Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօդաչու սարքեր են գործում

Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօդաչու սարքեր են գործում

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս գիշեր է վերադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Լրագրողների հետ զրույցում նա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող մարտական գործողությունների վերաբերյալ ասաց․ «Ամենակարևոր արձանագրումը, որ պետք է անենք, հետևյալն է, որ մենք անընդհատ օգտագործել ենք զինադադարի խախտում տերմինը, հիմա այդ տերմինը պետք է մոռանանք, որովհետև այլևս սա զինադադարի խախտում չէ։ Սա պատերազմ է, և մենք պետք է շատ լրջորեն և խորությամբ այս իրողությունը գիտակցենք՝ սրանից բխող հետևանքներով»։



Նա նշեց, ինքն այս օրերին եղել է Ստեփանակերտում, այնուհետև եղել է Մարտակերտում, հետո վերադարձել են Թալիշի և Մատաղիսի ճանապարհով, և այդ գծում ինտենսիվ մարտական գործողություններ էին։



Hraparak.am-ի հարցին, թե ինքը այդ գործողություններին անձամբ ականատես եղե՞լ է, պարոն Փաշինյանն ասաց․ «Հրետանու աշխատանքը, հրետանու պայթյունները և «գրադ» համակարգի պայթյունները, անօդաչու սարքերի գործողությունները, այդ ամեն ինչը երևում էր, Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօդաչու սարքեր են գործում, մարդիկ ռմբապաստարանների մեջ պատսպարված են»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ