Արվեստն ու կանանց խնդիրները

Արվեստն ու կանանց խնդիրները

Մարտի 9-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը ART+X ձեւաչափով ընդունելություն էր: Միջոցառումներում հաստատունը ART-ն է` արվեստը, որ հիմնականում ներկայանում է կերպարվեստի ճյուղով, իսկ X-ը` անհայտը, հանրային կարեւորություն ունեցող թեման է, որի մասին կարճ խոսք է ասվում, եւ հրավիրյալ անձ է լինում: Երեկ դեսպանատան սրահներում ցուցադրված էին երեւանցի նկարչուհի Դիանա Հակոբյանի գործերը, որը 2004-ից ի վեր իր ստեղծագործություններով մրցույթների, ցուցահանդեսների է մասնակցում թե Հայաստանում, թե արտերկրում: Իմ տպավորությամբ, Դիանան ստեղծագործում է 20-րդ դարի կեսերի կերպարվեստի ժանրերում` ֆուտուրիզմ, կոնստրուկտիվիզմ, մինիմալիզմ, պոպ-արտ: Հաճելին այն է, որ կտավներում տեսանելի են նաեւ նկարչուհու «ես»-ը եւ ինքնատիպությունը: Գալով X-ին` հանրային կարեւորության թեմային, երեկվա հյուրը Հայաստանում գործող «Տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության խորհրդի» ղեկավարն էր` Աստղիկ Միրզախանյանը, որի խոսքից պարզ դարձավ, որ իրենց կազմակերպությունը խորհրդային ժամանակների կանանց խորհուրդներին փոխարինած կառույց է: Համարելով, որ կանանց խնդիրները` թե պատճառների, թե լուծումների մասով, զգալիորեն կախված են տղամարդկանցից, խորհուրդն իր աշխատանքներում ընդգրկել է նաեւ տղամարդկանց եւ ջանքեր է գործադրում սեռերի իրավահավասարություն ապահովելու ուղղությամբ` օրենսդրական առաջարկներից մինչեւ հանրային ձեռնարկումներ: Գերմանիայի դեսպանը` Մաթիաս Քիսլերը, ողջույնի խոսքով հանդես եկավ եւ ներկայացրեց Դիանա Հակոբյանին ու Աստղիկ Միրզախանյանին: Ընդունելությանը ներկա էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Լիտվայի դեսպանները, այլ դիվանագետներ, արվեստագետներ, հանրային ֆիգուրներ, լրագրողներ: Անգամ դեսպանի փոքրիկ որդին` Ֆերդինանդն էր ներկա, որը ծնվել է անցյալ տարի:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ