Վտանգավորը ոչ թե Լավրովի այցն է, այլ ռուս-ադրբեջանական ծրագիրը

Վտանգավորը ոչ թե Լավրովի այցն է, այլ ռուս-ադրբեջանական ծրագիրը

Իշխանության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվեցին մեկնաբանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ապրիլի 21-22-ի այցը Հայաստան։ Հրաժարվողներից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը բացատրեց, որ հիմա չի ուզում ոչինչ ասել այս թեմայով, քանզի շատ նուրբ թեմա է, առանց այդ էլ համացանցը, ըստ նրա, ողողված է շեղված տեղեկատվությամբ, ուստի թող Լավրովը գա-գնա, հետո կխոսի։ Նույն հանձնաժողովի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ, երբ ներկայացանք, որ լրագրող ենք, սկզբում ասաց, որ լսում է, պատրաստ էր պատասխանել, բայց Լավրովի անունը լսելուն պես նրա մոտ հանկարծ «դրսից հյուրեր հայտնվեցին», ու նա խնդրեց մեկ օր հետո խոսել, քանզի չի կարող «շատ կարեւոր հյուրերին» սպասեցնել։



ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ Լավրովի մասին մեր հարցը լսելուց հետո միանգամից հայտնվեց «ռադիոռազվեդկայի զոնայում» ու վախեցավ, որ թշնամին կլսի մեր խոսակցությունը։ Այն խոսակցությունը, որը, որպես հարցազրույց, հրապարակվելու էր, եւ հատուկ «ռազվեդկայի» կարիք չկար, որ լսեին, եւ ոչ մի պետական գաղտնիք էլ չէր պարունակելու։ «Ես հիմա ռադիոռազվեդկի զոնայում եմ, չեմ կարող խոսել, դու էլ նման հարցեր մի տուր։ Երբ որ դուրս կգամ էստեղից, կգամ Երեւան, կխոսենք, Շամշադին եմ հիմա»,-ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե ում զանգում ենք՝ ամեն մեկը մի պատճառաբանությամբ չի մեկնաբանում, Մելիքյանն անկեղծացավ. «Լավ են անում... ոչ թե պատճառաբանությամբ չեն ուզում, ես քեզ պարզ ասացի՝ ես որտեղ եմ»։ Մենք հիացանք պարոն Մելիքյանի հայրենասիրական գաղտնապահությամբ։



Նշենք, որ ռուսական մամուլում արդեն շրջանառվում է լավրովյան այցի բուն նպատակը՝ այն առաջարկությունների փաթեթը, որ դրվելու է մեր իշխանությունների առջեւ։ Ըստ այդմ, Լավրովի ձեռքով Մոսկվան առաջարկ է ուղարկում Երեւան. ըստ ռուսական հեղինակավոր պարբերականների, իրականում դա լինելու է Մադրիդյան սկզբունքների «արդիականացված տարբերակը», որը նաեւ «Կազանյան փաստաթուղթ» անունն է ստացել։ Դա իրենից ներկայացնում է Ադրբեջանին տալ բուֆերային գոտու 5 շրջան, փախստականների վերադարձ, խաղաղության պայմանագրի ստորագրում, խաղաղապահ ուժերի տեղակայում: «Իսկ ԼՂ կարգավիճակի մասին, ակնհայտ է, որ այս փուլում խոսք գնալ չի կարող, քանի որ կողմերից մեկի օգտին յուրաքանչյուր որոշման պարագայում մյուս կողմը երես կթեքի Ռուսաստանից: Իսկ դա Ռուսաստանի շահերից չի բխում»,-այսպիսի տեսակետ է հայտնել ռուսական «Независимая газета»-ն։



«Ժառանգության» նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ այս առումով ասաց. «Դա պարզապես Մադրիդյան սկզբունքներից վերցված մի քանի խնդիրներ եւ սկզբունքներ են, դրանք դասավորված են ըստ ցանկալի հերթականության, այն հերթականության, որով Ռուսաստանը փորձում է սիրաշահել Ադրբեջանին, այսինքն՝ ամբողջ պլանը սա է։ Մադրիդյան այն 6 խնդիրներն ու 3 սկզբունքները, որ կան, դրանցից պարոն Լավրովն ընտրել է այն, ինչն ամրագրել են Ադրբեջանի հետ պայմանագրում։ Դա վերաբերում է տարածքների վերադարձին, փախստականների բնակեցմանը եւ խաղաղապահների տեղակայմանը»։ Իսկ որոշիչ կարո՞ղ է լինել Լավրովի այցը, թե՞ ոչ։ Սաֆարյանը թերահավատություն ցուցաբերեց. «Ըստ էության՝ մեր կողմից առաջինը դրվելու է Ղարաբաղի ճանաչման հարցը, բնականաբար, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը չի ընդունելու, հետեւաբար, այս այցի պլանն էլ դատապարտված է տապալման»։



ԱԱԾ նախկին ղեկավար, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանն էլ Լավրովի կապակցությամբ խնդրեց ամրագրել հետեւյալը. «Վտանգավորը եւ սպառնալիքը ոչ թե Լավրովի այցն է, այլ ռուսական ծրագիրը, որն իրականացվում է Ադրբեջանի հետ արդեն վաղուց։ Այսինքն՝ վտանգավորը ռուս-ադրբեջանական՝ վաղուց նախապատրաստված եւ արդեն գործողության մեջ դրված ծրագիրն է»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ