Անդրանիկ Մարգարյանի ջանքերով Թամանյանի թանգարանը չփակեցին

Անդրանիկ Մարգարյանի ջանքերով Թամանյանի թանգարանը չփակեցին

Օրեր առաջ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտը եւ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը վերամիավորելու մասին։ Այդ որոշման համաձայն, վերամիավորված կառույցը կրելու է «Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» անունը։



Քաղաքաշինության նախարարության առաջարկը մինչեւ կառավարության որոշում դառնալը պետք է դեռ 2-3 ամիս անցնի, բայց այդ միավորման շուրջ, ցավալիորեն, կարծես էլ ոչ ոք չի կասկածում, եւ դա արվում է այն ժամանակ, երբ լրանում է Երեւանը նախագծողի մահվան 80 տարին։ Այդ որոշմանը հաջորդիվ, մամուլում ահազանգ հնչեցրեց Ալ. Թամանյանի լոնդոնաբնակ թոռը՝ Գագիկ Թամանյանը, բաց նամակ հղելով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ, Դուք հասաք Ձեր ուզածին եւ հետ վերցրիք Ձեր նախարարության բանկետի սրահը, խմեք այնտեղ շամպայն, բայց իմացեք, որ Ձեր այդ քայլով Դուք բազմապատկեցիք Ձեր հերոստրատյան հիշատակը»։ 



«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով, Թամանյանին չի կարելի ընդհանուր կաթսայի մեջ տեղավորել, նա արժանի է եւ պետք է ունենա իր առանձին թանգարանը։ Նա ցավով նկատեց, որ այսօր Հայաստանում թանգարան պահել-չպահելն այցելությունների քանակով են հաշվում, բայց դա չի կարելի հիմնավոր պատճառ համարել, որովհետեւ հակառակ դեպքում փակման կամ, այսպես ասած, «վերամիավորման» տակ կհայտնվեն բոլոր տուն-թանգարաններն ու անգամ որոշ թանգարաններ։ Նրա կարծիքով, այդ նույն տրամաբանությամբ կարելի է այս կամ այն գրողի թանգարանը փակել եւ բոլորին միավորել մի տեղում՝ ստեղծելով գրականության թանգարան՝ միաժամանակ նոր տարածքներ ազատելով։ «Թամանյանի հռչակը լոկալ մասշտաբի չէ, ինչպես Հայստանի մյուս ճարտարապետների կամ գրողների, դերասանների դեպքում, նա պետք է դուրս լինի օպտիմալացման պրոցեսներից»։



Ըստ Մարիամ Խաչատրյանի, Թամանյանի ժառանգությունը պետք է անբասիր պահպանել նաեւ այն պատճառով, որ այն հանդիսանում է բարձր որակի ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, որը Երեւան քաղաքից օր օրի անհետանում է. «Գալիք սերունդներն այն ընկալելու, սովորելու, ուսումնասիրելու հնարավորություն են ունենալու միայն գծագրերի, քարտեզների միջոցով, քանի որ ուրիշ միջոց, ցավոք սրտի, էլ չկա։ Թամանյանի թանգարանը հանդիսանում է ոչ միայն թանգարան, այլ գրագետ ճարտարապետության եւ քաղաքաշինության մտքերի պահոց, իսկ ընդհանուր Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի պահեստներում այդպիսի պահպանումը երաշխավորված չէ։ Ինչպես նաեւ բազմաթիվ են ընդհանուր արխիվներում գտնվող նյութերի անհետացման դեպքերը»։ Նա օրինակ բերեց 1924թ. Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը հիմնական գլխավոր հատակագիծն է եղել Երեւան քաղաքի զարգացման համար, բայց դրա մասին, ինչպես իր նամակում նշել էր Գագիկ Թամանյանը, ապա նաեւ Մարիամ Խաչատրյանը, Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը Հայաստանից անհետացել է, իսկ Երեւան քաղաքի թանգարանում կախված է ինչ-որ մի «հիբրիդ» գլխավոր հատակագծից, որի վրա մատնանշված է 1925թ.-ն։ Նա տեղեկացրեց, որ ի սկզբանե այն պահվում էր քաղաքապետարանի արխիվում, հետո «Երեւան նախագծի» արխիվում, եւ պարզ չէ, թե որտեղից, ինչպես եւ կոնկրետ որ թվականին է անհետացել։



Ինչ վերաբերում է Թամանյանի գործունեությունն ուսումնասիրելուն, ապա. «Միայն առանձին կառույցը, որը տնօրինվում է իր ընտանիքի կողմից, կարող է ապահովել անկողմնակալ նյութերի տրամադրում, միայն առանձին կառույցը կարող է ապահովել նյութերի պատշաճ պահպանում, ոչ թե նկուղներում խառը լցրած տարբերակով, ինչպես դա արվում է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի նկուղներում, ավելին՝ շատ ժամանակ ինստիտուտը նյութեր չի տրամադրում՝ պատճառաբանելով, թե դրանք չկան։ Չեմ հասկանում՝ ի՞նչ գիտահետազոտական պրոգրեսի մասին կարող է խոսք գնալ։ Եթե Ճարտարապետության թանգարան-ինստիտուտն ուզում է ուսումնասիրել Թամանյանի ժառանգությունը՝ թող ուսումնասիրի, ոչ ոք իրեն չի խանգարում»։



Քաղաքաշինության դոկտորը կարծում է, որ Թամանյանի անունը շատ է շահարկվում ճարտարապետական վերնախավի կողմից այս կամ այն քաղաքաշինական ծրագիրն իրականացնելիս։ Մինչդեռ Թամանյան թանգարան-ինստիտուտի նյութերն այդ ծրագրերի իսկության ճիշտ հակառակն են մատնանշում։ «Թամանյան թանգարան-ինստիտուտի միավորումը Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի հետ կազատի ճարտարապետական վերնախավին այդ գլխացավանքից։ Թամանյանի թանգարանի նյութերը կզտվեն, կներկայացվեն այնպես, ինչպես պետք է այսօրվա ճարտարապետական վերնախավին։ Իսկ արդյունքում կունենանք նորից Թամանյանի նյութերի անհետացում, իրականության խեղաթյուրում, եւ մի օր էլ կպարզվի, որ այսօրվա ճարտարապետներն ավելի լավ քաղաքաշինություն են ստեղծել, քան Թամանյանը։ Այս վայրագ հասարակական հարաբերությունների ժամանակներում պետության պարտքն է պահպանել Թամանյանի ժառանգությունը, ոչ թե այն փակել միավորելու անվան տակ»։ Մարիամ Խաչատրյանը հիշեց, որ թանգարանը նաեւ 2004-ին են ցանկացել միավորել, բայց նրա առաջին տնօրեն՝ Թամանյանի թոռ Ալեքսանդր Թամանյանի եւ Անդրանիկ Մարգարյանի ջանքերով այն չի փակվել։ Փաստորեն, պատմությունը կրկնվում է։