Պուտինի «ցանկապատ նկարելու» վերջաբանը Սիրիայում

Պուտինի «ցանկապատ նկարելու» վերջաբանը Սիրիայում

Երեկ աշխատանքային այցով Մոսկվայում էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Որքան էլ ողջ Եվրոպայի եւ քաղաքակիրթ աշխարհի խոհերն ու զգացումները Բրյուսելում են, բելգիացիների հետ, կյանքը շարունակվում է: Առավել եւս դիվանագիտությունն ու միջազգային հարաբերությունները: Երեկ երեկոյան դեռ հայտնի չէին ԱԳ նախարար Լավրովի հետ բանակցությունների, այնուհետ նախագահ Պուտինի հետ Քերիի հանդիպման արդյունքները: Թեեւ որեւէ արդյունք կարող է ընդհանրապես չլինել:
Ինչպես այցի նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր կես-կատակ ասել մամլո-ասուլիսում. “Ռուսաստանում բոլոր որոշումները մի հոգի է կայացնում`Պուտինը, եւ որպեսզի քիչ թե շատ հասկանաս, թե նրա մտքում ինչ կա, պետք է իր հետ նույն սենյակում լինես ու խոսես: Դրա համար էլ պետքարտուղար Քերրին մեկնում է Մոսկվա”: Լրագրողները թեման զարգացրել էին. “Հիմա Մոսկվա եք գնում փաստահավաք առաքելությա՞մբ…”: Պաշտոնյան պատասխանել էր. “Տեղում լինենք, հանդիպենք, հետո կասենք ինչ ստացվեց”: Ամեն դեպքում վերստին հաստատվել էր, որ հանդիպումների օրակարգում կլինի Սիրիայի հարցը, նաեւ Ուկրաինայի եւ Նադեժդա Սավչենկոյի:



Կրեմլի` քարերը նետելու ժամանակը



Մարտի 14-ի երեկոյան հաշված րոպեների ընթացքում ողջ աշխարհում տարածվեց լուրը, որ ՌԴ նախագահ Պուտինը կարգադրել է ռուսական զինուժը դուրս բերել Սիրիայից: Անսպասելի էր գուցե հայտարարման կերպը, արագությունն ու թատերականությունը, բայց բովանդակության առումով Կրեմլի` Սիրիայից հեռանալը անհրաժեշտություն էր, եթե Պուտինը չէր ցանկանում թաղվել երկրորդ “աֆղանական պատերազմում” եւ նոր միջազգային պատժամիջոցների տակ հայտնվել:
Իհարկե, նախագահ Պուտինը հայտարարեց, թե Սիրիայից ՌԴ զինուժը դուրս է բերվում, քանի որ ռուս զինվորականներն իրենց առջեւ դրված խնդիրները գերակշիռ մասով իրականացրել են: Դա կատարյալ դատարակախոսություն էր, որովհետեւ Կրեմլի գոնե հայտարարված նպատակը Սիրիայում ISIS-ի դեմ պայքարը եւ ISIS-ին զիվորագրված ՌԴ քաղաքացիներին չեզոքացնելն էր: Մինչդեռ ըստ դիտորդների ՌԴ ռմբակոծությունների ու հրետակոծությունների միայն 10-15 տոկոսն էր բաժին ընկել ISIS-ին եւ որեւէ նշանակալից կորուստ չէր պատճառել խմբավորմանը ոչ տարածքների, ոչ զինամթերքի, ոչ զինուժի առումով: Ոչ էլ ISIS-ին զինվորագրված ՌԴ քաղաքացիների չեզոքացման մասին է առանձնապես հաղորդվել:



Դա այն ժամանակ, երբ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, նույն 2015-ի սեպտեմբերի 30-ին հաջորդած ժամանակաշրջանում ISIS-ից ազատեց մի շարք տարածքներ Իրաքում եւ Սիրիայում, ներառյալ Սինջար բնակավայրը եւ ISIS-ի մի շարք ղեկավարների ոչնչացրեց, այդ թվում`տեսահոլովակներում պատանդներին գլխատող Ջիհադի Ջոնին: Ի վերջո նոյեմբերին Փարիզում, այժմ` Բրյուսելում իրականացված բարբարոսությունները ISIS-ի արձագանք են հենց այն ճնշմանը, կորուստներին ու հարվածներին, որ վերջինս ստանում է Արեւմուտքից:



Մինչդեռ Կրեմլը ոչ միայն ոչնչով չնեղացրեց ISIS-ին Սիրիայում, այլեւ ISIS-ի դեմ պայքարի խնդիր էլ իրականում իր առջեւ չէր դրել: Մոսկվայի մտահոգությունը սկզբից եւեթ եղել է Ասադի դիրքերի ուժեղացումը: Դա անելու համար Մոսկվան հարկադրված եղավ դիմել վայրի ռմբակոծություների` սպանելով նվազագույնը հարյուրավոր երեխաների, կանանց եւ ծերերի եւ տասնյակ հազարավոր մարդկանց հարկադրելով գաղթել: Արդյունքում Ասադի զորքերը Հեզբոլլահի եւ Իրանի կողմից վերահսկվող շիա ջոկատների հետ առաջացան դեպի Հալեպ, բայց այդտեղ էլ վերջացավ ժուռնալը եւ սկսվեց կինոն:



Կրեմլի` քարերը հավաքելու ժամանակը



Տեսնելով, որ Ռուսաստանը վայրի ուժի գործադրմամբ վերաձեւում է ռազմաճակատը հօգուտ շիաների, այս անգամ էլ սուննիները Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ փետրվարին հայտարարեցին, որ իրենք կանոնավոր զորքեր կմտցնեն Սիրիա եւ ընդդիմությանը կմատակարարեն հրթիռներ եւ համակարգեր, որոնցով հնարավոր կլինի խոցել ռուսական ինքնաթիռները եւ այլ տեխնիկան: Սուննիների խոստացված քայլերը ուրվագծում էին արդեն երկարատեւ ու չվերջացող պատերազմ: Ռուսաստանը կանգ առավ, ԱՄՆ-ի հետ Սիրիային սատարող միջազգային խմբի անունից հրադադարի ռեժիմ առաջարկեց, որը ուժի մեջ մտավ փետրվարի 27-ին եւ արդեն մեկ ամիս զգալիորեն պահպանվում է:



Հրադադարը պահպանվեց հիմնականում այն պատճառով, որպեսզի Ասադը չխոչընդոտի իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ՄԱԿ-ի մարդասիրական օգնություն հասցնելուն եւ սկսվեն Ժնեւի բանակցություները: Մարտի 14-ին Ժնեւում մեկնարկող բանակցություններից ընդամենը մի քանի օր առաջ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները 50 րոպե տեւողությամբ հեռախոսային խոսակցություն ունեցան Պուտինի հետ, հստակ ընդգծելով, որ Սիրիայի անցումային կառավարությունում Ասադը չի կարող տեղ ունենալ, որովհետեւ քանի կա Ասադը հնարավոր չէ պատերազմի ավարտ:



Մարտի 12-ին Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Ասադի հեռանալու հարց իրենք Ժնեւում չեն քննարկի: Հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղար Քերրին Ռուսաստանին զգուշացրեց, որ Ասադի դեստրուկտիվիզմը վտանգում է հրադադարը եւ բանակցային գործընթացը եւ կոչ արեց որպեսզի Մոսկվան ապահովի Ասադի կառուցողական մասնակցությունը բանակցություններին, ինչը դիվանագիտական լեզվից թարգմանելով նշանակում էր Ասադի վրա ճնշել, որպեսզի վերջինս քննարկի իր հեռանալու պայմանները:
Հավանաբար չկարողանալով Ասադին բավարար ճնշել, որպեսզի համաձայնի հեռանալ, մյուս կողմից էլ չցանկանալով ի սեր Ասադի ողջ սուննի աշխարհի հետ թշնամանալ եւ միաժամանակ Սիրիայի խաղաղ կարգավորման գործընթացը տապալելու համար նոր միջազգային մեկուսացման ու պատժամիջոցների արժանանալ` Պուտինը միանգամայն խելամիտ որոշում կայացրեց Սիրիայից հեռանալ:



Ցանկապատային նկարչություն



Երեւի Պուտինը մի քանի ամսում գիտակցեց այն, ինչը Օբաման ասել էր Atlantic-ի հարցազրույցում. “Ռուսաստանի տնտեսությունը կարողությունների գերլարման ու արյունահոսության վիճակում է, եւ եթե այդ դրության մեջ Պուտինը պատրաստ է իր երկրի ռեսուրսները վատնել հանուն Սիրիայում ցանկապատ նկարելու (painting fence), նա մեծ սխալ է գործում, որը կանխելը ամենեւին էլ ԱՄՆ գործը չէ”:



Հինգ ամիս Սիրիայում պատերազմելուց եւ, ըստ որոշ գնահատականների, օրը մոտ երեք միլիոն դոլար ծախսելուց հետո Պուտինը անձամբ համոզվեց, որ ինքը ընդամենը ցանկապատեր է նկարում, որ դեպքերի հաջորդ շրջադարձին, կարող են հանգիստ ջնջվել կամ նոր ներկով ու գույնով ծածկվել: Ինչը էլ ավելի վատ է ՌԴ նախագահի համար` նկարվող ցանկապատը ոչ միայն չօգնեց հաղթահարել Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, այլեւ այն ավելի խորացրեց: Այնպես որ ելքը եղավ Սիրիայից հեռանալը:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ երեկ` մարտի 24-ին նախագահ Պուտինի հետ չորս ժամ տեւած բանակցություններում, Քերրին Ռուսաստանին բացատրել է Ասադի հեռանալու անհրաժեշտությունը: Համաձայն հաղորդագրությունների, ռուսները խոստացել են իրենց ազդեցությունը գործադրել, որ Ասադը “ճիշտ որոշում” կայացնի: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆանո դի Միստրուան ընդմիջել է Ժնեւում ընթացող անջատ բանակցությունները Սիրիայի ընդդիմության եւ իշխանությունների հետ մինչեւ ապրիլի սկիզբը եւ սպասում է Ասադի “ճիշտ որոշում” կայացնելուն: Երեւում է` օրերի հարց է:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ