Սերժ Սարգսյանն ինքն իրեն հակասում է

Սերժ Սարգսյանն ինքն իրեն հակասում է

Ստորեւ 3 մեջբերում է վերջին 3-4 ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանի 3 պաշտոնական ելույթներից. 



ՀՀ նախագահի պաշտոնական կայք. 2015թ. դեկտեմբերի 18-ին «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ-ում …Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձեւերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակի գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը»:



ՀՀ նախագահի պաշտոնական կայք. 2016 թ. մարտի 21-ին «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ներկա գտնվելով ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին… ասել է. «Տարեվերջին ՀՀ Զինված ուժերն ստացան որակապես նոր սպառազինություն եւ հետագա մատակարարման երաշխիքներ: Էլ ավելի կարեւոր է, որ մշակել եք, ձեր օգտագործած եզրույթով՝ «զինված դիմակայությունը զսպելու» նոր հայեցակարգ: Կարծում եմ՝ օգտակար կլինի օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացնել պաշտպանության նախարարության մոտեցումները տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի եւ երկրի անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների կատարման նկատմամբ»:



6 ապրիլի 2016թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով սպառազինությունների մասին հարցին, ասել է. «…Այո, մենք կռվում ենք հիմնականում 1980-ական թվականների զենքով, բայց այս 3 օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, եւ ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, ու մենք ինչքան կորուստներ ունենք»:



Ի՞նչ է ստացվում. 2015-ի դեկտեմբերին Հայաստանն ուներ ոչ ավել, ոչ պակաս` «գերժամանակակից զենք», որը կարող են ունենալ, դիցուք, G7-ի երկրները: Մի երկու ամիս անց՝ մարտին, արդեն ունեինք «որակապես նոր սպառազինություն», ինչպես, հավանաբար, ունեն G20 երկրներից որոշները: Երեկ արդեն Սերժ Սարգսյանն արտերկրում, ողջ աշխարհի եւ Ադրբեջանի առաջ հայտարարել է, թե մեր ունեցածն ընդամենը մեկ դար առաջվա` 1980-ականների զենք է:



Այժմ հարց է ծագում․ ինչի՞ն հավատանք, որ մենք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նման «գերժամանակակից» զե՞նք ունենք, թե՞ որ աֆրիկացիների կամ քրդական փեշմարգայի օրին ենք: Ե՞րբ է Սարգսյանը ճշմարտությունն ասել։



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ