«Պուտինը կատարյալ ապուշ չի. նա հասկանում է…»

«Պուտինը կատարյալ ապուշ չի. նա հասկանում է…»

Ընթացիկ շաբաթը դեռ չսկսած, մեկը մյուսից էական դեպքեր պատահեցին Թուրքիայում եւ Սիրիայում: Անկարայի ահաբեկչությունը Թուրքիային համարյա կանգնեցրեց Սիրիայի վերածվելու շեմին: Բուն Սիրիայից իր հիմնական զինուժը հանելու մասին հայտարարեց ՌԴ նախագահ Պուտինը: Սակայն թե մի, թե մյուս զարգացումից ավելի հետաքրքիր էր ամերիկյան The Atlantic հանդեսում անցյալ շաբաթավերջին տպագրված The Obama Doctrine վերնագրով եւ 19 էջ ծավալով հետահայաց հարցազրույցը, որը օգնում է հասկանալու թե Թուրքիայի, թե Սիրիայի զարգացումները:



The Atlantic-ի հրապարակման հեղինակը ամերիկացի լրագրող Ջեֆրի Գոլդբերգն է, որն իր հրապարակումը կառուցել է մի քանի տարվա ընթացքում տարբեր վայրերում, տարբեր ժամանակ նախագահ Օբամայի, նրա անվտանգության գծով խորհրդականների, վարչակազմի այլ պաշտոնյաների հետ կայացած զրույցներից հատվածական մեջբերումներով: Հրապարակումը իրոք արժանի է իր “Օբամայի դոկտրին” անվանը, քանի որ մեծապես լույս է սփռում 2013 թվականի օգոստոսին կատարված շրջադարձի վրա, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք` զարին կոչվող գազանյութ կիրառեց քաղաքացիական բնակչության դեմ, սակայն հակառակ համատարած սպասումների նախագահ Օբաման ռազմական պատասխան չտվեց Ասադի ռեժիմին: Պետքարտուղար Քերրին այդ կապակցությամբ ասել է. “Երբ ես իմացա, որ չենք հարվածում Սիրիային, ուղղակի գժված էի”:



Հոդվածում մեջբերվող հարցազրույցներում մեկնընդմիշտ հիշվող շատ բնութագրումներ ու հատվածներ կան, Թուրքիայի նախագահ Էրդողանից մինչեւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ու այլոց մասին, կան ֆունդամենտալ դիտարկումներ Մերձավոր Արեւելքի ներկայի, այսօրվա դժոխքը ծնած պատճառների եւ ապագայի առնչությամբ, բայց այնուամենայնիվ, բազմաթիվ լրատվամիջոցներում, հատկապես Հայաստանում 19 էջ ծավալով հարցազրույցից լայնորեն տարածվել էր մի քանի պարբերությունը, որտեղ ՌԴ նախագահ Պուտինի եւ Ռուսաստանի մասին Օբամայի կարծիքն ու դատողություններն են: Բայց այն ինչ տարածել էին ռուսական եւ արտագրել էին հայկական լրատվամիջոցները գլխիվայր էր շուռ տալիս իրականում ասվածը:



Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք The Obama Doctrine- ից մի քանի պարբերություններ, որտեղ արտացոլված են Օբամայի գնահատակաները Պուտինին, Սիրիայում եւ Ուկրաինայում նրա քաղաքականությանը:



“Օբամայի հարաբերությունները Պուտինի հետ չեն տեղավորվում տարածված պատկերացումների շրջանակում: Ես այնպիսի տպավորություն ունեի, որ Օբաման Պուտինին համարում է նողկալի, վայրագ եւ կարճ (nasty, brutish, and short): Բայց Օբաման ասաց, որ Պուտինը այնքան էլ զզվելի չէ. “Ճշմարտությունն այն է, որ մեր բոլոր հանդիպումներում Պուտինը ընդգծված քաղաքավարի է եւ շատ անկեղծ: Մեր հանդիպումները շատ գործնական են լինում: Նա ինձ երբեք չի ստիպում երկու ժամ սպասել, ինչպես մի ամողջ խումբ այլ մարդկանց դեպքում է վարվում: Պուտինը հետեւողականորեն շահագրգիռ է երեւալու որպես ԱՄՆ-ին հավասարակից մեկը, մեզ հետ աշխատող մեկը, որովհետեւ կատարյալ ապուշ չի (because he’s not completely stupid): Նա հասկանում է, որ Ռուսաստանի տեղը եւ կշիռը աշխարհում նշանակալիորեն թուլացած է: Եվ եթե ինքը ներխուժում է Ղրիմ կամ փորձում է Ասադին պահել, դրանից հանկարծ չի դառնում խաղացող: Պուտինին հնարավոր չէ տեսնել որեւէ հանդիպմանը օրակարգ ձեւավորելիս: Դրա համար էլ գոյություն չունի G20-ի որեւէ հավաք, որտեղ ռուները թեկուզ մի կարեւոր հարցի շուրջ օրակարգ թելադրեն”:



…Ոմանք մտածում էին, որ Ասադի կողմից պատերազմելու Պուտինի որոշումը, Օբամային կստիպի ընդլայնել ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան օգնությունը: Բայց Օբաման, գոնե այս տողերը գրելու պահի դրությամբ, դիրքորոշումը չի փոխել, մասամբ այն պատճառով, որ համարում է, թե իր գործը չէ Ռուսաստանին սարսափելի սխալից ետ պահելը: Օբաման ինձ ասաց. “Ռուսները գերլարված են: Նրանք ուղղակի արյունաքամ են լինում: Նրանց տնտեսությունը երեք տարի շարունակ կրճատվում է, այն էլ կտրուկ”: Օբամայի կարծիքով, եթե Պուտինը ցանկանում է իր ռեժիմի ռեսուրսները վատնել Սիրիայում ցանկապատ նկարելու վրա (painting the fence in Syria), ԱՄՆ-ը պետք է թույլ տա դա անել:



“Պուտինի գործողությունները Ուկրաինայում պատասխան էին իրադրությանը, երբ հաճախորդ պետություն գրեթե դուրս էր սողում վերահսկողությունից: Պուտինը իմպրովիզի դիմեց, որ իր հսկողությունը պահպանի”,- ասում է Օբաման: “Նա կատարելապես նույնն արեց Սիրիայում`դրա համար իր երկրի բարեկեցությունից վճարելով հսկայան գին: Եվ կարծել, թե հիմա Ռուսաստանը որեւէ կերպ ավելի ամուր դիրքեր է ձեռք բերելի Սիրիայում կամ Ուկրաինայում, քան մինչեւ Ուկրաինա ներխուժելը կամ Սիրիայում զինուժ տեղակայելը, նշանակում է հիմնարար կերպով սխալ ընկալել հզորության կամ ուժի էությունը արտաքին հարաբերություններում եւ ընդհանրապես աշխարհում: Իրական ուժն այն է, երբ ստանում ես քո ուզածը առանց բռնություն գործադրելու: Ռուսաստանը Ուկրաինայում շատ ավելի ուժեղ դիրք ուներ, երբ վերջինս ներկայանում էր անկախ պետություն, բայց իրականում կլեպտոկրատիա էր (kleptocracy` գողապետություն, ավազակապետություն), որի կապերը ինքը կարող էր ձգել”:



The Obama Doctrine-ից տասնյակ հատվածներ կան, որ արժեր ներկայացնել, ցավոք ժամանակը եւ ծավալը թույլ չեն տա, բայց մեջբերված ամբողջական պարբերություններն էլ թույլ են տալիս հասկանալ, թե Վաշինգտոնից, Սպիտակ տնից ինչպիսին են երեւում Ռուսաստանն ու նրա նախագահը եւ ինչու են նրանք այսօր, ի հեճուկս գործադրված ջանքերի ու բռնությունների, մեկուսացած ու աննախանձելի վիճակում` թե միջազգային արենայում, թե Ուկրաինայում կամ Սիրիայում:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ