Նախատեսված է խաղաղապահ ուժերի տեղակայում ԼՂՀ-ում (Մինսկի համանախագահների ասուլիսը)

Նախատեսված է խաղաղապահ ուժերի տեղակայում ԼՂՀ-ում (Մինսկի համանախագահների ասուլիսը)

Քիչ առաջ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների մամլո ասուլիսը Երևանում: Համանախագահներն ընդամնեը 18 րոպե շփվեցին լրագրողների հետ: Նախ ելույթ ունեցավ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, ով հատուկ ընդգծեց, որ իրենք հանձնարարություն չունեն քննելու, թե ով է առաջինը խախտել հրադադարի պայմանավորվածությունը. «Ուզում եմ ընդգծել, որ մեր հսկողության տակ չի եղել քննություն անցկացնել, թե ով է առաջինը սկսել, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար: Մեր հիմնական խնդիրը կայանում էր նրանում, որպեսզի օգնենք երկրներին ստաբիլիզացնել իրադրությունը, ինչպես նաև գործողություններ իրականացնել ուղղված նրան, որ ռազմական գործողություններ տեղի չունենան: Ընդհանուր եզրակացությունը մեր հանդիպումներից հետո այն է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում պահպանել հրադադարը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկուշաբթի օրը Մոսկվայում»: Իգոր Պոպովը հայտնեց, որ իրենք մոտ մեկ շաբաթ կշարունակեն հանդիպումներ ունենալ մայրաքաղաքներում, իսկ հետո նորից կհանդիպեն և եթե կարիք լինի, կլինեն նաև Ղարաբաղում:



Հարցին, թե Մինսկի խումբն ինչ առաջարկությունների փաթեթ է քննարկում այս պահին հաշվի առնելով այն, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն հայտարարել էր, որ Մոսկվան նոր առաջարկներ ունի, Իգոր Պոպովը պատասխանեց. «Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է՝ այսպես կոչված «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Կան համանախագահների առաջարկությունները, որոնք քննարկվել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են հակամարտության կարգավորման երեք սկզբունքների ու վեց տարրերի վրա: Ուզում եմ հիշեցնել, որ սկզբունքները հետևյալն են՝ ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն: Վեց հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ խոսքը տարածքների վերադարձն է և Ղարաբաղի ստատուսի կարգավորման հարցը: Հենց այս մասին է խոսք գնացել, այսպես կոչված «Լավրովյան փաստաթուղթը»: Կա նաև փախստականների վերադարձի հարց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի կարգավիճակի հարց, որտեղ էլ պետք է լինի խաղաղապահների գործունեություն: Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում լինի վերջնական կարգավորման փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»: