Մեր դաշնակիցը մեզ զենք պիտի անհատույց տա

Մեր դաշնակիցը մեզ զենք պիտի անհատույց տա

Խորհրդային Միությունը ղեկավարող քաղբյուրոն (Գորբաչով, Ալիեւ, Շեւարդնաձե, Սուսլով, Ռաշիդով, Կունաեւ եւ այլք, ինչպես այժմյան Նուրսուլթանները) ղարաբաղյան պրոբլեմը կամ տակով է արել, կամ, լավագույն դեպքում, հավասարության նշան դրել: Հիմա, երբ լսում եմ ՕԲՍԵ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային այլ կառույցների հայտարարությունները, ճիշտ եւ ճիշտ խորհրդային ժամանակներն եմ հիշում: Միթե այս 25 տարում ոչինչ չի փոխվել: Կարծես մոռացվել է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հավասարության այդ նժարը, թացն ու չորն իրար խառնելը սկզբում քանդեց Բեռլինի պատը, հետո` Խորհրդային Միությունը: Եթե միջազգային հանրությունն այսպես շարունակի եւ չճանաչի Ղարաբաղի 22-ամյա դե ֆակտո անկախությունը, ապա Սիրիայի այսօրվա տաք ճգնաժամը դրա դեմ գլուխը քարով է տվել:



Ափսոս, որ այն ժամանակվա հաղթանակը չամրագրվեց 1994 թվականի Բիշքեքի հրադադարի փաստաթղթում, եւ մտահոգված եմ, որ նույնը կարող է կրկնվել հիմա, իսկ պրոբլեմի սառեցումը հանգած հրաբխի է նման: Ներկա պայթյունավտանգ այս պարագայում մեր դաշնակիցը, ուժերի բալանսը կարգավորելու համար, մեզ ոչ թե փողով կամ կես գնով պիտի զենքը տա, այլ` անհատույց: Ինչո՞ւ: Որովհետեւ Հայաստանն ու Արցախը, հայ հերոս զինվորը թուրքական էքսպանսիայից, դահիճից կամ, այսպես կոչված, մուսուլմանական պետությունից Ռուսաստանի հարավային սահմանն են պահում: Եթե չհասկանալու են տալիս, ապա պիտի գիշեր-ցերեկ հասկացնել:



1918 թվականին, երբ ռուսական զորագունդը Կովկասյան ռազմաճակատից վերադառնում էր հեղափոխական Ռուսաստան, Շամախիի մոտակայքի բաց դաշտում թուրք-թաթարները ճաշկերույթ էին կազմակերպում: Գետնին երկար, շատ երկար սուփրաներ էին փռում, իսկ զինվորները հրացանները ցից, խաչուփաչ արած՝ մի կողմ էին դնում: Մի որոշ ժամանակ անց թուրք-թաթարները` այսօրվա ադրբեջանցիները, հենց ռուսական զենքով, նրանց ճաշի սեղանն արյան ծովի վերածեցին: Կասկած չունեմ, որ եթե գա պահը, թուրք-թաթարները` Ադրբեջանը, նույնն անելու են նաեւ այսօր: 



Եզրահանգում: Տարածաշրջանում ուժի բալանսը կարգավորելու, խաղաղությունը պահպանելու համար մեր ռազմավարական ընկերը` Ռուսաստանը, հայկական բանակին ժամանակակից զենքը ոչ թե փողով, այլ անհատույց պիտի տա:



Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ