Արդյո՞ք էսկալացիայի ետեւում Բաքվի ներիշխանական խլրտումներն են

Արդյո՞ք էսկալացիայի ետեւում Բաքվի ներիշխանական խլրտումներն են

Ներկա պահին երեւի բոլոր հայերի մտքում իշխողը խոհերն ու աղոթքներն են ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում չափազանց ցավալի զոհերի եւ վիրավորների մասին: Հետո արդեն բազմաթիվ անպատասխան հարցերը` սկսած նրանից, թե ինչու այս էսկալացիան պատահեց: 



Իսկապես հարց է. կա՞ մեկը ԼՂՀ-ում, Ադրբեջանում, Հայաստանում, նույնիսկ Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգտոնում, որը հասկանա, թե ինչու եւ ինչպես տեղի ունեցավ ապրիլի 2-ի հանկարծահաս լարումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Դատելով նրանից, որ ԼՂՀ պաշտպանության բանակի կրած մարդկային կորուստների 90%-ը (20 զոհից 18-ը) բաժին է ընկել իրադրության սրման առաջին ժամերին կամ կես օրվան, ակնհայտորեն ղարաբաղյան կողմի համար իրադրության սրումն անակնկալ է եղել: Լավ է, թե վատ, որ ամբողջ շփման գծի երկարությամբ նախապատրաստված ու իրականացված հարձակման մասին ԼՂՀ ՊԲ-ում ոչ տեղեկություն են ունեցել, ոչ կասկած` այլ հարց է, բայց անակնկալի գալն ակներեւ է:



Իր հերթին Ադրբեջանը հերքում է, թե էսկալացիայի նախաձեռնողն իրենք են եղել, այդ հերքումը պարզ է, առանձնապես չի համոզում, բայց հետաքրքիրն այն է, որ ադրբեջանական կողմից իրար հակասող հայտարարություններ են արվում: Գոնե ինձ մոտ երկու հարցազրույցներում հնչած հայտարարություններ` Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլու կողմից` ռուսական RainTV-ի, եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կողմից` CNN-ի ուղիղ եթերներում, այն տպավորությունն են ստեղծել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության եւ պաշտպանության համակարգում մրցակցող ներիշխանական խմբավորումների, սեպարատ գործողությունների հետ կարող է կապված լինել ներկա սրացումը:



Դատելով Բյուլ-բյուլ օղլու խոսքից, որը՝ չգիտես ավելի էմոցիոնալ երաժշտի, թե փոքրիշատե մտածող դիվանագետի խոսք էր, Ադրբեջանը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում, բայց քանի որ դրա ուղին չի գտնվում, ռազմական ճանապարհն էլ է դիտվում խնդրի լուծման միջոց: Այնքան, որքան հայկական զորքերը կանգնած են ԼՂՀ շուրջ գտնվող հինգ շրջաններում, ոչինչ հնարավոր չէ ոչ երաշխավորել, ոչ բացառել` միջադեպային ընդհարումներից մինչեւ պատերազմ: Այլ կերպ ասած` պետք չէ զարմանալ, եթե բախումն սկսած լինի Ադրբեջանը:



Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը երեկ երեկոյան CNN-ի եթերում Becky Anderson-ի Connect the World շոուում, պատասխանելով հարցին, թե ինչպես է իրադրության ներկա էսկալացիան սկսվել, բառացիորեն պատմեց, որ անձամբ ինքը նախագահ Իլհամ Ալիեւի հետ գտնվել է Վաշինգտոնում: Իրեն զանգել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ասել, որ գիտեք, իրադրությունը լարվել է, շփման գծում ընդհարումներ են, դադարեցնել է պետք: Մամեդյարովը պատասխանել է, որ նախագահին կզեկուցի, եւ ինքն է Ալիեւին հայտնել, որ, ըստ Լավրովի, սահմանին բախումներ են սկսվել: Դրանից հետո իրենք Վաշինգտոնից կապվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, որը հաստատել է, որ Ղարաբաղի հետ շփման գծում բախումներ են:



Ըստ Մամեդյարովի (այդպես էլ չընկալեցի` դա ի՞ր մեկնաբանությունն էր, թե՞ պաշտպանության նախարարի վարկածն էր կրկնում), իբր ադրբեջանական դիրքերի վրա եղել է կրակոց, իրենց կողմից՝ պատասխան կրակոց, նորից այս կողմից պատասխան, այն կողմից պատասխան, եւ արատավոր շրջանը գնացել է:



Կարծում եմ՝ անհավանական է, որ Մամեդյարովն աշխարհի առջեւ հորիներ Լավրովի հետ խոսակցության փաստը եւ դրանից հետո իրենց Պնախարարի հետ խոսակցությունը: Հենց այստեղ էլ հետաքրքրությունն է: Ակնհայտորեն, ՌԴ ԱԳ նախարարը շփման գծում ընդհարումներն սկսվելու մասին կարող էր տեղեկանալ կամ Բաքվից, կամ Երեւանից (տեսականորեն` նաեւ Ստեփանակերտից, բայց գործնականում դրա հավանականությունը չնչին է): Եթե Բաքվից են զանգահարել Լավրովին, ապա ինչպե՞ս է պատահել, որ նախ Ալիեւին չեն զանգահարել: Եթե Վաշինգտոնում գտնվող ՀՀ նախագահը կամ ԱԳ նախարարն են զանգել Լավրովին, նա էլ` Մամեդյարովին, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ հինգ-վեց զանգերի եւ խոսակցությունների ընթացքում (շփման գծից Ստեփանակերտ, Ստեփանակերտից Երեւան, Երեւանից Վաշինգտոն, Վաշինգտոնից Մոսկվա, Մոսկվայից ետ` Վաշինգտոն) ընդամենը մեկ` Բաքու-Վաշինգտոն զանգ չի հնչել:



Արդյո՞ք Բաքվից Ալիեւին չեն զանգել: Մամեդյարովը դա է ասում, իսկ նման բան հնարավոր է միայն ներիշխանական խլրտումների ժամանակ, երբ առաջին դեմքը չի կարողանում տիրապետել իրավիճակին: Հետագա փոխհակասող քայլերը Բաքվի կողմից նույն տրամաբանության մեջ են երեւում, եւ դա չափազանց վտանգավոր է:



Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ