Ու՞մ էիք մի կտոր հաց տվել, որ անփորձանք տեղ եք հասել…

Ու՞մ էիք մի կտոր հաց տվել, որ անփորձանք տեղ եք հասել…

 



Մեր պատգամավորական խումբը Բրյուսելում էր, երբ մարտի 22-ին տեղի ունեցավ բյուսելյան ահաբեկչությունը: Թե ինչի համար էին գնացել ու ինչ կարևոր խնդիրներ լուծեցին, Կարինե Աճեմյանը նեղսրտում է.



«Լրագրողներին և հանրությանն իրենց բուն աշխատանքն այնքան էլ չի հետաքրքրում, մինչդեռ միջազգային կառույց գործուղված յուրաքանչյուր պատգամավոր իր առաքելությունն ունի և պետք է նրանից պահանջվի ներկայացնել իր աշխատանքի արդյունքները» /nyut.am/:



Պատգամավորները մոռանում են, որ իրենք ահաբեկչական շրջափակման մեջ էին և լրագրողներին ու հանրությանը առավել քան հետաքրքրում էր, թե ինչպես են նրանք դուրս գալու «շրջափակումից»:



Պատկերացնու՞մ եք՝ նման տեռորից հետո լրատվությունը հարց բարձրացներ՝ հետաքրքիր է, ի՞նչ հարց խնդիր լուծեցին մեր պատգամավորները և ո՞նց քվեարկեցին:



Առավել ևս, երբ մեր պատգամավորական խումբը մեծ շրջապտույտով է մի կերպ հասել Հայաստան:



Կարինե Աճեմյանը նույն լրատվամիջոցին հայտնում է.



«Մետրոյի պայթեցված կայարանը շատ մոտ է եղել Եվրոպառլամենտին և այն հյուրանոցին, որտեղ մենք էինք մնում»:



Քիչ է մնում ասենք՝ ու՞մ էիք մի կտոր հաց տվել, որ անփորձանք տեղ եք հասել…



Այդքանից հետո խաղալ հանրության հույզերի հետ, մատնանշել լրատվական դաշտի սառը կողմնորոշումը, ու ասել՝ ոչ մեկին հետաքրքիր չէ մեր աշխատանքը, դաժան, շա՜տ դաժան է…



Նման պարագայում ավելի քան կարևորվում է մարդկային կյանքը, որ գուցե դուք զրո եք համարում:



ՀԳ Իսկ բյուսելյան աշխատանքի մասին դեռ կխոսե՜նք….



Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08: 00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Պայթյուններ է որոտացել նաեւ մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Ընդհանուր առմամբ կա 34 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր:



Հասմիկ Բաբաջանյան