Դեսպանատները եւ Սարգսյանի մենախոսությունները

Դեսպանատները եւ Սարգսյանի մենախոսությունները

Երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը ART+X ձեւաչափով հերթական ընդունելությունն էր: ART+X անվանումը կատարելապես արտացոլում է միջոցառումների այդ շարքի ստրուկտուրան եւ բովանդակությունը: Միջոցառումներում հաստատունը ART-ն է` արվեստը, որ հիմնականում ներկայանում է կերպարվեստի ճյուղով, իսկ X-ը` անհայտը, հանրային կարեւորություն ունեցող թեման է, որի մասին կարճ խոսք է ասվում եւ հրավիրյալ անձ է լինում:



Երեկ դեսպանատան սրահներում ցուցադրված էին երեւանցի նկարչուհի Դիանա Հակոբյանի գործերը, ով 2004-ից ի վեր իր ստեղծագործություններով մրցույթների, ցուցահանդեսների է մասնակցում թե Հայաստանում, թե արտերկրում: Իմ տպավորությամբ Դիանան ստեղծագործում է 20-րդ դարի կեսերի կերպարվեստի ժանրերում` ֆուտուրիզմ, կոնստրուկտիվիզմ, մինիմալիզմ, պոպ-արտ: Հաճելին այն է, որ կտավներոււմ տեսանելի է նաեւ նկարչուհու “ես”-ը եւ ինքնատիպությունը:



Գալով X-ին` հանրային կարեւորության թեմային, երեկվա հյուրը Հայաստանում գործող “Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության խորհրդի” ղեկավարն էր` տիկ. Աստղիկ Միրզախանյանը, ում խոսքից պարզ դարձավ, որ իրենց կազմակերպությունը խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած Կանանց խորհուրդներին փոխարինած կառույց է: Համարելով , որ կանանց խնդիրները` թե պատճառների, թե լուծումների մասով զգալորեն կախված են տղամարդկանցից, խորհուրդն իր աշխատանքներում ընդգրկել է նաեւ տղամարդկանց եւ ջանքեր է գործադրում սեռերի իրավահավասարության ապահովելու ուղղությամբ` օրենսդրական առաջարկներից մինչեւ հանրային ձեռնակումներ:



Գերմանիայի դեսպանը` պրն. Մաթիաս Քիսլերը, ոչ միայն ողջույնի խոսքով հանդես եկավ, այլեւ ինքը ներկայացրեց Դիանա Հակոբյանին եւ Աստղիկ Միրզախանյանին, եւ խոսքը ավարտեց հավաստիացնելով, որ կանանց իրավունքերի համար պայքարը իրենց համար կարեւոր է, եւ դեսպանատունը պատրաստ է սատարել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Ընդունելությանը ներկա էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Լիտվայի դեսպանը, այլ դիվանագետներ, բնականաբար նաեւ արվեստագետներ, հանրային ֆիգուրներ, լրագրողներ: Անգամ դեսպանի փոքրիկ որդին` Ֆերդինանդն էր ներկա, որը ծնվել է անցյալ տարի, համարյա նույն ժամանակ, երբ հայրը նշանակվել է Հայաստանում ԳԴՀ դեսպան:



Միով բանիվ, Գերմանիայի դեսպանատանը հաճելի տրամադրություն ու մթնոլորտ էր, այնքան, որ մտածեցի այդտեղ Սերժ Սարգսյանին հիշելը, նրա մասին հարցնելը անհարիր կլինի: Այլապես այնքան էի ցանկանում Ֆրանսիայի դեպանին` պրն. Շերպանտյեին հարցնել թե Սերժ Սարգսյանի “դիվանագիտական know-how”-ից (երբ Սարգսյանը ՀՀ դեսպաններին հրավիրում է եւ հրապարակավ մենախոսում նրանց հավատարմագրման երկրներից իր ակնկալությունների մասին), Ֆրանսիսյի դեսպանատանը ինչ տպավորություն են ստացել: Հետաքրքիր էր, դիցուք Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Չիթեչյանի մասնակցությանբ մենախոսությանը դեսպան Շերպանտյեն ծանոթացե՞լ էր, եւ կցանկանար դրան արձագանքել, գոնե այդ առթիվ կարծիք հայտնել:



Ճիշտն ասած, ինքս ամենեւին չեմ հավատում, թե արեւմտյան դեսպանները բազմանշանակ ժպտալուց բացի ուրիշ պատասխանի կարժանացնեն Սերժ Սարգսյանի ջանքերը, բայց, միեւնույնն է, արժե դեսպաններին հարցնել: Ի միջի այլոց Գերմանիայի դեսպանատանից վերադառնալուց հետո, տեղեկացա, որ հենց երեկ էլ Գերմանիայում Հայաստանի դեսպանին էր Սարգսյանը հրավիրել իր հրապարակային մենախոսության սեանսին: Գերմանիայի դեսպանատանը այդ ամենին ակնհայտորեն անհաղորդ էին:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ