Թեհրանում ստացել են 30 մանդատից 30-ը

Թեհրանում ստացել են 30 մանդատից 30-ը

Փետրվարի 26-ին Իրանում կայացան խորհրդարանական եւ Հոգեւոր խորհրդի ընտրություններ: Երեկ երեկոյան Իրանի ներքին գործերի նախարարությունն ամփոփել էր ընտրությունների նախնական արդյունքները, սակայն դրանք ավելի քան տպավորիչ են՝ մայրաքաղաք Թեհրանին հատկացված 30 խորհրդարանական մանդատներից բոլոր 30-ը շահել են բարեփոխիչները եւ չափավորները: Պահպանողականները չեն կարողացել գեթ մեկ մանդատ ստանալ:



Իրանում չկան կուսակցություններ, սակայն հասարակությունը եւ խորհրդարանի 290 մանդատներին հավակնող շուրջ 6 հազար թեկնածուները տարերայնորեն բաժանված էին բարեփոխիչների, նրանց հարող չափավորների եւ բարեփոխիչներին ընդդիմացող պահպանողականների: Ըստ երեկ հայտնած տվյալների` խորհրդարանի 290 մանդատներից 85-ը բաժին է հասել բարեփոխիչներին, 73 մանդատ` չափավորներին, որոնք բարեփոխիչների հետ նույն ճամբարում են, եւ մանդատների շուրջ 20 տոկոսն ստացել են պահպանողականները, որոնք հանդես էին գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերցնյակի հետ կնքված համաձայնագրի դեմ: Եվս շուրջ 50 մանդատների ճակատագիրը կորոշվի ապրիլին, երբ որոշ բնակավայրերում կանցկացվեն կրկնակի ընտրություններ կամ ընտրությունների երկրորդ փուլ:



Ամեն պարագայում, արդեն պարզ է, որ բարեփոխիչները՝ ներկաիս նախագահ Հասան Ռոհանիի, եւ չափավորները` նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի առաջնորդությամբ, որոշիչ մեծամասնություն են ստացել խորհրդարանում: Ինչն ավելի էական է. ըստ հաղորդումների, Ռոհանիի եւ Ռաֆսանջանիի ճամբարը կատարյալ հաղթություն է տոնել նաեւ Հոգեւոր խորհրդի ընտրություններում, որի անդամ 88 աստվածաբանները նշանակում են երկրի հոգեւոր առաջնորդին: Իհարկե, Իրանի բարեփոխիչները միայն պայմանականորեն եւ համեմատության մեջ են բարեփոխիչ, առավել եւս՝ չափավորները հեռու են պահպանողականների հակապատկեր լինելուց, սակայն նրանց հաղթանակը ցույց է տալիս, որ իսլամական հեղափոխության երկրպագուների շարքերն անշեղորեն նոսրանում են:



Իրանում, ավանդաբար, պահպանողականների միջնաբերդ են համարվում շիա հոգեւորականները եւ հեղափոխության գեներալները: Հոգեւորականների ինստիտուցիոնալ ամենազորեղ կառույցը Հոգեւոր խորհուրդն է` զինվորականների ամենաազդեցիկ կառույցն Իրանի հեղափոխության պահապանների գունդը: Հետեւաբար, արտաքին աշխարհի համար ամենից էականն այն է, թե փետրվարի 26-ի ընտրությունների արդյունքներն ինչպես կանդրադառնան Հոգեւոր խորհրդի, վերջինիս կողմից ընտրվող Իրանի հոգեւոր առաջնորդի եւ վերջնահաշվում միայն այդ առաջնորդին ենթարկող Հեղափոխության պահապանների գնդի գործունեության վրա:



Գուցե Իրանի ներսում մարդկանց առավելապես հուզում են տնտեսական դժվարությունները, իրենց ազատությունների սահմանափակումները, եւ նրանք բարեփոխիչներին են ընտրել` հուսալով ինտեգրվել աշխարհին, ստանալ տնտեսական բարգավաճման հնարավորություններ եւ ավելի շատ ազատություններ: Սակայն Իրանի սահմաններից դուրս շատ ավելի էական է, թե 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր մահմեդական աշխարհը լուսավորելու առաքելություն ստանձնած Իրանի այաթոլլաները եւ նրանց ազդեցությունը տարածող Հեղափոխության պահապանների գունդը, որ իրենց առաքելության արդյունքում ոչ այնքան մահմեդական աշխարհն են հավատափոխել, որքան al-Quds Force-ի հովանու ներքո շիաների զինյալ խմբավորումներ են ձեւավորել եւ ողջ Մերձավոր Արեւելքը վերածել սուննի-շիա բախումների թատերաբեմի, ընտրություններից հետո արդյոք կվերանայե՞ն իրենց առաքելությունը եւ ծրագրերը:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ