Դեպի ո՞ւր է շարժվում Ադրբեջանը

Դեպի ո՞ւր է շարժվում Ադրբեջանը

2016-ի սկզբից ի վեր ամենից ուշագրավ իրադարձությունը Հարավային Կովկասում, թերեւս, փետրվարի վերջին Թեհրանում կայացած Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր, որի ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվեցին համագործակցության փաստաթղթեր` գրեթե նույն ոլորտների վերաբերյալ, որոնք կարգավորվել են ԱլԳ երկրների հետ ԵՄ բանակցած ասոցացման համաձայնագրերով:



Ինչո՞ւ դեպի Իրան



Ստորագրված փաստաթղթերի անվանումներին ծանոթանալով՝ այն տպավորությունն է ստեղծվում, որ Իրանն ու Ադրբեջանը համապատասխանեցնում են իրենց քաղաքականությունները ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության կամ վառելիքի արդյունահանման ոլորտներում, ինչը կարող էր միանգամայն բացատրելի եւ տրամաբանական լինել, այլեւ մաքսային ծառայությունների, աշխատուժի, էներգետիկայի, ֆիտո-սանիտարիայի, առողջապահության եւ բժշկագիտության, անգամ կանանց եւ ընտանիքին առնչվող հարցերում: Ստացվում է, որ մինչ մնացյալ ԱլԳ երկրները` Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը եւ Բելառուսը, այս կամ այն չափով Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհով են ընթանում, Ադրբեջանն Իրանի հետ է ինտեգրվում:



Հաշվի առնելով, որ Ալիեւը վերջին հիմարը չէ երկրագնդի վրա, իսկ Իրանի հետ էլ Ադրբեջանն ավանդաբար խնդիրներ ունի Իրանում ապրող ադրբեջանցիների եւ Հարավային Ադրբեջան կոչվող տարածքների պատճառով, հազիվ թե Ալիեւն առանց մեծ հարկադրանքի, հոժարակամ Ադրբեջանն ինտեգրեր Իրանին: Ալիեւը նման քաղաքականություն կարող էր որդեգրել, եթե դա ավելի վտանգաշատ սցենարներից խուսափելու միջոց լիներ: Ադրբեջանի համար կյանքն իրոք անտանելի է դառնում խորացող Թուրքիա-Ռուսաստան եւ Իրան-սուննիներ դիմակայությունների հորձանուտում, եւ, հավանաբար, Ալիեւին լավագույն ինքնապաշտպանություն է թվացել Իրանին մերձենալը:



Ինչ խոսք, Իրանի հետ ինտեգրման արդյունքում Թուրքիա-Ադրբեջան կապերը ժամանակի ընթացքում կթուլանան` գուցե հասնելով Թուրքիա-Ղազախստան կապերի մակարդակին, բայց դա երեւի Ալիեւին երեւում է չարյաց փոքրագույնը: Ի վերջո, Թուրքիա-Ռուսաստան փլուզված ու, բարեբախտաբար, ավելի ու ավելի լարվող հարաբերությունների ֆոնին, Ալիեւը կարող է հարկադրված լինել ընտրել բարիկադի կողմերից մեկը, եւ Ալիեւը թերեւս երկյուղում է, որ Ռուսաստանի կողքին չկանգնելու հետեւանքը կարող է լինել ռուսական ներխուժումն Ադրբեջան` ինչ-որ ազգային խմբի իրավունքները պաշտպանելու պատրվակով:



Նման պարագայում Թուրքիան բացարձակապես չի կարող երաշխավորել Ադրբեջանի անվտանգությունը, ոչ էլ որեւէ այլ թյուրքական պետություն խնդրին կմիջամտի: Դե, Եվրոպայից կամ Չինաստանից էլ Ադրբեջանն այնքան է հեռու եւ ֆիզիկական, եւ քաղաքակրթական առումով, որ նրանք էլ դժվար թե հայտարարություններից կամ պատժամիջոցներից այն կողմ քայլ կատարեն: Այնպես որ՝ գործնականում, եթե կա մի երկիր, որ կարող է Ադրբեջանին պաշտպանել Ռուսաստանից, առերեւույթ չփոխելով ոչինչ եւ առկախելով հարաբերությունների որեւէ արտաքին սրում, դա Իրանն է:
Այդքանով էլ առանձնապես զարմանալի չէ, որ Ալիեւն Ադրբեջանի դռները կրնկի վրա բացում է Իրանի առջեւ, հետո էլ իր քարոզիչների շուրթերով բարձրաձայնում, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ապագան կախված է նրանից, թե որքանով Իրանը կհարգի Ադրբեջանի ինքնիշխանությունը: Հետաքրքիր է, իսկ եթե չհարգի` Բաքուն այլընտրանք ունի՞:



Ինչո՞ւ ոչ դեպի Եվրոպա



Ահա, բոլոր այս զարգացումների խորքին միանգամայն հետաքրքիր էր, թե մարտի 1-ին` Հայաստան, իսկ նախօրեին Ադրբեջան այցելած ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին (թե Ադրբեջանում, թե Հայաստանում Մոգերինիին ուղեկցել էին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը եւ EEAS-ում Եվրոպա/Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրեն Թոմաս Մայր Հարթինգը) ինչ ակնկալություններ կբարձրաձայնի եւ ինչ կասի երկկողմ հարաբերությունների ապագայի մասին, հատկապես Բաքվում:



Հայաստանը նույնքան հետաքրքիր չէր, քանի որ Հայաստան-ԵՄ հարաբերություններում ամեն ինչ որոշակի է, անցյալ տարվա ընթացքում վերանայվեց բանակցված Ասոցացման համաձայնագիրը, դեկտեմբերին մեկնարկեցին նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները, եւ մինչեւ այդ համաձայնագրի նախաստորագրելը, ստորագրելն ու գործողության մեջ դնելը էական ոչինչ չկա անելու՝ բանակցելուց բացի: Բարեբախտաբար, Երեւանում Մոգերինին հայտարարել է, թե ցանկանում է, որ նոր փաստաթուղթը հնարավորինս արագ պատրաստ լինի եւ գործողության մեջ դրվի:



Իսկ, ահա, Ադրբեջանում Մամեդյարովի հետ ասուլիսին Մոգերինին երկար ներածական խոսք է ընթերցել, որտեղ Ադրբեջանի համար նպաստավոր հայտարարություններ կան, օրինակ, որ Ադրբեջանը «քաղաքակրթությունների երկխոսության օրինակ է», մոդել եւ կամուրջ, կա նաեւ քննադատություն` ազատազրկված լրագրողների, քաղաքացիական ազատությունների սահմանափակման եւ այլ խնդիրների համար: Բայց ամենաէականը` Բաքվում հստակ ոչինչ չի ուրվագծվել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների ապագայի առնչությամբ` «Հարավային միջանցք» գազատարի շուրջ համագործակցությունից բացի: Մոգերինին Բաքվում ասել է, որ Բաքու-Բրյուսել երկկողմ խորհրդատվություններ են ընթանում, որպեսզի դրանց հիման վրա հետո սկսվեն բանակցություններ`որոշելու համար, թե ինչ ոլորտներ ներառող ապագա համաձայնագիր կարող է ստեղծվել Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ, որից հետո արդեն ԵՄ անդամ երկրներից համապատասխան բանակցությունների մանդատ ստանալու ուղղությամբ քայլեր կարվեն: Եթե ԱլԳ ծրագրի գոյության յոթ տարիներին ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում դեռ չեն հստակեցվել անգամ համագործակցության ոլորտները, հավանակա՞ն է, որ դա արվի առաջիկա մեկ-երկու տարում:



Հետեւաբար, Ալիեւը միանգամայն ճիշտ է. իր երկրին պետք է շարժվել ոչ թե դեպի Եվրոպա, այլ դեպի Իրան: Այդպես հաստատ ավելի արագ տեղ կհասնի, եւ, ինչը պակաս էական չէ, սեփական կառավարման մեթոդներում ոչինչ փոխելու կարիք չի լինի:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ