոչվող վայրերում, մնացել են պատմական հուշարձաններ, որոնք լուռ վկաներն են ուրարտական անցյալ փառքի։ Հայտնի է, որ մեր թվագրությունից առաջ, 6-րդ դարում, Ուրարտու պետությունը դադարեց գոյություն ունենալուց եւ համարյա մոռացության մատնվեց։ Դրա օրինական ժառանգորդը դարձան հայերը։ Նրանք ժառանգեցին ուրարտական աշխարհագրական շատ անվանումներ, որոնք պահվել ու ավանդվել են սերնդեսերունդ։ Դրանց թվին են պատկանում Արարատը (Ուրարտու), Վանը (Բիայնա), Տուշպան (Տոսպ), Երեւանը (Էրեբունի), Սեւանը (Սունիա կամ Ծուինիա) եւ այլն։ Սրանք գեղեցիկ եւ հաճելի ժառանգություններ են, եւ բնական է, որ շատ բան կարող են պատմել, եթե հնարավոր լինի դրանց ճիշտ ստուգաբանությունը, իմաստավորումը, որովհետեւ դրանք հեռավոր անցյալը կապում են ներկային:



Ճիշտ է, աշխարհագրական այս կամ այն անվան մեկնությունը հետաքրքիր է, բայց այն հաճախ կապված է մեծ դժվարությունների եւ ժամանակի հետ։ Չէ որ անունները, սերնդեսերունդ փոխանցվելով, ենթարկվում են ձեւափոխման, գալիք սերունդներն այն հարմարեցնում են իրենց լեզվին եւ արտասանում իրենց եղանակով։ Այս հանգամանքը, բնական է, դժվարացնում է անվան մեկնաբանումը։ Եվ հաճախ այս կապակցությամբ զանազան լեգենդներ են հորինվում, կամ էլ առաջ են քաշվում գիտական հիպոթեզներ, որոնք, սակայն, կարիք են զգում վերջնական ապացուցման։ Այդպես է եղել նաեւ «Երեւան» անվան հետ, որի առաջացման նախնական ստուգաբանությունն ավանդական հենքով է հյուսվել։ Այն կապվել է Նոյի առասպելի հետ, ըստ որի՝ Նոյ նահապետի տապանը կանգ է առել Մասիսի գագաթին, ու երբ Նոյը դուրս է եկել տապանից, նրա աչքին առաջին անգամ երեւացել է մեր քաղաքի տեղը։ Այստեղից էլ նրա անունը կապել են հայոց «երեւալ» կամ «երեւան» (հանդես գալ) բառերի հետ։ Իհարկե, այդ ավանդությունը մնաց որպես ավանդություն։ Հետագայում Երեւանի անվան մեկնության մեկ այլ տեսակետ առաջ քաշվեց։ Դրա հեղինակը Մոսկվայի Կայսերական հնագիտական ընկերության անդամ, արեւելագետ Մ. Նիկոլսկին էր, որն Արեւելյան Հայաստանում լինում է 1893 թվականին եւ հայտնի արձանագրությունների հիման վրա ուրարտական Էրիաինի տեղանվան հետ կապում մեր քաղաքի անվան առաջացումը։ Նա ասում էր, որ եղել է Էրիաինի անվամբ երկիր, որտեղ ապրել է էրի ցեղախումբը, եւ կենտրոնն էլ եղել է Էրիավանը։ Բայց անվանի գիտնական, պրոֆեսոր Գր. Ղափանցյանի ուսումնասիրությունից պարզվեց, որ էրի ժողովուրդն ապրել է Շիրակում։ Հարցին վերջնական պարզություն տվեցին Արին-բերդի պեղումները։ Ինչպես հայտնի է, ժամանակին Արին-բերդի շրջակա հողերը պատկանում էին Նորք գյուղին։ Մի նորքեցի ներկայիս Արին-բերդի ցածրադիր մասերում վար անելիս՝ 1879 թվականին, գտնում է ուրարտական քառատող սեպաձեւ արձանագրություն, որը 1894 թվականից պահվում է Մոսկվայի պատմության թանգարանում։ Գիտնականները գնացին այդ արձանագրության հետքերով՝ հավանական համարելով, որ քարը գլորվել է բլրի գագաթից։ Այստեղ հետազոտեցին եւ հայտնաբերեցին բերդաքաղաքի հետքեր։ Չէ որ խոր անցյալը վերականգնելու համար հնագիտական հետազոտություններն ամենահուսալի աղբյուրն են։ Այնուհետեւ՝ սովետական գիտնականների պեղումներով այնտեղ հայտնաբերված հնությունները, հատկապես սեպագիր արձանագրությունները, նոր լույս սփռեցին «Երեւան» անվան ծագման վրա։ Պարզվեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի անունը մեզ է հասել ուրարտական ժամանակներից։ Դա էլ, Հայկական բարձրավանդակում եղած շատ անունների նման, ուրարտական ծագում ունի։ Պարզվեց նաեւ, որ Երեւանի անվանման ստուգաբանության բանալին խնամքով պահված է Արին-բերդում գտնված Արգիշտի Առաջինի սեպագիր մի արձանագրության բնագրում։ Այստեղ 1950 թվականին հայտնաբերված ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը քանդակված է բազալտե կարծր քարի վրա, հանդիսանում է Երեւանի, ինչպես ասում են՝ «ծննդյան վկայականը»։ Գրված է Արգիշտի թագավորի ժամանակ եւ պատմում է, որ այստեղ Մենուայի որդի Արգիշտին հիմնադրել է Էրեբունի բերդ-քաղաքը։ Իսկ նույն Արգիշտիի կամ Վանա ժայռի արձանագրությունից պարզ էր, որ Էրեբունին հիմնադրվել է Արգիշտիի թագավորության հինգերորդ տարում՝ մ. թ. ա. 782-781 թվականներին։



Արարատյան դաշտի ուրարտական բերդաքաղաքներից երկրորդն Արգիշտի-խինիլին է (Արմավիրը), իսկ երրորդը՝ նշանավոր Թեյշեբայինը (Կարմիր բլուրը)։ Այսպիսով, Արարատյան դաշտը եղել է Ուրարտուի հիմնական մասը, կենտրոն ունենալով Տուշպան (Վանը): Ուրարտագետ Մարգարիտ Իսրայելյանի վկայությամբ, Ուրարտուն իր ծաղկման ու բարգավաճման շրջանն ապրեց մ. թ. ա. VIII դարում, Արգիշտի Ա եւ Սարդուր Բ, այսինքն՝ հայր եւ որդի թագավորների օրոք։



Արին-բերդի պեղումներից հայտնաբերված սեպագիր արձանագրություններից մեզ հետաքրքրող վիմագիրն է՝ 1950 թվականին, ճարտարապետ Կ. Հովհաննիսյանի հետազոտական աշխատանքների ժամանակ գտնված՝ տասներեք տողից բաղկացած քարը, որն ամբողջական է, դիմացել է ժամանակին ու հիանալի պահպանվել։ Արձանագրության վերծանումը 1951 թվականին կատարեց Մարգարիտ Իսրայելյանը։ Պարզվեց, որ Երեւան քաղաքի անունն ուրարտական շրջանից է գալիս եւ սերվել է Էրեբունուց։ Այդ սեպագիր արձանագրությունն իր գոյությամբ, թե պատմալեզվագիտական եւ թե աշխարհագրական տեսակետից լուռ վկան է կարեւոր փաստի՝ Երեւանի անվան առաջացմանը։ Ուրարտագիտությունից հայտնի է, որ ուրարտերեն «բ» հնչյունը հայերենում հնչում է «վ»։ Այստեղից էլ «Էրեբունի» ուրարտական անունը, սերնդեսերունդ անցնելով, ձեւափոխվել եւ հնչել է Էրեվուն (ի), իսկ այնուհետեւ՝ Էրեւան կամ Երեւան։



Կ. Ավետիսյան



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ