Ի գիտություն Հրանտ Բագրատյանի

Ի գիտություն Հրանտ Բագրատյանի

Հազվադեպ կարող է պատահել, որ թերթի էջում որեւէ մեկին անուն-ազգանվամբ նշելու, իր խոսքը մեջբերելու եւ հակադարձելու ցանկություն լինի: Բայց Հրանտ Բագրատյանի երեկվա մտքի գոհարներին անկարելի է դիմանալ եւ չարձագանքել:
Ի՞նչ է երեկ «ավետել» Հայաստանի երբեմնի վարչապետը: Պրն Բագրատյանը քանի որ իրազեկ է միջուկային զենքի մահաբեր հնարավորություններին եւ Հայաստանի ատոմակայանի գործարկումն էլ իր օրոք է իրականացվել, ինժեների կամ տնտեսագետի իր մտածողությամբ եզրակացրել է եւ ի լուր աշխարհի երեկ հայտարարել, թե Հայաստանը կարող է եւ պետք է միջուկային զենք ստեղծի եւ դրանով Թուրքիայից ու Ադրբեջանից պաշտպանվի:



Նախ ոչ մի զինատեսակ ինքնին, նույնիսկ զենքի արսենալ չի կարող որեւէ երկիր պաշտպանել: Երկրի պաշտպանվածության համար բազմաթիվ բաղադրիչներ են պետք, բայց ամենից առաջ եւ ամենից հետո` ճիշտ ռազմա-քաղաքական դաշինքում գտնվել: Իսկ Հայաստանը այսօր նույն Բագրատյանի եւ իր նմանների «շնորհիվ» երկրագնդի ամենաձախողված ու անկենսունակ դաշինքում է` ՀԱՊԿ-ում, դրանից բխած եւ ապրիլի 2-5-ին այնքան տեսանելի դարձած օրինաչափ հետեւանքներով:
Գալով, թող ներվի ասել` ցնորամտությանը, թե միջուկային ռումբերը կամ մարտագլխիկները կարող են հարցեր լուծել, ապա պրն Բագրատյանին, նաեւ տեխնիկական կրթությամբ ու մտածողությամբ միջազգային հարաբերությունների ու քաղաքականության մասին դատողություններ անող այլ անձանց արժե հուշել, որ եթե Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց թվում են ինչ-որ երկգլխանի հրեշ, որի դեմ միջուկային զենքով կկարողանան պայքարել, իրականում այդ հրեշը երեք գլուխ ունի: Երրորդ գլուխը` Պակիստանն է, որն արդեն ունի միջուկային զենք:



Այո, կատարելապես ձախողված, աղքատ, ահաբեկչական, մոտ 140 միլիոն բնակչությամբ այդ պետությունը, որ 1948-ին հիմնադրվելուց ի վեր պատերազմում է Հնդկաստանի հետ, այդ դիմակայության կոնտեքստում 1970-ականներից աշխատել է միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Հայտնի է, որ միջուկային ծրագիրը նախաձեռնած իրենց նախագահը ասել է. «Մենք պետք է միջուկային զենք ստեղծենք, նույնիսկ եթե հարկադրված լինենք դրա համար խոտով սնվել»: Երկու-երեք տասնամյակ միայն խոտով են սնվել, թե էլի ինչ-որ բանով, չգիտեմ, բայց զենքեր ստեղծել են, 90-ականների վերջին մի քանի փորձարկումներ են կատարել եւ ըստ հրապարակային տվյալների այսօր հարյուրից ավելի միջուկային մարտագլխիկներ ունեն:



Ահա այդ տհաճ պետությունը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, մեզ հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, փոխարենը Թուրքիայի եւ Ադրբեջանի արյունակից դաշնակիցն է, եւ այս օրերին էլ մի տեղ կարդացի (չգիտեմ` ճիշտ էր, թե հորինվածք) իբր Ադրբեջանում Պակիստանի դեսպանը հայտարարել էր, թե իրենք կկանգնեն Ադրբեջանի կողքին Հայաստանի հետ բախման դեպքում: Ադրբեջանի համար մեծ տարբերություն չկա Թուրքիայի եւ Պակիստանի միջեւ: Հետեւաբար միջուկային թեմաներով ֆանտասմագորիաների մեջ ընկնելիս արժե նախ արդեն միջուկային զենք ունեցող երկրներին նայել: Հայաստանը եթե նույնիսկ տեխնիկապես ի զորու լինի միջուկային զենք ստեղծել, դա կարող է քաղաքականապես ավելի շատ խնդիրներ ծնել, քան լուծումներ կապահովել:



Ի դեպ, կարծում եմ, պրն Բագրատյանը չի կասկածի, որ Ճապոնիան կամ Հարավային Կորեան անհամեմատ մեծ գիտական եւ արդյունաբերական հնարավորություններ ունեն միջուկային զենք ստեղծելու, քան Հայաստանը: Բայց նույնիսկ այն պարագայում, երբ Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռները երկու օրը մեկ արձակվում են իրենց ուղղությամբ եւ Փխենյանը օրնիբուն իր կիսապատրաստ միջուկային զենքերն է կատարելագործում, ոչ Ճապոնիան, ոչ Հարավային Կորեան միջուկային զենք ստեղծելու մասին չեն մտածում, քանի որ իրենց պաշտպանությունը երաշխավորված է ռազմա-քաղաքական դաշինքով:
Բոլորովին վերջերս եղավ այդ խոսակցությունը, երբ ԱՄՆ նախագահի հավակնորդ Դոնալդ Թրամփն իրեն հատուկ տխմարությամբ հայտարարեց, թե ճապոնիան եւ Հարավային Կորեան ի վերջո պետք է սեփական միջուկային զենքը ստեղծեն եւ իրենց պաշտպանեն: Թե Տոկիոյից, թե Սեուլից անմիջապես տարակուսած հարցրեցին` այս ի՞նչ է ասվում: Ճարահատյալ նախագահ Օբաման միջամտեց, թե «Թրամփը միջազգային հարաբերություներից ոչինչ չի հասկանում, նրա խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել»: Թրամփը կարծեմ տնտեսագետ է…



Իսկ վերջում, որպեսզի Հայաստանում մահաբեր զենքերի միրաժներով ոգեւորվողները շատ չհուսահատվեն, բնության պարգեւած տոտալ ոչնչացման զենքեր էլ գոյություն ունեն, այդ թվում՝ Ադրբեջանում: Օրինակ, 70 կմ երկարությամբ եւ 18 կմ լայնությամբ Մինգեչաուրի ջրամբարը: Եթե, զուտ տեսականորեն, որպես հիպոթեզ, հայության առջեւ նման էքզիստենցիալ գոյության հարց կանգնի, երբ կարելի էր նույնիսկ միջուկային զենքի գործադրման մասին մտածել, ապա միջուկային զենքից ավելի արդյունավետ Մինգեչաուրի ջրամբարը կարող է կործանվել, եւ Ադրբեջանը մինչեւ Կասպից ծով մի քանի ժամում ջրային ավազանի վերածել, որտեղ չի վերապրի ոչ ոք ու ոչինչ: Մեծ հաշվով, Ադրբեջանի համար առանց միջուկային զենքի էլ կարելի է ապոկալիպսիս ստեղծել, ուղղակի դա առողջ մտածողության ուղղություն չէ: Եվ այդ կարգի մտավարժանքներով պետք չէ զբաղվել, առավել եւս` բարձրաձայնել:

Լուսինե Պետրոսյան