Դատարանը պարտադրել է իրավախախտներին վերականգնել հուշարձանը

Դատարանը պարտադրել է իրավախախտներին վերականգնել հուշարձանը

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գ. Խաչատրյանի նախագահությամբ, փետրվարի 9-ին բավարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հայցն ընդդեմ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի բնակիչներ Արարատ Թադեւոսյանի եւ Ժորա Ալեքսանյանի: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել, ՀՀ քաղաքացիական դատարան բողոք չի ներկայացվել: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 2 տարի պետք եղավ իրավախախտման փաստի առիթով վերջնական լուծման հասնելու համար: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է ենթադրում դատարանի վճիռը, արդյոք հուշարձանը կբերվի՞ նախկին տեսքի, եւ ինչպիսի՞ն է իրավախախտման դեպքերի վիճակագրությունն առհասարակ:



«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` պետական հողի նկատմամբ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու եւ իրավախախտների կողմից ինքնակամ կառույցները քանդելու եւ հուշարձանի պահպանական գոտու նախկին տեսքը վերականգնելու պահանջով, 2015թ. հուլիսի 27-ին հայց էր հարուցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2 տարվա պայքարը դրական արդյունք տվեց: Այս տարվա փետրվարի 9-ին դատարանը վճռեց պարտավորեցնել Ա. Թադեւոսյանին եւ Ժ. Ալեքսանյանին ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատու աշխատակիցների անմիջական հսկողությամբ քանդել պետական սեփականություն հանդիսացող 5-6-րդ դդ. «Եկեղեցի Արտավազդիկ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրականացված կառույցները եւ վերականգնել հուշարձանի պահպանական գոտու տարածքի նախկին տեսքը, այն է`առանց մետաղական կառուցվածքով տաղավարի, եկեղեցու տարածքում գտնվող սրբատաշ եւ անկանոն քարերից կառուցված ցանկապատի, ցանկապատի հարակից խճաքարով հարդարված հրապարակի, եկեղեցի տանող խճաքարով հարդարված արահետի, բետոնյա հիմքով ճաղավանդակներից պատրաստված մետաղական դռան, ջրագիծ անցկացնելու համար փորված խրամուղու եւ դրանում տեղադրված ջրագծի, բետոնե ջրավազանի եւ աղբյուրի, էլեկտրասյան, կոյուղագիծ անցկացնելու նպատակով փորված խրամուղու, դրանում տեղադրված կոյուղագծի: Վճիռը չի բողոքարկվել եւ օրինական ուժի մեջ է մտել: Հուսով ենք, որ առաջիկայում պատասխանողները կգիտակցեն եւ նախկին տեսքի կբերեն հուշարձանը, հակառակ դեպքում մենք այն կիրականացնենք ԴԱՀԿ ծառայության միջոցով:



Ի դեպ, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում ընդգրկված 19 հազար հուշարձանների պահպանությունը: Ներկայում հուշարձանների նկատմամբ ոտնձգության 18 դեպք կա արձանագրված, որից 10-ն իրավապահների քննության առարկա է դարձել: Հուշարձանի նկատմամբ ոտնձգության ոչ պակաս հնչեղ դեպք ունենք Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի Քաղաքատեղի «Լազարավան» հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում: Մատուռ կառուցելու պատրվակով քաղաքացի Հայկանուշ Գրիգորյանը բանվորներ էր վարձել ու ծանր տեխնիկայի միջոցով տարածքում քանդման աշխատանքներ իրականացրել (900 քմ մակերեսով ու 25 քմ խորությամբ փոս էին փորել), որի հետեւանքով մշակութային շերտին ու կառույցին վնաս էր պատճառվել: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2015թ. վճռով քաղաքացի Հ. Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրօր. 264-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտվել է տուգանքի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500 հազար դրամի չափով: Կիրառվել էր «ՀՀ անկախության հռչակման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, եւ ամբաստանյալն ազատվել էր պատժի կրումից: Քաղհայցը թողնվել էր առանց քննության: ՊՈԱԿ-ին քաղդատավարության կարգով հայց հարուցելու իրավունք էր վերապահվել: Դատավճռի դեմ բերված վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները մերժվել են:



Անի
ԱՌԱՔԵԼՅԱՆ